Գործընկերները դառնում են մոլորյալնե՞ր

02/07/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Մինչեւ սեպտեմբեր: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերով` սա է այն ողջամիտ ժամկետը, որի ընթացքում իշխանությունները կարող են կողմնորոշվել:

Հակառակ դեպքում` իրենց օրակարգում սեպտեմբերից կմնա միայն մեկ պահանջ:

«Սերժ Սարգսյանի եւ իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը»,- հունիսի 30-ին հրավիրած հանրահավաքում հայտարարեց ՀՀ առաջին նախագահը:

Լ.Տեր-Պետրոսյանն այս անգամ արդեն երկխոսության գնալու համար կոնկրետ պահանջ ներկայացրեց իշխանություններին` ներկայացնել հրամանագրով հաստատված պատվիրակություն, որի հետ էլ կբանակցի Կոնգրեսի պատվիրակությունը: Հակառակ դեպքում Կոնգրեսը «դռնեդուռ ընկնելու եւ տունտունիկ խաղալու» ցանկություն չունի: Հիշեցնենք, որ վերջին քաղբանտարկյալներին ազատելուց հետո մոտ մեկ ամիս առաջ Կոնգրեսը հինգ հոգանոց պատվիրակություն ներկայացրեց իշխանությունների հետ բանակցելու համար: Ակնկալվում էր, որ համապատասխան քայլ կանեն նաեւ իշխանությունները: Սակայն նախագահ Սերժ Սարգսյանը երեք շաբաթ հետո հայտարարությամբ պատասխանեց, թե ընտրությունների, տնտեսական եւ այլ ոլորտներին վերաբերող հարցերն ընդդիմությունը կարող է քննարկել համապատասխանաբար` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հետ: Սա նշանակում էր, որ ընդդիմադիրները բանակցությունների ընթացքում պետք է գնան խորհրդարան, կառավարություն, նախագահական, կամ շրջեն այլ գերատեսչություններով: Այդպիսով` Ս.Սարգսյանն արտաքուստ չմերժելով երկխոսության առաջարկը, կարծես թե ձգձգեց դրա իրականացումը: Եվ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանությունների կողմից այդքան հաճախ բարձրաձայնվող երկխոսության գործընթացն այդպես էլ տեղի չի ունենում: Իսկ ընդդիմությունն էլ նպատակահարմար չի համարում այն իրականացնել Ս.Սարգսյանի առաջարկած տարբերակով: Ի՞նչ են մտադիր անել այս անգամ իշխանությունները, կամ ինչպե՞ս են վերաբերվում Կոնգրեսի` արտահերթ ընտրությունների անցկացման կամ նախագահի հրաժարականի մասին պահանջներին: Կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց Երկիր» կուսակցություններից այս օրերին ընդդիմության պահանջների կամ երկխոսությանը վերաբերող հարցերի շուրջ գրեթե անհնար է պատասխան ստանալ: ԲՀԿ-ն առայժմ ձեռնպահ է մնում այդ հարցերի հետ կապված կոնկրետ դիրքորոշում արտահայտելուց: Սպասում է, թե ինչ զարգացում կունենա առաջին եւ գործող նախագահների թիմերի միջեւ հավանական երկխոսությունը: Այս ողջ ընթացքում ԲՀԿ-ն կեսբերան ընդամենը ողջունել է այդ գաղափարը: Իսկ ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա այդ կուսակցությունից առանձին մեկնաբանություն կամ քայլ նույնիսկ պետք էլ չէ ակնկալել, քանի որ այդ ուժն ու իր ղեկավար Արթուր Բաղդասարյանը ՀՀԿ-ից ու Ս.Սարգսյանից տարբերվող դիրքորոշում չեն կարող ունենալ: Այս դեպքում արդեն պատասխան հայտարարությունները պետք է հնչեն Հանրապետական կուսակցությունից: ՀՀԿ մամլո խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը նախ զարմանալի ու անլուրջ համարեց օրենսդիր, գործադիր մարմինների եւ նախագահի աշխատակազմի ղեկավարների հետ քննարկումները Կոնգրեսի կողմից «դռնեդուռ ընկնել» համարելը: Նա զարմանալի համարեց, որ նման բան է ասում ՀՀ առաջին նախագահը: Ավելացրեց, թե Հայաստանի քաղաքական իշխանություններն ու Ս.Սարգսյանը պատրաստ են ամեն ինչ անել, որ մեր երկրում խնդիրները լուծվեն բացառապես երկխոսության ճանապարհով:

Իսկ ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին եւ Ս.Սարգսյանի հրաժարականին, ապա Է.Շարմազանովի խոսքերով` Կոնգրեսը 3-3,5 տարի առաջ էլ էր դա պահանջում: Եվ նա կարծում է, որ ՀԱԿ-ը ոչ թե ուզում է գնալ երկխոսության եւ խնդիրներ լուծել, այլ` ավելի շատ աղմկել` հասարակության դժգոհ էլեկտորատից դիվիդենտներ շահելու ակնկալիքով: «ՀԱԿ-ի մեր գործընկերները մեզ առաջարկում են կողմնորոշվել: Մենք եւս մեկ անգամ նրանց հիշեցնում ենք, որ իշխանությունը նախագահի գլխավորությամբ, ի տարբերություն որոշ մոլորյալների, շատ լավ կողմնորոշված է եւ հստակ ամեն ինչ անելու է, որ մեր երկրում քաղաքական պրոցեսները բացառապես լինեն երկխոսության, համագործակցության եւ կառուցողականության շրջանակներում»,- ասում է Է.Շարմազանովը:

Վերջինս չհամաձայնեց այն դիտարկման հետ, թե ընդդիմության հետ երկխոսությունը կամ բանակցությունները գործնական փուլ չեն մտնում նույն նախագահի պատճառով: «Ես չեմ կիսում այդ կարծիքը, որովհետեւ նախագահը պատասխան տվեց, թե ՀՀԿ-ն պատրաստ է ՀԱԿ-ի կառուցողական, առողջ առաջարկները հնչեցնել ԱԺ-ում: Ետխորհրդային այդ ո՞ր շրջանում եւ ո՞ր երկրում կա նման բան, որ իշխող կուսակցությունը արտախորհրդարանական ընդդիմությանն ասի, թե պատրաստ են նրա առաջարկները հնչեցնել խորհրդարանում: Իրենց կողմից առաջ քաշած խնդիրների քննարկման համար էլ ո՞ւր պետք է գնա ընդդիմությունը, եթե ոչ` կառավարություն կամ խորհրդարան: ԱԺ նախագահն ու վարչապետը պատրաստ են լսել նրանց: Եվ նրանք օժտված են օրենքով սահմանված լիազորություններով, ունեն օրենքով սահմանված վստահության մանդատ, մինչդեռ Կոնգրեսի պատվիրակները վստահության մանդատ ունեն իրենց ղեկավարի կողմից»,- ասում է Է.Շարմազանովը:

Այնուամենայնիվ, հնարավո՞ր է, որ ընդդիմության` վերը նշված պահանջներից հետո Ս.Սարգսյանը նորից Կոնգրեսին պատասխան տա եւ ավելի կոնկրետ քայլեր անի` բանակցային ավելի կոնկրետ ֆորմատ կամ պատվիրակություն ներկայացնի: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀԱԿ անդամ Արամ Սարգսյանը վստահություն էր հայտնել, թե Ս.Սարգսյանն իրենց կրկին կպատասխանի: Նախօրեին հանրահավաքում էլ նման վստահություն հայտնեց Լ. Տեր-Պետրոսյանը: «Նախագահը ուշադիր հետեւում է ներքաղաքական պրոցեսներին եւ հարկ եղած դեպքում իր վճռական խոսքն ասում է: Ես լիազորված չեմ նրա փոխարեն պատասխանել: Միայն կարող եմ փաստերի հիման վրա իմ դիտարկումն անել, որ այս տարիների ընթացքում չի եղել մի կարեւոր իրադարձություն, որին նա չանդրադառնա»,- ասում է Է.Շարմազանովը:

Ավելացնենք նաեւ, որ Լ.Տեր-Պետրոսյանը հունիսի 30-ի հանրահավաքի ժամանակ նաեւ վստահություն հայտնեց, թե որքան էլ մեր իշխանավորները համառեն ու փորձեն ժամանակ ձգել, միեւնույն է, նրանք վաղ թե ուշ կանգնելու են արտահերթ ընտրություններ անցկացնելու հարկադրանքի առջեւ: «Իշխող վարչախումբը մինչ այժմ կորցրել է Հայաստանի ներքաղաքական մթնոլորտի առողջացման, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման եւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում սեփական դիրքերի ամրապնդման երկու պատեհություն` մեկը 2008թ. ապրիլի 9-ին, Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, մյուսը` 2009թ. մարտի 3-ին, տնտեսական ճգնաժամի կիզակետը խորհրդանշող դրամի փոխարժեքի գահավիժման պահին: Կորցնել նաեւ ներկա պատեհությունը, կնշանակի` սպառել մեր երկրի արժանապատիվ ապագայի կերտման վերջին հույսը: Մաղթենք, սակայն, որ ողջախոհությունը գոնե այս անգամ չդավաճանի վարչախմբի պարագլուխներին, եւ առաջիկա մեկ-երկու ամսում նրանք վերջնականապես կողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում: Հակառակ դեպքում, ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի, եւ մեր օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է` Ս.Սարգսյանի եւ իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը»,- հայտարարել էր Լ.Տեր-Պետրոսյանը: