ՀՀ արդարադատության նախարարությունն, արդեն երկրորդ օրն է, համառորեն հրաժարվում է մեկնաբանել իր աշխատակից, փոխգնդապետ Արտակ Ղազարյանի հետ տեղի ունեցած միջադեպը: Ըստ news.am-ի` միջադեպն այդ բավական լուրջ է. Ոստիկանության աշխատակիցները ծեծի են ենթարկել ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման եւ մեթոդոլոգիայի բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ 36-ամյա Արտակ Ղազարյանին, ով լուրջ մարմնական վնասվածքներ է ստացել: Հունիսի 30-ին, ժամը 1:30-ի սահմաններում, Գարեգին Նժդեհ եւ Սեւան փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել Երեւանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների եւ արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի միջեւ: Տվյալ հատվածում կատարվելիս են եղել գծանշման աշխատանքներ, եւ այդ աշխատանքներ կատարողների անվտանգությունն ապահովելու նպատակով նշված հատվածում ՃՈ աշխատակիցները սահմանափակել են երթեւեկությունը: Այդ ընթացքում Honda մակնիշի 01 ՍՍ 055 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Արտակ Ղազարյանը փորձել է նշված հատվածով երթեւեկել: Ոստիկանների եւ վարորդի միջեւ վեճ է սկսվել, որը վերածվել է քաշքշուկի եւ բռնության: Ա. Ղազարյանին բերման են ենթարկել Ոստիկանության Շենգավիթի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխել են Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ: Կայքի փոխանցմամբ` նախարարությունից հրաժարվել են որեւէ մեկնաբանություն հաղորդել իրենց աշխատակցի դեմ կիրառված բռնության մասին: