Երեկ Նյու Յորքի դատարանը ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի նկատմամբ խափանման միջոց սահմանված տնային կալանքը հանելու մասին որոշում է կայացրել: «Ֆրանսպրեսի» փոխանցմամբ` ամերիկյան հյուրանոցներից մեկի սպասուհուն բռնաբարելու փորձի մեջ մեղադրվող Կանն ազատ է արձակվել` պարտավորվելով առաջին իսկ անհրաժեշտության դեպքում դատարան ներկայանալ: Համապատասխան որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Ստրոս-Կանի դեմ հարուցված քրեական գործը կարող է տապալվել: Դրա համար պատճառ էր հանդիսացել քննչական մարմինների այն եզրակացությունը, ըստ որի, տուժողը կեղծ ցուցմունքներ էր տվել: Հիշեցնենք, որ երկու օր առաջ ԱՄՀ նոր ղեկավար է ընտրվել Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդը: