«Երբ կնոջս ասում եմ` կհեռանամ քեզանից, առանձնապես չի անհանգստանում: Բայց երբ ասում եմ` կջնջեմ «Ֆեյսբուքի» ընկերներիս ցանկից, սթափվում է եւ խնդրում նման բան չանել»,- սրամտում է մեր արվեստագետներից մեկը: Սոցիալական ցանցերի դերն այնքան է աճել, որ կաս միայն այն ժամանակ, եթե գրանցված ես «Ֆեյսբուքում», «Թվիթթերում», մյուս սոցցանցերում: Հակառակ դեպքում` «խղճուկ» գոյությանդ մասին տեղյակ են լինում միայն մերձավորագույն ազգականներդ:
Սոցցանցերը մի տեսակ լրացնում են ԱԼՄ-ի բացը. սա մի ազատ դաշտ է, ուր կարող է գլխավոր դերում լինել յուրաքանչյուրը: Ըստ տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի` Հայաստանում առաջին տեղում «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցն է. «Երբ «Օդնոկլասսնիկը» բացեց իր վիճակագրությունը, պարզվեց, որ Հայաստանում այցելուների թիվը կտրուկ աճում է: Եթե անցյալ օգոստոսից օրական մոտ 350.000 այցելություն էր գրանցվում, այսօր այդ թիվը մոտ 600.000 է: Ընդ որում` շատերը ցանց են մտնում հեռախոսների միջոցով: Հաջորդն` իր ակտիվությամբ, «Ֆեյսբուքն» է: Այդ ցանցն այսօր ունի մոտ 170.000 ակտիվ օգտվող: «Ֆեյսբուքի» ակտիվությունն այլ բնույթ է կրում. շատերն այդ ցանցում հասարակական շարժումներ են սկսում, քաղաքական գործիչները հայտարարություններ են տարածում»:
– Որքանո՞վ եք հիմնավոր համարում մասնագիտական այն եզրակացությունները, թե ինտերնետից օգտվողների աճին զուգահեռ` նվազում է մամուլի, մյուս ԶԼՄ-ների դերը: Թեեւ ակնհայտ է, որ հաճախ սոցցանցում տեղեկատվությունն անհամեմատ արագ ու օպերատիվ է հայտնվում, քան լրատվամիջոցներում:
– Մի երկու տարի առաջ միանշանա՛կ այդպես էր: Այսօր իրավիճակը փոքր-ինչ փոխվել է. ավանդական ԶԼՄ-ներն արդեն գիտակցել են այդ վտանգն ու հասցրել են ձեւափոխվել. այսօր տպագիր թերթերն ունեն իրենց կայքերը, բլոգները, կան «Ֆեյսբուքում», «Թվիթթերում»: Այդ առումով սոցցանցը դարձել է հարթակ: Այլ հարց է, թե ով է օգտվում այդ հարթակից: Օրինակ` արաբական հեղափոխություններին տվեցին «ֆեյսբուքյան», «թվիթթերյան» անվանումը: Սակայն ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այդ ցանցերում կարծիք ձեւավորողների մեծ մասը լրագրողներն են: Այսինքն` ավանդական լրագրությունը մտել է սոցցանցեր: Եվ քանի որ լրագրողը, ԶԼՄ-ն տեղեկատվություն ստանալու եւ տարածելու առումով ավելի պրոֆեսիոնալ է, այդ դաշտը շատ արագ գրավում են:
– Այսօր օն-լայն կարելի է հետեւել պատերազմի ընթացքին, ահաբեկչական գործողություններին, մահապատիժներին: Շատ են կասկածելի ցանցերը, որոնցից, ինչպես տակավին վերջերս պարզվեց, դեմ չեն օգտվել նաեւ գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչները: Տեղեկատվության այս աստիճանի մատչելիությունն ու անվերահսկելիությունը, այնուամենայնիվ, վտանգավոր չափեր է առնում:
– Սա իրականում շատ լուրջ խնդիր է, որի վտանգավորության աստիճանն ամբողջապես չենք պատկերացնում: Այսօր որոշակի անդունդ կա հայրերի ու որդիների միջեւ: Ծնողներն օգտվում են` մտերիմների հետ սկայպով զրուցելու, միմյանց նամակ գրելու նպատակով: Իսկ երեխաները բարուրից դուրս չեկած` արդեն տիրապետում են համակարգչից օգտվելու գրեթե բոլոր հմտություններին: Իսկ ցանցը զարհուրելի մեծ տեղեկատվական աղբանոց է: Ունենալով իր դրական կողմերը` քաղաքացիական ակտիվություն, եւ այլն, ցանցի մեծ մասը պոռնոգրաֆիա է, դաժանություն: Դեռ ոչ մի պետություն չի հասել այդ խնդրի լուծմանը: Եթե հատուկ ֆիլտրեր դնեն պետականորեն` արգելափակելու նման կայքերը, միանգամից հարց է առաջանում` ո՞ր տեղեկատվությունն ես ֆիլտրելու: Ինչ-որ պահից ֆիլտրումը տանում է գրաքննության: Դրա համար շատ երկրներում սկսում են մանր բջիջներից` ընտանիքներից. սովորեցնում են ծնողներին գոնե տանը ֆիլտր դնել: Այսինքն` ծրագիրը սկսում է հաշվի առնել, որ համակարգչից կարող է օգտվել երեխան, եւ ֆիլտրել նրա համար ոչ անհրաժեշտ կայքերը:
– Դուք նշեցիք հնարավոր վտանգը` գրաքննություն, որը, կարծում եմ, շատ ավելի փոքր վտանգ է, քան այն ինֆորմացիոն աղբը, որով լցվում է մարդկանց ուղեղն ու հոգին:
– Պատկերացրեք` ես նման մի կայքի տեր եմ եւ ապրում եմ Հայաստանում: Դիցուք` կայքում տեղադրել եմ Սադամ Հուսեյնի մահապատժի կադրերը: Պատկերացրեք` իմ սերվերը դրել եմ Կարիբյան ծովում, դոմեյնը գրանցել եմ Մակեդոնիայում: Առաջանում է խնդիր` ո՞ր երկրի օրենքներով իմ գործունեությունը պետք է սահմանափակվի: Իմիջիայլոց` յուրաքանչյուր երկիր ունի սահմանափակումների ի՛ր ցանկը: Օրինակ` ԱՄՆ-ում պոռնոգրաֆիան արգելված չէ: Չինաստանում արգելված են նյութերը Տիբեթի մասին: Չինաստանն ահռելի թափով ֆիլտրում է այդ նյութերը, սակայն, միեւնույն է, մեծ հաջողության հասնել չի կարող. ինչ-որ մի տեղից տեղեկատվությունը տարածվում է:
– Մեր երկիրը ինչ-որ բան ֆիլտրելու փորձ անո՞ւմ է:
– Եկեք առայժմ ֆիլտրելու խնդիրը մի կողմ դնենք: Վերջերս քննարկում կար այս թեմայով: Մի եվրոպացի ասաց. «Ինչո՞վ է ինտերնետն ինձ համար վտանգավոր: Երբ երեխայիս տանը միայնակ եմ թողնում, համոզված եմ, որ հեռուստացույցով չի տեսնի այն, ինչ կարող է տեսնել ինտերնետով»: Այսօր ես նույն բանը չեմ կարող ասել Հայաստանի հեռուստատեսության մասին. հեռուստատեսությամբ երեխաները կարող են հանգիստ տեսնել դաժանություն, էրոտիկ կադրեր մինչեւ ժամը 24-ը: Իսկ դա արգելված է օրենքով: Իսկ հեռուստատեսությունը երեխաներին շատ ավելի հասանելի է:
– Տեղեկատվական համակարգերը թափանցում են նաեւ պետական, առեւտրային կառույցներ: Դրանք դառնում են խոցելի հակերների համար: Մեր պետական համակարգը որքանո՞վ է անվտանգ հակերների հարձակումներից:
– Հայաստանում պետական կայքերի վրա հարձակումներ շատ են լինում: Պետական կայքերն անխնա կոտրում էին ադրբեջանցիներն ու թուրքերը, մինչեւ որ սկսեց կիրառվել Տեղեկատվական անվտանգության հայեցակարգը: Ըստ այդմ` Ազգային անվտանգության ծառայությունը սկսեց վերահսկել եւ պաշտպանել պետական ողջ համացանցի սեգմենտը: Վերջերս եղել են խոշոր հարձակումներ, սակայն մասնավոր կայքերի վրա: Իսկ Պաշտպանության նախարարության կամ մեր երկրի համար ստրատեգիական նշանակության մյուս օբյեկտների կայքերն այնքան լավ են պաշտպանված, որ որեւէ հակերային հարձակում չի կարող դրանք կոտրել:
– «Մոսկվան արցունքներին չի հավատում» հայտնի ֆիլմում հեռուստատեսության օպերատորն ասում է` 20 տարի անց չի լինի ո՛չ թատրոն, ո՛չ կինո, ո՛չ գրականություն, միայն համատարած հեռուստատեսություն: Հնարավո՞ր է այսօր նույն բանն ասել Համացանցի մասին` 20 տարի հետո չի լինի ոչ թատրոն, ոչ կինո… Միայն համատարած ինտերնետ:
– Ես հույս ունեմ, որ թատրոնին դա չի վերաբերի: Սակայն, տեսեք, այդ խնդիրն արդեն օրակարգից կամաց-կամաց դուրս է գալիս: Մեր իմացած ինտերնետն արդեն չկա, ամեն ինչ խառնվել է. հեռուստատեսությունը մուտք է գործել ինտերնետ, ինտերնետը` հեռուստատեսություն: Անգամ հեռախոսներով հնարավոր է դիտել հեռուստատեսային այս կամ այն հաղորդումը, օգտվել ինտերնետից: Այսինքն` ամեն ինչ այնպես է միաձուլվել, որ 20 տարի հետո կլինի լրիվ այլ բան` այլ անվանումով: