Էլեկտրաէներգիա՝ թռչնաղբից

10/11/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Մաքս» կոնցեռնը նորվեգական «Վեկստ» հիմնադրամի հետ միասին նախատեսում է Կոտայքի մարզում Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում կառուցել կենսագազի գործարան, որտեղ իրականացվելու է թռչնաղբից կենսագազի օգտահանում, նաեւ` էլեկտրաէներգիայի եւ պարարտանյութի արտադրություն: 21 տարի տեւող այս ծրագիրը պահանջում է մոտ 3 մլն դոլարի ներդրում, որի մեծ մասը կատարելու է «Մաքս» կոնցեռնը: Գործարանն օրական մշակելու է մոտ 220 տոննա հեղուկ բնական կենսաթափոն, արդյունքում ստանալու է տարեկան 75-80 հազար տոննա հեղուկ եւ 10 հազար տոննա պինդ պարարտանյութ: Ավելացնենք, որ Հայաստանը ներկրում է մոտ 60-70 հազար տոննա «Սելիտրա» կոչվող պարարտանյութ: Գործարանը թռչնաղբի վերամշակելուց ստանալու է նաեւ 1,5 մգվտտ հզորությամբ 5843 կվտ/ժ էլեկտրաէներգիա: Այս ծրագրի իրականացումը շատ կարեւոր է տարեկան մոտ 67.000 տոննա մեթան գազի արտանետման, ինչպես նաեւ` թռչնաղբի թափոնի կրճատման տեսակետից: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ Երեւան մտնող մայր ջրատարի վթարը եւ խմելու ջրի աղտոտումը կապում էին «Արզնի» թռչնաբուծական ֆերմայի կողմից թափած աղբի առաջացրած խցանումների հետ:

«Մաքս» կոնցեռնի տնօրեն Արմեն Վալյանի ասելով` այս նախագիծն իրականացվում է Հայաստանում 2005թ. փետրվարին ուժի մեջ մտած Կիոտոյի արձանագրության շրջանակներում: Գործարանը նախատեսվում է կառուցել 9 ամսվա ընթացքում եւ շահագործման հանձնել 2006թ. վերջին: Այս ծրագիրը հավանության է արժանացել նաեւ Հայաստանի մյուս թռչնաբուծական ֆերմաների կողմից:

«Մենք կանչել ենք բոլորին, ծանոթացրել ենք, ցույց ենք տվել եւ՛ լավ, եւ՛ վատ կողմերը,- ասում է «Մաքս» կոնցեռնի նախագահ Խաչիկ Մանուկյանը: -Բոլորն էլ հավանել են: Մեր ծրագրի հաջող իրագործումից հետո, մյուս ֆաբրիկաներն էլ հավանաբար կկառուցեն նմանատիպ գործարաններ: Միայն էլեկտրաէներգիա արտադրելով` գործարանն իր ներդրումները 7-8 տարվա ընթացքում հետ է բերելու»: