Է. Գյանջումյանը «Օգնեմ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, իսկ մարտից ստանձնել է նաեւ տնօրենի պաշտոնը՝ Երեւանի Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցում:
– Ինչպե՞ս եք Ձեզ զգում տնօրենի պաշտոնում:
– Փորձում եմ անել ամեն ինչ, որ իմ այստեղ լինելն, իրոք, օգուտ տա մարդկանց: Ի վերջո, եթե աշխատում ես որեւէ պատասխանատու գործով, պարտավոր ես լինել պիտանի, ծառայել քո ստանձնած գործին: Ինձ համար աշխարհի բոլոր մասնագիտությունները պատասխանատու են: Եթե չլինի ջութակ պատրաստողը, ի՞նչ է նվագելու ջութակահարը: Առավել կենցաղային օրինակ կարող եմ բերել. եթե մեր փողոցներն ամեն օր չմաքրեն՝ մենք «խոզանոցում» կապրենք: Եվ ուրեմն` անկարեւոր մասնագիտություն, աշխատանք չկա: Ես ուզում եմ, որ ոչ ոք չթերագնահատի դիմացինի աշխատանքը:
– Որքանո՞վ է համադրելի ստեղծագործող մարդու տեսակն ու տնօրինությունն առհասարակ:
– Եթե մարդուն հրապուրում է միայն անունը, պաշտոնը, դա արատավոր եւ ունայն երեւույթ է: Մարդ ինչ պաշտոն էլ զբաղեցնի, պետք է հասկանա, որ ինքը ծառայում է: Ամենակարեւորը, որ այդ ծառայության հիմքը սերը լինի, ծառայել եւ ուրախանալ դիմացինի հաջողությամբ: Ես այնքան ուրախ եմ, որ գիտակցում եմ այդ ամենը: Երբ մարդն ուրախանում է՝ տեսնելով, որ Աստծո շնորհքը շատերին է բաշխված, նա երբեք չի նախանձի դիմացինին: Ի դեպ, նախանձը չորացնում է մարդու ոսկորները, քայքայում է մարդուն ներսից:
– Շատ անգամ այդ նույն շնորհքը մարդը նաեւ բացասական ուղղվածությամբ է օգտագործում:
– Մարդ մշտապես պետք է հասկանա, թե իր արած քայլերն ինչպիսի հետեւանք կարող են ունենալ: Եթե մարդն ունի ստեղծագործելու ունակություն, սակայն այդ ամենը նա անում է դեստրուկտիվ, այլ ոչ՝ կոնստրուկտիվ, ապա նրա ստեղծածին հաղորդակից յուրաքանչյուր ոք ցավ է ապրում, լցվում է միայն բացասական էներգիայով: Հպարտությունն ու նախանձը ձեռք ձեռքի են քայլում: Ես մի երգ ունեմ, որը շատ եմ սիրում՝ «Սիրո երկու թեւեր»: Բայց փաստորեն, կա նաեւ մի այլ արատավոր «թռչուն», որի մի թեւը նախանձն է, մյուսը՝ հպարտությունը:
– Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:
– Կինս՝ Վիկտորյան, մասնագիտությամբ տնտեսագետ է: Տղաս 3 տարեկան 3 ամսական է: Որդիս հայրիկիս անունն է կրում` Գագիկ: Նա ինձ ամեն օր հաճելիորեն զարմացնում է իր երաժշտական ունակություններով: Նրա ամենասիրելի խաղը, զբաղմունքը երգեր գրելն է:
– 3 տարեկանո՞ւմ: Ինչպե՞ս:
– Նրա երգերից յուրաքանչյուրը պատմություն ունի: Նստում է դաշնամուրի մոտ եւ հայտարարում. «Հիմա կնվագեմ բակում խաղացող երեխաների մասին: Բակում աղմուկ է, բոլորը վազում են…» կամ՝ «Կրկեսում ծաղրածուն գնդակներով խաղում էր: Հանկարծ գնդակն ընկավ, ընկավ, ընկավ…», եւ սկսում է նվագել այն մեղեդին, որն, ըստ իրեն` բնորոշում է բակում խաղացող երեխային կամ անվերջ ընկնող գնդակի ռիթմը:
Ես մեծ ցնծություն եմ վերապրում, երբ տեսնում եմ նրա մեջ այդ անհագ սերը ստեղծագործելու հանդեպ: Տղաս շատ նրբազգաց, նրբանկատ անձնավորություն է: Երբ տեսնում է, որ տան անդամներից որեւէ մեկի տրամադրությունն ընկած է, գրկում, համբուրում է: Ես շատ եմ ուզում, որ տղայիս մեջ երբեք չմարի անվերջ զարմանալու ունակությունը: Չէի ցանկանա, որ նրա սիրտը կարծրանա: Ես ամեն օր այնքան շատ ուրախանալու պատճառներ եմ տեսնում: Այդպես լիաթոք ես շնչում:
– Դուք առնչվո՞ւմ եք շոու-բիզնեսի աշխարհի հետ: Թվում է, թե ապրում եք Ձեր անձնական անաղմուկ դրախտում, որտեղ նրանց մուտքն արգելված է:
– Ես հաճախ եմ լսում այդ կարծիքը: Ասում են՝ իմ ստեղծագործությունների մեջ ներքին խաղաղություն կա: Ցավոք, այսօրվա շոու-բիզնեսի մեջ շատ է քաոսն ու ձեւականությունը:
– Չէ՞ որ Ձեզ եւս հրավիրում են տարբեր միջոցառումների: Եթե չեմ սխալվում` անգամ ժյուրիի անդամ եք եղել երաժշտական մրցույթներից մեկի ժամանակ:
– Չեմ ժխտում այդ ամենը: Սակայն յուրաքանչյուր հրավերի ես շատ լուրջ եմ մոտենում: Եթե իմ ներկայությունն այնտեղ իմաստ եւ նպատակ ունի, դրական օգուտ է տալիս ներկաներին, այո, ես համաձայնում եմ մասնակցել: Իսկ եթե այն ինքնանպատակ է, երբեք չեմ գնա այդ միջոցառմանը, ինչ է թե` ինձ եւս մեկ անգամ ցույց տան հեռուստացույցով: Երբ հասկանում ես կյանքի բուն նպատակը, քո անելիքն այս մոլորակի վրա, ամեն ինչ իր տեղն է ընկնում: Երբ մարդիկ ինձ ասում են, որ այն, ինչ ես գրում եմ, նրանց դրական, լուսավոր էներգիա է փոխանցում, դա ինձ համար ամենամեծ նվերն է: Ցավոք, այսօր շատ են ստեղծագործողները տարբեր բնագավառներում, որոնք իրենց բացասական ցածրորակ ստեղծածով՝ ժողովրդի մեջ հոգեւոր քաղցկեղ են առաջացնում՝ ագրեսիա, նախանձ, ատելություն, անբարոյականություն… Այսօր շատ են մարդու էությունը քայքայող, բայց գրպանը լցնող երեւույթները: Սակայն ես շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ, որ կան մարդիկ, ովքեր իրապես հոգեւոր սննդի ձգտում ունեն:
– Ուշ-ուշ, բայց զգում են:
– Զգում են, զգում են… Ամեն օր են զգում: Մարդու ցավը կայանում է նրանում, որ մեկ անգամ ընկնելով ճահճի մեջ, այնքան է խրվում, որ խորտակվում է: Մարդ պետք է հասկանա Աստծո կողմից իրեն ուղղված ճահճից դուրս գալու հնարավորությունն ու օգտվի դրանից, քանի դեռ չի խեղդվել: Ժամանակին ես հասկացել եւ օգտվել եմ: Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ինձ մեծ ժամանակահատված էր ընձեռված՝ կյանքս վերաիմաստավորելու համար:
– Ի՞նչը կամ ո՞վ պատճառ հանդիսացավ, որ կտրուկ փոխեցիք Ձեր աշխարհայացքը:
– Ես առավել քան վստահ եմ, որ ցանկացած մարդ կարող է փոխել իր կյանքը դեպի ճիշտ ուղին: Պետք է միայն ցանկանա:
– Բայց չէ՞ որ մենք մի օր չենք արթնանում եւ հենց այնպես որոշում փոխել մեր կյանքը: Ինչ-որ կարեւոր բան է տեղի ունենում մեր կյանքում՝ կտրուկ փոփոխություններից առաջ:
– Դա կատարվեց, երբ ինձ կյանքում բաժին հասավ այն փորձությունը, որի մասին ես չէի ցանկանա խոսել: Այն ամենում, ինչ կատարվում է մեզ հետ, շատ անգամ հենց մենք ենք մեղավոր: Երբ մարդ անվերջ ծխում է, նա պետք է պատրաստ լինի, որ, ի վերջո, «փչացնելու» է իր թոքերը: Այլ կերպ լինել չի կարող: Ես իմ մասին չեմ խոսում. երբեք չեմ ծխել:
– Դուք ֆինանսապես այնքան կայո՞ւն եք, որ կարողանաք թույլ տալ Ձեզ` հրաժարվել շահավետ առաջարկներից: Եթե Ձեզ դիմի աշխարհահռչակ, բայց անորակ՝ այդ բառի լայն իմաստով, մի կատարող եւ մեծ գումարի դիմաց երգ պատվիրի, կհամաձայնե՞ք:
– Տարիներ առաջ հնարավոր է` առանց մտածելու համաձայնեի: Ի վերջո, նրա համար երգ գրելով մեծ համբավ ձեռք կբերեի, գումար կաշխատեի… Բայց՝ ոչ այսօր: Եթե ինձ փորձեն գայթակղել այն մտքով, որ այդ երգչի համար երգ գրելով` կդառնամ ճանաչված ողջ արեգակնային համակարգում, միեւնույն է` ոչ: Ես իմ հոգին ազատել եմ ավելորդ արատներից եւ շատ լավ հասկանում եմ, թե ինչ է ինձ անհրաժեշտ այս կյանքում: