Հունիսի 27-ին ծեծի է ենթարկվել հերթական բժիշկը: Այս անգամ դեպքը պատահել է «Արմենիա» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Հրայր Հարությունյանի հետ: Հունիսի 27-ին, ժամը 16:00-ի սահմաններում բժիշկ Հարությունյանը տուն գնալիս է եղել, երբ հիվանդանոցի բակում նրան է մոտեցել 41-ամյա մի տղամարդ` Արթուր Գասպարյանը, եւ քարով ու բռունցքներով հարվածել բժշկի մարմնի տարբեր մասերին, հատկապես գլխին: Պատճառն, ըստ news.am-ի տեղեկությունների, եղել է Գասպարյանի դժգոհությունը բժշկից, ով, ըստ նրա, լավ չի բուժել իրեն եւ բուժման դիմաց միաժամանակ փող է պահանջել հիվանդի եղբորից ու հորից: Ա. Գասպարյանն աշխատում է որպես վարորդ եւ առողջության վերականգնման ձգձգումը նրան հունից հանել է` ստիպելով դիմել ծայրահեղ քայլի` ծեծել բժշկին: Ըստ որոշ տեղեկությունների` ծեծի հեղինակը եղել է ոչ սթափ վիճակում: Կայքի թղթակիցը փորձեց զրուցել նաեւ Հրայր Հարությունյանի հետ` միջադեպի հետ կապված մանրամասներ ճշտելու համար, սակայն բաժանմունքից հայտնել են, որ նա տեղում չէ` ակնարկելով, որ բժիշկը չի ցանկանում խոսել այդ թեմայով եւ բաժանմունքի աշխատակիցներին հրահանգել է` «բերանները փակ պահել»: Այնուամենայնիվ, կայքին հաջողվել է պարզել, որ բժիշկ Հարությունյանը ստացել է լուրջ վնասվածքներ`գլխուղեղի ցնցում եւ գլխի գագաթային շրջանի սալջարդ եւ այժմ ապաքինվում է: Այս տեղեկությունը հաստատել են նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից` ներկայացնելով միջադեպի հետ կապված որոշ մանրամասներ: Ըստ այդմ` հիշյալ հիվանդանոցից Ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ գլխուղեղի ցնցումով եւ գլխի գագաթային շրջանի սալջարդով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 43-ամյա Հրայր Հարությունյանը: Նա, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Նույն օրը, ժամը 19:15-ին, Ոստիկանության ծառայողները Մարգարյան եւ Ֆուչիկի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 41-ամյա Ա. Գասպարյանին: Նա ինքնախոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 16:00-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի մոտ բռունցքով եւ քարով հարվածել է Հրայր Հ.-ին եւ պատճառել նշված վնասվածքը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գասպարյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Գյումրիի շտապօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանին ծեծելով սպանել էր «հիվանդատեր» 28-ամյա Արտակ Կարապետյանը: