Քանակը որակ է տվել

01/07/2011

Մի խումբ մտավորականներ բաց նամակ են պատրաստել արտագաղթի տագնապալի ծավալների մասին, որն ուղարկելու են վարչապետին եւ Ազգային ժողովի նախագահին: Նրանք ԱԺ նախագահին առաջարկում են բարձրացված խնդրի շուրջ խորհրդարանական լսումներ կազմակերպել, իսկ կառավարությանն առաջարկում են իրավիճակը շտկելու համար «կոնկրետ եւ վստահություն ներշնչող» միջոցառումներ իրականացնել: Նրանց գնահատմամբ` Հայաստանից արտագաղթը հասել է տագնապալի սահմանի: Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի խոսքով` բնակչության արտահոսքն այսօր մեր երկրի ամենակարեւոր խնդիրներից է. «Մեր պատմության մեջ միշտ էլ արձանագրել ենք արտագաղթ, բայց հիմա հասել ենք մի հանգրվանի, որ այլեւս մտավորականներս չենք կարող հանգիստ նայել, թե ինչ է կատարվում»,- ասել է նա` հավելելով, թե չնայած այդ ուղղությամբ «որոշակի քայլեր» արվում են, սակայն դրանք վերջում դառնում են «իմիտացիա», եւ տարեցտարի արտագաղթը ոչ միայն չի նվազում, այլեւ շատանում է: Ավելին, ըստ նրա` սահմանամերձ մի գյուղի գյուղապետ վերջերս իրեն պատմել է, թե ինչպես են գյուղից Ռուսաստան մեկնել միանգամից հարյուր երիտասարդներ: «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանն էլ նկատել է, թե իրենք այս հարցի մասին հիմա են բարձրաձայնում, որովհետեւ արդեն «քանակը որակ է տվել»: «Մենք էլ էն 88-ի ժողովուրդը չենք, սա բազմաշերտ խնդիր է, եւ մենք պետք է մանրամասն քննարկենք»,- ասել է նա: Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանն էլ ասել է, թե իր հայրենի Գավառը դատարկվել է, «տների 40 տոկոսը փակ է», եւ այնտեղ մնացել են միայն ծերերը: Իսկ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն էլ դրանում մեղադրել է հեռուստաալիքներին` ասելով, թե վերջիններս ցուցադրում են լավ կենցաղը` բնակչության մոտ արտագաղթի ցանկություն արթնացնելով: