Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում հունիսի 22-ին տարածաշրջանում եզակի էնդովասկուլյար (ոչ սրտային) անոթային վիրահատություն է իրականացվել: Այն կատարել է հիվանդանոցի ռադիոլոգիայի կենտրոնի փոքր ինվազիվ անոթային վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Ռաֆայել Մանվելյանը: news.am-ի փոխանցմամբ` Տավուշի մարզի բնակիչ, 45-ամյա Մարտիկ Հարությունյանը երեք ամիս շարունակ տառապել է որովայնի նոպայաձեւ ցավերից, չի կարողացել ուտել եւ խմել, քանի որ դրանից ցավերը սաստկացել են: Արդյունքում խիստ հյուծվել է` դառնալով 45 կգ: Բազմաթիվ մասնագետների դիմելուց հետո համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում ախտորոշվել է մեզենտերիալ (աղեստամոքսային) անոթների խցանում: Այսինքն` մայր զարկերակից անջատվող անոթային ճյուղերը, որոնք սնում են որովայնը, խցանված են եղել: Վիրահատությունը կատարվել է էնդովասկուլյար եղանակով` առանց կտրվածքի, տեղային ցավազրկմամբ` ազդրային զարկերակից: Վերականգնվել է որովայնային զարկերակների լուսանցքը: Նման դեպքերում առանց վիրահատական միջամտության հնարավոր չէ փրկել հիվանդի կյանքը: Ոչ երկար ժամանակի ընթացքում այդ ախտահարումը հանգեցնում է մահվան: Վիրահատության հենց հաջորդ օրը հիվանդն իրեն լավ է զգացել, ցավեր չի ունեցել եւ նորմալ սնվել է: Երկու օրից Մարտիկ Հարությունյանը դուրս է գրվել:
Այժմ Հայաստանում տեղացի մասնագետների կողմից էնդովասկուլյար անոթային վիրաբուժություն իրականացվում է միայն Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռադիոլոգիայի կենտրոնի փոքր ինվազիվ անոթային վիրաբուժության կլինիկայում: Վերջին ամիսներին կլինիկայում էնդովասկուլյար եղանակով ավելի քան 20 միջամտություն է կատարվել ստորին վերջույթների զարկերակների վրա, որոնց շնորհիվ պահպանվել են հիվանդների վերջույթները: