Գյուղապետը ուրիշի հողով լավությո՞ւն է արել

01/07/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի 21/25, բնակարան 17-ի բնակչուհի Թերեզա Բաբայանը դիմել է խմբագրություն` խնդրելով իր դեմ կատարված ապօրինությունները հրապարակել, որպեսզի ՀՀ իշխանությունները տեղեկանան, թե հատկապես գյուղական համայնքներում ինչպիսի կեղծիքներ են կատարվում:

Թ.Բաբայանը տեւական ժամանակ դիմում-նամակներ է ուղարկում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, սակայն վերջիններս նամակները վերահասցեագրում են Տավուշի մարզպետարան, այնտեղից էլ` Ենոքավանի գյուղապետարան: Ապօրինի գործողությունների շղթան չի բացահայտվում, քանի որ դրանց հանգույցը հենց Ենոքավանի գյուղապետարանում է. «Հասկանո՞ւմ եք, նամակներն ուղարկում են էնտեղ, էնտեղից էլ ինձ նույն պատասխաններն են տալիս: Հո չե՞ն ասելու, որ, այո՛, մենք փաստաթղթեր կեղծելով` ձեր տարածքը զավթել եւ տվել ենք ուրիշի: Հույսս հիմա միայն լրատվամիջոցներն են, թե չէ` դիմում-նամակներով հարց չի լուծվում: Էլ պաշտոնյա չմնաց, որին դիմումով չխնդրեմ էս հարցին լուծում տալու համար»,- ասում է 70-ամյա Թ. Բաբայանը` կեղծ փաստաթղթեր կազմելու մեջ մեղադրելով Ենոքավանի նախկին գյուղապետ Ալբեկ Բաբայանին: Բանն այն է, որ Թ. Բաբայանի ամուսնու բնիկ իջեւանցի հայրը 1937թ. Ենոքավանում տուն է կառուցել եւ ընտանիքի` չորս երեխաների հետ բնակվել է այնտեղ: Այնուհետեւ պատերազմ մեկնելուց հետո զոհվել է, իսկ Ենոքավանի 16 տանը շարունակել են ապրել նրա կինն ու երեխաները, որոնցից մեկն էլ Թ. Բաբայանի ամուսինն է եղել: «Սկեսրայրս պատերազմում զոհվել էր, մի երեխան սովից մահացել էր: 1958թ. ես այդ տուն հարս եմ գնացել, երկար տարիներ սովխոզում եմ աշխատել: Ամուսինս ընտանիքի մեծ տղան էր, ու սկեսրոջս հետ այդ տանն ենք ապրել: Մենք մի տղա ենք ունեցել: Հետագայում շատ մեծ դժվարություններ ունեցանք ու 1964թ. եկանք Երեւանում աշխատելու, բայց այդ տանը շարունակում էր ապրել սկեսուրս` տեգրերիս հետ»,- պատմում է Թ. Բաբայանը` վստահեցնելով, որ թեեւ ինքը տեղափոխվել է Երեւան, այդուհանդերձ, մշտապես այցելել է Ենոքավան եւ ամառներն այնտեղ է անցկացրել: 1993թ. մահացել է նրա սկեսուրը, ամիսներ անց` նաեւ ամուսինը: Մինչդեռ սկեսուրը Ենոքավան գյուղի տունը ժառանգության իրավունքով փոխանցել է ամուսնուն, իսկ ամուսինն էլ` իրեն: «Կադաստրում փաստաթղթերն իմ անվամբ են, որովհետեւ սկեսուրս, այնուհետեւ` նաեւ ամուսինս մահացան: Մենք ամբողջ այդ տարիների ընթացքում պարտաճանաչ կերպով հողի հարկ ենք վճարել: Ես մինչեւ էսօր ձմռանն այստեղ, իսկ ամռանն այնտեղ եմ ապրում: Բայց տարիներ առաջ, մի օր գնամ, տեսնեմ` ի՞նչ… հարեւանը իմ հողատարածքը զավթել է: 2400 մետրանոց իմ հողատարածքի ուղիղ 800 մետրն անօրինական կերպով զավթել է նույն գյուղի բնակիչ Ռազմիկ Չիբուխչյանը, էն դեպքում, երբ այդ հողատարածքը 1937-ից մեզ է պատկանում: Էն ժամանակվա գյուղապետ Ալբեկ Բաբայանի բարեկամն է, ով իմ հողով լավություն է արել հարեւանիս: Փաստաթղթերը կեղծելով` փող է աշխատել ու նրան է տվել»,- ասում է Թ. Բաբայանը: Նրա խոսքով` գյուղապետն իրեն հասցեագրված մեղադրանքներին պատասխանում է. «Գնա, ում ուզում ես բողոքի: Փաստաթղթերը նենց եմ սարքել, որ ոչ մեկ ոչ մի բան չի կարա գտնի»: Թ. Բաբայանի ասելով` Ենոքավանի ներկայիս գյուղապետ Անդրանիկ Չիբուխչյանն էլ իր հերթին հրաժարվում է բացահայտել նախկին գյուղապետի կատարած անօրինականությունները` նշելով. «Ես ջահել երեխեք ունեմ, վախենում եմ դրանց գործերը քանդելուց, կվնասեն: Ես ոչ մի բան չեմ կարա անեմ, ով արել ա` թող նա էլ պատասխան տա»: Ինչեւէ, Թ. Բաբայանն ասում է, որ Ենոքավանի նախկին գյուղապետի միջամտությամբ նույն գյուղի բնակիչ Ռ. Չիբուխչյանն ապօրինաբար տիրացել է իր հողատարածքին` զրկելով իրեն սեփական տուն մուտք գործելու իրավունքից: Վերջինս մեզ ներկայացրեց թիվ 16 տան սեփականության իրավունքի վկայականը եւ այլ փաստաթղթեր, որտեղ հաստատվում է 2400 մետր հողատարածքի սեփականատեր լինելու Թ. Բաբայանի իրավունքը: Մինչդեռ` «Գյուղապետի թեթեւ ձեռքով փաստաթղթեր են կեղծվել, որովհետեւ, երբ ես դիմեցի դատարան` իմ իրավունքը ճանաչելու համար, լրիվ ուրիշ մակերես ինձ ներկայացրին»,- ասում է Թ. Բաբայանը: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը թեեւ բավարարել է ձեռքբերման վաղեմության ուժով Թ. Բաբայանի իրավունքը ճանաչելու մասին վերջինիս հայցը, այդուհանդերձ, հարեւանի կողմից զավթված տարածքի վերաբերյալ հայցը մերժել է. «Ձեռքբերման վաղեմության ուժով իմ սեփականության իրավունքը դատարանի կողմից ճանաչվելուց հետո եւս մեկ հայց էլ ներկայացրեցի` կապված ապօրինաբար զավթած տարածքի հետ: Պահանջեցի սեփականությանս իրավունքի խախտումները վերացնել եւ զավթված տարածքն ինձ վերադարձնել»: Նա, դատարանում ներկայացնելով իրավիճակը, փաստել է, որ իր բացակայության ժամանակ Ռ. Չիբուխչյանը` հանդիսանալով անմիջական հարեւանը` իր հողամասի հաշվին ավելացրել է իր տան պատշգամբը, կառուցել է անասնագոմ, զուգարան եւ այլն: Այլ կերպ ասած` նա Թ. Բաբայանի հողամասից զավթել է շուրջ 300 մետր հող եւ տուն տանող ամբողջ ճանապարհը: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, Թ. Բաբայանի հայցը մերժել է` բողոքը հիմնավորող փաստաթղթեր չներկայացնելու պատճառով: Վերջինս վստահեցնում է, որ Ենոքավանի գյուղապետ Անդրանիկ Չիբուխչյանը հրաժարվել է իրեն տրամադրել գյուղապետարանից արխիվային փաստաթղթեր, որոնք դատավարության համար էական նշանակություն ունեն, ինչպես նաեւ` ապացուցում են իր բողոքի հիմնավոր լինելը. «70 տարեկան կին եմ, արդեն քանի տարի է` ինձ քարշ են տալիս էստեղից էնտեղ: Գյուղապետն ասում է` ես չեմ կարա թուղթ տամ, հետո էլ ասում է` գյուղապետարանն արխիվ չունի: Հասկանո՞ւմ եք, եթե գյուղապետն իմ բարեկամը չէ, ուրեմն` ես չեմ կարող արդարության հասնել: Իսկ եթե գյուղապետ բարեկամ ունես, ուրեմն` ուզածդ հարեւանի տարածքը կարող ես զավթել, որովհետեւ հարազատդ փաստաթղթերի կեղծիքը կապահովի: Հետո էլ ասում են` պաշտպանեք ձեր իրավունքը, դիմեք օրենքին: Որ դիմում ենք` ի՞նչ, էնպես են սիրուն կեղծում, որ ուզում ես մեջտեղիցդ ճղվի` չես կարող ապացուցել քո իրավունքը»,- ասում է Թ. Բաբայանը, ով օրեր առաջ կրկին ՀՀ գլխավոր դատախազին դիմում գրելով` ահազանգել է կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով ուրիշի ունեցվածքին տիրանալու հանցագործության մասին: Դիմում-նամակը կրկին վերահասցեագրվել է Տավուշի մարզ, որտեղի քննչական մարմինները տարեց կնոջը հարցաքննելիս այնպես են ստորացրել, որ` «Եվ դրանք համարվում են մեր իրավունքի ու օրենքի պաշտպաննե՞ր: Ես չգիտեմ` քննի՞չ էին, թե՞ ոստիկաններ, բայց առանց խղճի խայթի 70 տարեկան էս հասակիս էնպես էին հետս խոսում, նվաստացնում, որ սիրտս վախից ճաքում էր: Այսինքն` իրենք մի բան էլ կատաղում են, որ դու չես համակերպվում էդ կեղծիքի հետ, պայքարում ես, ահազանգում ես: Վերեւներից իրենց են ճնշում, իրենք էլ ինձ նման խեղճերից են վրեժ լուծում, փոխարենը էդ անօրինականությունները բացահայտեն»,- ասում է Թ. Բաբայանն` ավելացնելով, որ ներկայումս ինքը ունի 1000 մետր հողատարածք, սակայն անգամ այդ տարածք մուտք գործելու ճանապարհ չունի: Ի դեպ, նշենք նաեւ, որ ՀՀ Վերաքննիչ դատարանը վճիռը թողել է անփոփոխ, իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանը հայցը վերադարձրել է Թ. Բաբայանին: «Գյուղապետը փող աշխատելու համար ուրիշի հողերն է յուրացրել: Ճիշտ է, ես փաստեր չունեմ, բայց վստահ եմ, որ նա է էս ամեն ինչը կազմակերպել: Նա էնքան կեղծիքներ է արել, որ փաստաթղթերից ամեն մեկի մեջ անգամ իմ տան ընդհանուր մակերեսը տարբեր է գրված: Այսինքն` հակասություններն ու խախտումները շատ են, որով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները»,- ասում է Թ. Բաբայանը` իշխանություններին խնդրելով արձագանքել իր դիմումներին եւ գործն ուսումնասիրել Երեւանում, հակառակ դեպքում Տավուշի մարզպետարանն ու Ենոքավանի գյուղապետարանը կեղծիքները չեն բացահայտելու, որովհետեւ դրանց հեղինակն իրենք են:

Հ.Գ.
Առաջիկայում մենք կփորձենք կապվել Ենոքավանի նախկին եւ ներկա գյուղապետերի հետ եւ պարզաբանում ստանալ այս գործի կապակցությամբ։