Խեղճ իրավունք…

01/07/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարներից մեկում` «Սաքոն ու իր հարեւան օձերի ընտանիքը» վերնագրով հրապարակմամբ ներկայացրել էինք Արարատի մարզի Ազատաշեն գյուղի վագոն-տնակի բնակիչներ` Ծաղիկ Գալստյանի եւ Կարապետ Վարապետյանի սոցիալական ծանր վիճակը:

Հիշեցնենք, որ անօթեւան այս ամուսիններն իրենց անչափահաս որդու հետ ժամանակավորապես բնակվում են Ֆաթիմա Գրիգորյանին պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա տեղադրված վագոն-տնակում: Երկուսն էլ չունեն գրանցում եւ անձնագիր, որի պատճառով անգամ իրենց համար խիստ անհրաժեշտություն հանդիսացող աղքատության նպաստը չեն կարողանում ստանալ: Հրապարակմանն արձագանքել էր ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչությունը. այդ արձագանքը տպագրել ենք մեր թերթի նախորդ համարում, որտեղ ասված էր. «Հրապարակման մեջ նշված փաստերի ուսումնասիրության արդյունքներով` Մասիսի անձնագրային բաժանմունքին հանձնարարվել է Ազատաշեն համայնքի ղեկավարի հետ համագործակցելով` լուծել Ծաղիկ Գալստյանի եւ Կարապետ Վարապետյանի բնակության վայրի հասցեավորման, հաշվառման եւ անձնագրավորման հարցը»: Թվում էր, թե ՀՀ այս երկու քաղաքացիների անձնագիր ունենալու իրավունքն արդեն ամրագրված է, մինչդեռ… Եվս մեկ անգամ պետք է արձանագրենք, որ բառի բուն իմաստով «մեղք» են մեր այն քաղաքացիները, ովքեր որեւէ փաստաթուղթ ձեւակերպելու համար ստիպված են պետական կամ համայնքային դռներ թակել: Երեկ մենք պարզեցինք, որ այս ամուսինների հարցը դեռեւս փակուղում է, իսկ Անձնագրային եւ վիզաների վարչության պատասխան նամակը` ընդամենը բարի ցանկություն: «Թող համայնքի ղեկավարը մի տեղեկանք տա, ըստ որի` նրանք բնակվում են այսինչ հասցեում, եւ Մասիսի անձնագրայինում հարցը կլուծվի, զգուշացված է»,- մեզ հետ հեռախոսազրույցում նշեց Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը: Մենք կապվեցինք Արարատի մարզի Ազատաշենի գյուղապետ Ստեփան Ստեփանյանի հետ. «Հասկացե՛ք, ես չեմ կարա ուրիշի հողի հասցեում իրանց գրանցեմ, դա ուրիշի հող ա, ո՞նց կարամ ես նման անօրինականություն թույլ տամ: Ախր դուք տեսել եք, չէ՞, էդ մարդկանց վիճակը: Շատ խեղճ վիճակում են, շատ նեղության մեջ են, ես էլ եմ շատ ուզում օգնել, որ անձնագիր ստանան: Հավատացե՛ք, ինչով կարողանում եմ` օգնում եմ, բայց ինձնից անհնար, անօրինական բան եք ուզում: Անձնագրայինն ո՞վ ա, որ ինձ հանձնարարական տա, էն էլ` կեղծիք անելու…»,- վրդովված ասաց գյուղապետը` տեղեկացնելով, որ դեռ տասը օր առաջ Մասիսի անձնագրային բաժին է ուղարկել մի տեղեկանք, ըստ որի` ամուսինները բնակվում են Ֆ. Գրիգորյանին պատկանող հողատարածքում: Մենք կրկին կապվեցինք Ն. Մուրադխանյանի հետ եւ տեղեկացրինք այս ամենի մասին: «Հասկացե՛ք, նա տվել է տեղեկանք, որով ասել է, որ դա ուրիշի հողատարածք է, եւ այնտեղ ապրում են այսինչ մարդիկ: Անձնագրայինին պետք է մի տեղեկանք, ըստ որի` հասցե կնշվի, հասկացանք, ուրիշի հողատարածք է, բայց գոյություն ունի հողատարածքի հասցեավորում, համարակալում: Էդ տեղեկանքով անձնագրի հարց չի լուծվում: Օրինակ` ընտրությունների ժամանակ ես նրանց համար ի՞նչ հասցե եմ ներկայացնելու, հո ցուցակներում ուրիշի հողատարածքում իրանց անուն-ազգանունը չե՞նք գրելու»,- ասաց Ն. Մուրադխանյանը: Կրկին կապվեցինք Ազատաշենի գյուղապետ Ս. Ստեփանյանի հետ, ով իր հերթին` վրդովվելով` ափերից դուրս եկավ. «Ո՞նց կարա ինձնից հասցե ուզի, դա անօրինական բան ա: Հասկացե՛ք, էդ մարդու սեփականությունը վարելահող ա, ես ո՞նց հասցե տամ: Կառավարության որոշումներ կան, օրենքներ կան, վարելահողին ի՞նչ հասցե: Էդ ի՞նչ բաներ են ասում, ա՛յ մարդ»: Երեկ ամբողջ օրվա ընթացքում մենք ստիպված եղանք Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Ն. Մուրադխանյանի եւ Ազատաշենի գյուղապետ Ս. Ստեփանյանի միջնորդի դերը կատարել, ընդ որում` վերջիններս իրարից «ուզում» են մի բան, որն, ինչպես իրենք են ասում` «հնարավոր չէ»: Այն, ինչ երեկ մենք հեռախոսազրույցների ընթացքում լսեցինք, թերեւս մեր քաղաքացիները հաղթահարում են ամեն օր: Անգամ մեր միջամտությունը նրանց համար զսպաշապիկ չեղավ: Օրինակ` նրանցից որեւէ մեկը ցանկության դեպքում կարող էր զանգահարել մյուսին եւ փորձել ուղիղ երկխոսելու միջոցով ամուսինների անձնագրերի հարցի համար լուծում գտնել: Դժվար չէ պատկերացնել, թե մեկ օրվա ընթացքում Ծ. Գալստյանին եւ Կ. Վարապետյանին քանի անգամ էր Ն. Մուրադխանյանն ուղարկելու գյուղապետ Ս. Ստեփանյանի մոտ, իսկ վերջինս էլ` նրա մոտ: Արդյունքում, քաղաքացու անձնագիր ստանալու իրավունքը մնում է գյուղապետարանի եւ Անձնագրային եւ վիզաների վարչության մեջտեղում, իսկ ապրելու, սոցիալական աջակցությունից օգտվելու իրավունքը կախված է մեջտեղում մնացած իրավունքից: