«Խի՞, էն մարդիկ բանակցելու ձեւ չգիտեի՞ն»

02/07/2011

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի ասելով` հասարակությունը հիասթափված է թե՛ իշխանությունից, թե՛ ընդդիմությունից, ուստի պետք է գա այն գիտակցության, որ միայն ինքն է ի վիճակի երկրում փոփոխություններ կատարել: Ինչ վերաբերում է ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը, ապա նա ասել է. «Ինչո՞ւ է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հիմա հայտարարում, թե սեպտեմբերից կսկսի Սերժ Սարգսյանի հրաժարականի գործընթացը, եթե մինչեւ այդ նրան ու նրա կառավարությանն անվանում էր թաթար-մոնղոլներ: Ինչ է, դա ֆիկցիա՞ էր ու դեռ նո՞ր է գալիս դրան: Դա նշանակում է, որ բանակցությունները գալիս են չարից: Ունես սկզբունքներ, դիրքորոշում, ուրեմն եղիր սկզբունքային մինչեւ կյանքիդ վերջ: Խի՞, էն մարդիկ, ովքեր սկզբունքային էին, որոնք մահանում էին ու հանուն հայրենիքի գնում էին մինչեւ վերջ, իրենք բանակցելու ձեւ չգիտեի՞ն»: Կարապետիչի դիտարկմամբ` սովորաբար բանակցում են ինչ-որ բան կիսելու, ինչ-որ բանի շուրջ պայմանավորվելու համար, եւ «անթույլատրելի է բանակցել մի ուժի հետ, որին դու համարում ես «ավազակապետություն»: Նա երեկ հայտարարել է, թե ՀԱԿ-ն իր հանրահավաքների մարդաշատությունն ապահովելու համար փող է ծախսում, ավտոբուսներով մարդիկ է բերում շրջաններից: Ի դեպ, նա երեկ նաեւ հայտարարել է, թե Լ.Տեր-Պետրոսյանն իրենից է «պլեճ» արել որոշ կարեւոր կետեր: Դիտարկմանը, թե ՀԱԿ առաջնորդը երեք կետ առաջադրեց` քաղբանտարկյալների ազատ արձակում, Մարտի 1-ի գործի վերաքննություն եւ Ազատության հրապարակի տրամադրում` հանրահավաքներ անցկացնելու համար, Տիգրան Կարապետյանը հեգնել է. «Այդ կետերն առաջինը ես դրեցի, ինքն էլ ինձանից պլեճ արեց»: