Ինչո՞ւ է թանկացել մսամթերքը

01/07/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մոտ երկու շաբաթ է՝ երեւանյան մսամթերքի վաճառքի կետերում մսի գինը նկատելիորեն թանկացել է: Այս օրերին տավարի մսի 1 կգ-ն վաճառվում է 2500-2650 դրամով՝ նախկին 2200-2300 դրամի փոխարեն, խոզի միսը՝ 2800-2900 դրամ (չալաղաջը):

Մսամթերքի առեւտրով զբաղվողների փոխանցմամբ՝ մսի գների բարձրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մորթը թանկ է: Ըստ նրանց՝ այժմ գյուղացիներն ավելի թանկ են հանձնում միսը` քան նախկինում: «Առաջ գյուղացիները միսը հանձնում էին 2050 դրամով, մեզ վրա նստում էր 2150 դրամ՝ զինգերից, ճրագուից մաքրելով, հետո միսը նենց բան ա, որ օրվա ընթացքում քաշը պակասում ա: Իտոգում աշխատում էինք 50 դրամի համար, իսկ հիմա մենք միսը վերցնում ենք 2350-2400 դրամով»,- մեզ հետ զրույցում նշեցին Գումի շուկայի մսավաճառները: Վերջիններիս կարծիքով՝ գների բարձրացման բուն պատճառն անասնագլխաքանակի նվազումն է եւ արտահանման մեծ ծավալները: Ըստ մսավաճառների՝ Հայաստանը մսամթերք արտահանում է հիմնականում Պարսկաստան եւ Թուրքիա՝ դրան զուգահեռ` ներկրելով հնդկական գոմեշի միս: Նրանց ասելով՝ արտասահմանից ներկրված մսամթերքի վաճառքի արտոնություններն ավելի շատ են` քան տեղական մսամթերքինը: Ընդ որում՝ մսավաճառները նշում են, որ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության տեսչության ստուգումների ընթացքում «իմպըրտնի» մսամթերքը նույնիսկ չի էլ ստուգվել: «Իմպըրտնի մսերի համար մի լիցենզիան հերիք էր, որ անցնեին»,- ասացին մսավաճառները` կրկին շեշտելով, որ իրենց օգուտը մնում է նույն 50 դրամը: Հարցին, թե կոնկրետ Գումի շուկայում մսամթերքի գների բարձրացումն արդյոք պայմանավորված չէ՞ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ստուգումների պահանջներով, երբ իրենք ստիպված էին որոշակի պահանջների ենթարկվել, այսինքն՝ իրենց կատարած ծախսերը փակելու համար մսի գները բարձրացրել են, մսավաճառները պատասխանեցին. «Եթե Հայաստանում ամեն ինչը թանկացել ա, միսն ինչի՞ պիտի չթանկանար: Նույն գյուղացին էլ ստիպված միսը թանկ ա վաճառում, որ կարողանա ուրիշ բան առնի»: Գյուղատնտեսության նախարարության Անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի ասելով՝ մսամթերքի գների բարձրացումը պայմանավորված չէ անասնագլխաքանակի անկմամբ, ավելին, ըստ նրա` վերջին 2-3 տարվա ընթացքում այս տարի նկատվել է անասնագլխաքանակի աճ: Ա. Հովհաննիսյանի նշած տվյալների համաձայն՝ մեր հանրապետությունում գրանցվել է մոտ 1500 գլուխ տավարի, 24.000 գլուխ ոչխարի եւ մոտ 3000 գլուխ խոզի անասնագլխաքանակի ավելացում: «Ուղղակի ամեն տարի, երբ սկսվում է արոտային շրջանը, եւ գլխաքանակը տեղափոխվում է արոտավայրեր, անասնատերը դժկամությամբ է կենդանուն սպանդի ենթարկում, ըստ էության՝ ինքը հնարավորություն ունի կենդանուն 4-5 ամիս անվճար, առանց փող ծախսելու գիրացնել՝ արոտավայրի անվճար կերի հաշվին, եւ սպանդի կենթարկի միայն այն դեպքում, երբ փողի կարիք է զգում, կամ կենդանին հիվանդ է՝ ոտքն է կոտրվել: Միայն այդ ժամանակ նա սպանդի կենթարկի կենդանուն»,- ընդգծեց Ա. Հովհաննիսյանը: Նախարարության աշխատակցի փոխանցմամբ՝ մսի գների բարձրացումը կրում է սեզոնային բնույթ, եւ ամեն տարի մայիսի վերջից սկսած մսամթերքի վաճառքի գինը շատ աննշան՝ 7-8 %-ով բարձրանում է: Իսկ գների բարձրացման երկրորդ պատճառը, ըստ Գյուղնախարարության Անասնաբուժության վարչության պետի՝ որոշակիորեն պայմանավորված է նաեւ Գումի շուկայի «պասաժների» զանգվածային փակմամբ: «Գումի շուկան մսի գների հետ կապված հիմնականում ինքն է թելադրում գները, մսի իրացման ամենահոծ զանգվածային կետերն այնտեղ են տեղակայված, երբ դրանք փակվեցին՝ մսի գինը փոքր-ինչ բարձրացավ, հիմա էլ գյուղացին գինը չի իջեցնում»,- ավելացրեց Ա. Հովհաննիսյանը, ում կարծիքով՝ աշնանը մսի գները կրկին կիջնեն: Իսկ օրեր առաջ գյուղատնտես, Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, թե մսամթերքի գնի բարձրացումը պայմանավորված է բացառապես Գումի շուկայի «պասաժների» փակմամբ: «Գլխաքանակը չի ավելացել: Այստեղ ուրիշ պրոցես եղավ. խոսքը վերաբերում է մսավաճառների հետ կապված վերջին դեպքերին: Դա արհեստականորեն բարձրացրեց մսի գները, որ էլ չեն իջնելու»,- ասել էր Հ. Բերբերյանը:

Ինչեւէ, Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ մսամթերքի ապրանքախմբում 2010թ. հունիսի համեմատ 2011թ. հունիսին գրանցվել է` 9%, իսկ 2011թ. մայիսի համեմատ՝ 2,3% գնաճ: Ընդ որում՝ վերջին տվյալը հիմնականում պայմանավորվել է տավարի մսի 5% թանկացմամբ: 2011թ. հունիսին մայիսի համեմատ խոզի մսի գինն աճել է 0,3%-ով, իսկ ոչխարի մսինը՝ 1,3%-ով: Հանրապետության 10 քաղաքներում 2011թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է մսամթերքի 0,2-3,3% գնաճ, իսկ մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 2,9%-ով: Իսկ եթե այս թվերը համեմատենք, օրինակ, մայրաքաղաքի մսամթերքի վաճառքի գներին, տարբերությունները, մեղմ ասած՝ քիչ չեն լինի: Վիճակագրական ծառայության հաշվարկներով՝ տավարի միսը թանկացել է 115 դրամով, մինչդեռ երեւանյան մսամթերքի վաճառքի կետերում տավարի միսը թանկացել է 200-300 դրամով: Ուղղակի հետաքրքիր է վիճակագրական ծառայության, այսպես ասած՝ «կալկուլյացիայի» գաղտնիքը: Դժվար չէ հասկանալ նույն մեթոդով արված հաշվարկները պարենային ապրանքների, բանջարեղենի, մրգերի, կենդանական եւ բուսական յուղերի ապրանքախմբերում: Եվ այսպես՝ 2011թ. հունիսին մայիսի համեմատ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է գների նվազում, ընդ որում՝ 2,9%-ով, ինչին, ըստ վիճծառայության, մեծապես նպաստել է բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբի գնանկումը: Բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում 2011թ. հունիսին 2010թ. հունիսի համեմատ արձանագրվել է 14,6% գնաճ, իսկ 2011թ. մայիսի համեմատ՝ 25,6% գնանկում: 2011թ.. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է ձկնամթերքի, կաթնամթերքի, թվի, հացամթերքի, այլ մթերքի 0,8-0,1 % գնանկում: Սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում 2011թ. հունիսին 2010թ. հունիսի համեմատ գրանցվել է` 11,3%, իսկ 2011թ. մայիսի համեմատ՝ 4,6 % գնաճ: Վերջինս պայմանավորվել է սուրճի 5,8% գնաճով: Կենդանական եւ բուսական յուղերի ապրանքախմբում 2011թ. հունիսին 2010թ. հունիսի համեմատ գրանցվել է` 19,9%, իսկ 2011թ. մայիսի համեմատ՝ 1,3% գնաճ: Հանրապետությունում 2011թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է բուսական յուղի (արեւածաղկի)` 0,1%, այլ յուղերի (հալած յուղ)` 0,4%, մարգարինի 0,8% գնաճ: 2011թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է հրուշակեղենի, ոգելից խմիչքի եւ ծխախոտի, շաքարավազի 0,1-0,3% գնաճ: