Ներիր զմեզ զպարտիս մե՞ր…

01/07/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Կառավարությունը հարկային համաներման է գնում։ Ճիշտ է՝ լիարժեք համաներում չէ (պարտքերը ներվելու են մասնակի), բայց էլի վատ չէ։ Ցանկության դեպքում կարելի է այստեղ նախընտրական նպատակներ տեսնել, սակայն, եթե նույնիսկ այդպես է, գործարարները ոչինչ չեն կորցնում։

Նշենք, որ սա առաջին հարկային համաներումը չէ։ 2006 թվականին պետությունը հարկային համաներում հայտարարեց պարտքեր ունեցող անհատ ձեռնարկատերերի համար։ Խնդիրն այն էր, որ հիմնականում օրենքների չիմացության պատճառով՝ փաստացի չաշխատող անհատ ձեռնարկատերերը կուտակել էին մեծ պարտավորություններ, եւ տույժերն ու տուգանքները ձնագնդի պես մեծանում էին։ Ընդ որում, անհատ ձեռնարկատերերի մի ստվար մասը թոշակառուներ էին, ովքեր պարզապես համաձայնել էին իրենց բարեկամների առաջարկին եւ իրենց անունով գրանցվել՝ ընդհանրապես տեղյակ չլինելով, թե ինչ գործարքներ են կատարվում։ Կառավարությունը հնարավորություն տվեց այդ մարդկանց լուծարվել՝ չեղյալ հայտարարելով նրանց պարտավորությունները։ Անհատ ձեռնարկատերերի դաշտը մաքրվեց։

Սակայն ընդհանուր հարկային դաշտի խառնաշփոթը չվերացավ, քանի որ իրավաբանական անձինք՝ փաստացի չաշխատող ՍՊԸ-ներն ու ՓԲԸ-ները մնացին դաշտում։ Այս անգամ որոշել են դաշտը վերջնականապես մաքրել։ Ընդունել են, որ ավելի լավ է փոխզիջման գնալ, քան ռեսուրսներ վատնել փաստացի չգործող ընկերությունների տվյալները մշակելու համար։ ՊԵԿ պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի խոսքով, շուրջ 40 հազար տնտեսվարող սուբյեկտներ արդեն մի քանի տարի հարկեր չեն մուծում եւ հաշվետվություններ չեն ներկայացնում։ 2010թ. հունվարի 1-ի դրությամբ այդ սուբյեկտների կողմից չվճարված հարկային պարտավորությունների ընդհանուր գումարը կազմում է մոտ 200 մլրդ դրամ, որից 100 մլրդ դրամը հարկի մայր գումարն է, իսկ մնացածը` հաշվարկված տույժերն ու տուգանքներն են:

Այժմ կառավարությունը մասնակիորեն ներում է նրանց պարտքերը` «ջրում է» տույժերն ու տուգանքները եւ առաջարկում մուծել միայն մայր գումարը։ Այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք 2010թ. հունվարի 1-ի դրությամբ ունեն չվճարած հարկեր, հուլիսի 4-ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում կարող են դիմել հարկային մարմիններին եւ կնքել հարկային պարտավորությունների մարման ժամանակացույց։ Իսկ նրանց հանդեպ, ովքեր չեն ներկայանա, կսկսվի դատական գործընթաց։ Այս նախաձեռնությունը, ի դեպ, բխում է 2011թ. մայիսին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքից:

Ի՞նչ են սրանից շահում հարկատուները՝ պարզ է։ Նրանք ազատվում են տույժերից ու տուգանքներից, եւ, այսպես ասած, «մաքրվում են»։ Սակայն պետությունն ավելի շատ է շահում։ Նախ բյուջեն կարող է համալրել մի քանի տասնյակ միլիարդ դրամով։ Եվ երկրորդ՝ հեշտացնում է իր գործը՝ տվյալները թեթեւացնելով ու մաքրելով գործունեության դաշտը։ ՊԵԿ-ի կողմից այդ սուբյեկտների ցանկերը մինչեւ հուլիսի 15-ը ներկայացվելու են պետռեգիստրին, որը պարտավոր է 2 ամսվա ընթացքում պատշաճ իրազեկում իրականացնել տնտեսվարողներին: Եթե տնտեսվարողները պաշտոնապես չտեղեկացնեն, որ չեն ցանկանում լուծարվել եւ հաշվառումից դուրս գալ, ապա մեխանիկորեն կհանվեն պետական հաշվառումից: «2012թ. ՊԵԿ-ում հաշվառման մեջ կլինեն միայն գործող սուբյեկտներ»,- ասել է Ա. Ալավերդյանը:

Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ պատմությունը չի կրկնվի, եւ հարկ չի լինի մի քանի տարի հետո նույնպիսի համաներում իրականացնել պարտքեր կուտակած սուբյեկտների համար։ Ըստ էության՝ ոչ մի երաշխիք չկա։

Իհարկե, հիմա բացարձակ ստվերում աշխատելն անհնարին է։ Գրեթե բոլորն էլ գրանցում են բիզնեսը, եւ ստվերային եկամուտը մեծ մասամբ գոյանում է հենց գրանցված բիզնեսի դաշտում։ Պետք է նաեւ նշել, որ չնայած քննադատություններին, հարկային մարմինն աշխատում է ավելի պրոֆեսիոնալ եւ վերջին տարիներին (անգամ ճգնաժամի ժամանակահատվածում) նրան միշտ հաջողվել է կատարել, հաճախ նաեւ՝ գերակատարել բյուջեի մուտքերը։ Օրինակ՝ 2011 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 258.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր՝ 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ապահովելով 10.2% աճ: Այսինքն, հարկերի աճը զգալիորեն գերազանցել է տնտեսական աճի ցուցանիշը։ Եվ, որ առավել ուշագրավ է, Հարկայինի նկատմամբ բողոքներն ու դժգոհությունները հարկատուների կողմից ավելի շատ չեն, քան նախորդ տարի, կամ 2009-ին, 2008-ին։ Այսինքն՝ հարկային մարմինն իր գործը՝ հարկեր հավաքելը, վատ չի կատարում, եւ դա անում է՝ հնարավորինս քիչ ազդելով մարդկանց նյարդերի վրա։

Իհարկե, Հարկայինի աշխատանքն անթերի չէ, հարկահավաքներին ոչ ոք չի սիրում դեռ Տիգրան Մեծի ժամանակներից։ Բայց սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե մեղքը միայն հարկահավաքներինն է։ «Քաղաքացին պետք է հարկերը վճարի նույն զգացմունքով, որով սիրահարն իր սիրեցյալին ծաղիկ է նվիրում»,- այս խոսքերի հեղինակը 18-րդ դարի գերմանացի մտածող Նովալիսն է։ Ընթերցողներից շատերը կծիծաղեն այս պնդման վրա՝ ասելով՝ այս ի՞նչ անիրական ու ռոմանտիկ բան է ասում։ Զարմանալ պետք չէ. Նովալիսը գերմանական ռոմանտիզմի ներկայացուցիչներից էր։ Սակայն նրա ասածի մեջ ճշմարտություն կա։ Մարդը ցանկացել է ասել՝ յուրաքանչյուր ոք պետք է հասկանա, որ հարկեր վճարելով` ինքը նպաստում է իր հայրենիքի շենացմանը։ Եթե մարդը սիրում է իր հայրենիքը, ապա չպետք է ափսոսա նրա համար գումարներ տրամադրել։ Պետք է հասկանա, որ այդ գումարներն ուղղվում են նաեւ իրեն, իր հարազատներին ու ընկերներին։ Նովալիսը ռոմանտիկ էր, սակայն նրա այդ գաղափարը փորձել եւ այսօր էլ փորձում են օգտագործել շատ երկրների կառավարություններ։ Այսինքն՝ բոլորը հասկացել են, որ հարկահավաքման հարցում վարչական, ստիպողական մեթոդները չեն կարող օգնել, եթե մարդը համոզված չլինի, որ իր վճարած հարկերը ծառայում են պետությանն ու այդ թվում՝ անձամբ իրեն։ Զարգացած երկրներում այդ մտածելակերպը վաղուց արմատավորված է։ Իհարկե, այնտեղ էլ կան հարկերից խուսափողներ, սակայն հարկատուների ճնշող մեծամասնությունն ունի այն գիտակցումը, որ ինքն է երկրի տերը, հարկ մուծելով՝ հանդիսանում է իշխանության գործատուն։

Մեր կառավարությունն էլ բացառություն չէ. վարչական մեթոդներին զուգահեռ` մերոնք էլ ձգտում են մարդկանց համոզել, որ հարկ մուծելն իրենց շահերից է բխում։ Օրինակ՝ ՀԴՄ կտրոններով անցկացվող խաղարկությունը չնայած հիմնված է մարդու բնածին էգոիզմի (գումար շահելու ձգտման վրա), սակայն փորձ է արվում «Շահում եք դուք, շահում է պետությունը» կարգախոսով մտածելակերպ փոխել։ Հարկ վճարելու կարեւորությունն ապացուցելու գործում մեր կառավարությունն անգամ պետք եղածից ավելի հեռուն գնաց։ Օրինակ, երբ բարձրացավ վրացական համարանիշով մեքենաների պարտադիր մաքսազերծման հարցը, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց՝ դուք պետք է իմանաք, որ այն մարդիկ, ովքեր շքեղ մեքենաներ են վարում վրացական համարանիշերով, գողանում են ձեզնից, քանի որ չեն վճարում հարկերը։ Մինչդեռ այդ մարդկանց տեսանկյունից՝ լրիվ այլ պատկեր է. պետությունն է գողանում իրենցից, իսկ իրենք ընդամենը ձգտում են թաքցնել ունեցածի մի մասը գողերից։

Ամենամեծ պարադոքսն այն է, որ պետությունը մի կողմից` փորձում է քաղաքացուն համոզել (ոչ թե ստիպել), որ հարկեր մուծի, մյուս կողմից՝ անուղղակիորեն նպաստում է, որ քաղաքացին հարկեր չմուծի։ Օրինակ՝ եթե «Շահում ես դու, շահում է պետությունը» տիպի ակցիաներով կարելի է 10 հոգու համոզել եւ դարձնել օրինապահ հարկատու, ապա Վերահսկիչ պալատի բացահայտումների արդյունքում 10 հազար օրինապահ հարկատուներ կարող են խուսափել հարկերից։ Որքան էլ պետական ամենաբարձր պաշտոնյան քարոզ կարդա, որ հարկերի միջոցով ապահովում ենք մեր սահմանների անվտանգությունը, նպաստ ու թոշակ ենք բաժանում, ՎՊ-ի հրապարակումներն ավելի համոզիչ են։ Ինչպե՞ս մարդը հավատա, որ իր արդար քրտինքով վաստակածի մի մասը կարելի է տալ պետությանը, եթե նույն պետությունը խոստովանում է, որ վազգենխաչիկյանները յուրացնում են իրենց գումարները։

Եվ, եթե ասում ենք, որ ստվերը 40% է, դա ոչ թե նշանակում է, որ գործարարների 40%-ը հանցագործ է եւ թաքցնում է հարկերը, այլ՝ հասարակության 40%-ը չի վստահում պետությանը, կամ վստահում է 60%-ով։ Իսկ անվստահության նման մակարդակի դեպքում մեր հարկահավաքման ոլորտը երբեք չի ձերբազատվի խնդիրներից, եթե անգամ Հարկային կառույցի բոլոր աշխատակիցները դասվեն սրբերի շարքին։