Ուժային լուծման դեպքում հաղթողներ չեն լինի,- «Արմինֆո» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատո

01/07/2011

– Ի՞նչ եք մտածում երկրի իշխանությունների կողմից ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի կատարմանը նպատակաուղղված ջանքերի մասին: Ինչպե՞ս են իրականացվում բարեփոխումները պաշտպանական ոլորտում:

– Մենք ՆԱՏՕ-ում նոր ենք միայն ավարտել Հայաստանի կողմից Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի կատարման ընթացքի գնահատումը, եւ մեզ մոտ չափազանց դրական գնահատական է ձեւավորվել: Հայաստանի կառավարությունը մի շարք կարեւոր քաղաքական միջոցառումներ է ձեռնարկել բարեփոխումներ իրագործելու համար: Մոտ ապագայում մենք կհանդիպենք ՆԱՏՕ խորհրդում նախարարների մակարդակով, եւ ՀՀ-ի նախարարները կարող են ընդունել այդ գնահատականները: Մենք նաեւ անհամբերությամբ սպասում ենք, որ առաջիկա երկու տարում կարող ենք ստույգ պատասխան տալ, թե մենք ինչ ենք անում Հայաստանում:

– Արդյո՞ք Դուք կարծում եք, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման ինչ-որ փուլում Հայաստանը Դաշինքին անդամակցելու ցանկություն կհայտնի: Եվ այդ դեպքում ինչպե՞ս կլուծվի ՀԱՊԿ-ի հետ շահերի հակասությունը, որի կազմում Հայաստանն ընդգրկված է:

– Վերջին 10 տարվա փորձը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի հետ լավ փոխգործակցությունը չի հակասում Ռուսաստանի հետ Հայաստանի կառուցողական համագործակցությանը: Եվրոպայի տարածքում կան օրինակներ, երբ երկրները համագործակցում են ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ: Մենք այդ առնչությամբ խնդիր չունենք: Ի դեպ, մենք նաեւ փորձում ենք ռազմավարական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, եւ դրանք բավականին լավ են անցնում, մինչեւ այն աստիճանի, որ մենք քննարկում ենք համագործակցությունը ՀՕՊ համակարգերի հարցում: Ես կարծում եմ, ընդհանուր միտումը լավ հարաբերություններն են եվրոպական գոտու բոլոր անդամների միջեւ, որը ներառում է նաեւ Հայաստանը:

– Արդյո՞ք Դուք կարծում եք, որ ՀՀ-ն կարող է միաժամանակ անդամակցել ինչպես ՆԱՏՕ-ին, այնպես էլ ՀԱՊԿ-ին:

– Այստեղ ընտրությունը Հայաստանինն է, եւ նա, անշուշտ, կարող է համագործակցել մեզ հետ եւ լինել մեկ այլ միջազգային կառույցի անդամ: Այստեղ բացարձակապես ոչ մի խնդիր չկա: Իսկ Դաշինքին անդամակցելու ցանկության կամ դրա բացակայության հարցը կարող է լուծել միայն երկրի կառավարությունն ու ժողովուրդը: Ամեն դեպքում, ես կասկածում եմ, թե այդ հարցը լուծվի վաղը: Ներկայում այն ամենն, ինչ մենք անում ենք, սա է. աշխատում ենք ամրապնդել մեր գործնական համագործակցությունը:

– Կազանում նախագահների հանդիպումը չդարձավ բեկումնային, իսկ ամերիկացիները նույնիսկ հիասթափություն հայտնեցին հանդիպման արդյունքներից: Ի՞նչ եք մտածում Դուք այդ թռիչքների եւ անկումների, հանդիպմանը նախորդած լավատեսության եւ դրան հետեւած հոռետեսության մասին:

– Մենք բոլորս հիասթափված ենք, որ նախագահների Կազանի հանդիպմանը չհաջողվեց էական առաջընթացի հասնել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Կազանի հանդիպումն էական առաջընթացի հասնելու լավ հնարավորություն էր ընձեռում: Շատ ափսոս, որ դա տեղի չունեցավ: Միակ առաջընթաց ճանապարհը դիվանագիտական ուղին է: ՆԱՏՕ-ի դիրքորոշումը չափազանց հստակ է. հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, իսկ ուժի կիրառումը բոլոր կողմերի համար կհանգեցնի ռազմական ներուժի կորստի, ինչպես նաեւ կրախի` քաղաքական եւ տնտեսական բաղադրիչների համար: Ուստի Դաշինքը, ներգրավված չլինելով բանակցությունների գործընթացում, այդուհանդերձ, շարունակում է սատարել բոլոր կողմերին, որպեսզի նրանք ընթանան դիվանագիտական գործընթացի ուղով:

– Հանդիպումից անմիջապես հետո զինվորական շքերթում նախագահ Ալիեւը պարծեցավ, թե իր երկրի ռազմական բյուջեն հավասար է եւ անգամ գերազանցում է Հայաստանի ՀՆԱ-ն: Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում այդ հայտարարությանը եւ սանձազերծված սպառազինությունների մրցավազքին, որն իրենից միանգամայն որոշակի սպառնալիք է ներկայացնում:

– Ես չեմ ցանկանում մեկնաբանել երկու երկրներից որեւէ մեկի քաղաքական ղեկավարների հրապարակային հայտարարությունները, սակայն այն, ինչ մեզ իրոք անհրաժեշտ է, լարվածության թուլացումն է ղարաբաղյան հակամարտության գոտում եւ կենտրոնացումը կշռադատված եւ փոխընդունելի դիվանագիտական լուծում որոնելու վրա:

– Եթե պատերազմ լինի, ապա գործողությունները, հնարավոր է, տեղափոխվեն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ սահման, եւ, հնարավոր է` սպառնան Եվրոպայի անվտանգությանը: Ես ճի՞շտ եմ հասկանում, որ այդ դեպքում ՆԱՏՕ-ն ստիպված կլինի ներքաշվել հակամարտության մեջ:

– Ես չէի ցանկանա շահարկումներ կատարել այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ: Կարող եմ միայն ասել, որ հակամարտությունն անվտանգությանն առնչվող լուրջ ռիսկեր կհարուցի ՆԱՏՕ-ի համար: Անշուշտ, այն զգալի ավերածությունների պատճառ կդառնա տարածաշրջանում, որն ապահովում է էներգապաշարների զգալի մասի մատակարարումը Եվրոպա: Բացի այդ, լուրջ խնդիր կդառնա Դաշինքի մյուս կարեւոր գործընկերների, այդ թվում, օրինակ, Վրաստանի, սակայն` նաեւ Ռուսաստանի համար: Ուստի հակամարտությունում հաղթողներ չեն լինի, ինչպես անմիջականորեն հակամարտության մեջ ներքաշված կողմերի, այնպես էլ մյուս բոլորի շրջանում:

– Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ն չի մասնակցում անդամ երկրների քաղաքական որոշումներին, այդուհանդերձ, արդյո՞ք Դաշինքն ունի պահուստային ինչ-որ մեխանիզմներ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացման հարցում աջակցության համար:

– ՆԱՏՕ-ն այդ հարցում մանդատ չունի եւ չի կարող ներգրավվել կողմերի միջեւ այդ խնդրի լուծմանը եւ ցանկացած նման երկկողմ բանակցությունների` նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների միջեւ, էլ ուր մնաց` ՆԱՏՕ-ի անդամ երկրի եւ կարեւոր գործընկերոջ միջեւ: Մենք, բնականաբար, դա թողնում ենք երկու կառավարությունների հայեցողությանը: ՆԱՏՕ-ն ակնկալում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացման հարցի դրական եւ փոխընդունելի լուծում: