Աշնանային օրացույցում, իրարից ոչ մեծ հեռավորության վրա կա երկու օր, որոնք սերտորեն առնչվում են միմյանց։ Առաջինը շատերին քաջ հայտնի նոյեմբերի յոթն է՝ հոկտեմբերյան հեղափոխության կամ, ինչպես հիմա են ասում, հեղաշրջման օրը։ Երկրորդը, որ, ցավոք, մարդկանց շատ նեղ շրջանակի է հայտնի, հոկտեմբերի երեսունն է՝ Քաղբանտարկյալի օրը։
Երկու օրերի կապը բացատրելու անհրաժեշտություն, կարծում եմ, չկա, սակայն այսօր, երբ մեր երկրում տիրում է սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին նախորդող «այո-ոչ-իհարկե-երբեք» ժխորը, հարկ է անդրադառնալ նշանավոր այդ օրերին եւ դրանց անմիջական կապին։ Անդրադառնալ` հենց այս աղմուկի մեջ, որովհետեւ առաջ գնալու համար երբեմն հարկավոր է հետ նայել, իսկ հետ չմնալու համար պետք է հստակեցնել քայլերը։
Ազատ Արշակյանն, ով իր երիտասարդությունն անց է կացրել սովետական քաղաքական կալանավայրերում, այսօր նախընտրում է խոսել ոչ թե արդիական համարվող թեմաներից՝ հատկապես սահմանադրությունից, այլ գտնում է, որ պետք է նախեւառաջ գնահատական տալ այն ամենին, ինչի միջով քսաներորդ դարում անցել ենք մենք, եւ այդ գնահատականը պետք է լինի ոչ թե պատմաբանի սառը եզրակացություն, այլ՝ դատավճիռ։
Նախկին քաղաքական բանտարկյալը գտնում է, որ հատկապես հիմա, երբ Հայաստանը սահմանադրության միջոցով քայլ է կատարում դեպի եվրոպական արժեքներ, դրանից առաջ պետք է կայացրած լիներ այդ վճիռը, եւ անտարբերությունը բացատրում է այսպես. «Նրանք ոչ թե մեզ են «ոչ» ասում, այլ` «այո» են ասում նախորդ շրջանին, այսինքն՝ Սովետական Միությանն են «այո» ասում։ Նրանք Սովետական Միությանը դեռեւս հրաժեշտ չեն տվել»։
Նա գտնում է, որ սովետական դարաշրջանի կուռքերը հիմա էլ հսկում են մեզ։ Ամեն քայլափոխի նրանք կան՝ փողոցները նրանց անուններով են, արձանները կանգնած են։ Դրանք քաղաքացիական պատերազմի հերոսներն են։ Ընդհանրապես նա սովետական հասարակարգը համարում է հարատեւ քաղաքացիական պատերազմի ռեժիմ, որտեղ հերոս էին համարվում նրանք, ովքեր ավելի շատ մարդ էին սպանում։ «Էդ հուշարձանների հեղինակները հպարտանում են իրենց ստեղծագործություններով։ Ասում են՝ արվեստի գործ է, քաղաքականության հետ կապ չունի։ Եթե դրանք արվեստի արժեք են, ինչո՞ւ մեկն ու մեկը չեկավ դրանց գոնե կրկնօրինակը գնելու։ Եթե դրանք արվեստի բարձրարժեք գործեր են, կարելի էր վաճառել ու այդ փողով լցնել Հայաստանի բյուջեն։ Այդ դեպքում գուցե մտավորականները լավ ապրեին, ԳԱԱ-ն փող ունենար, Գեղարվեստի ուսումնարանն ու Ակադեմիան նորմալ ֆինանսավորվեին այդ փողերով»,- ասում է Ազատ Արշակյանը։
Նույն Գիտությունների ազգային ակադեմիան, համալսարանները, արդյունաբերական ձեռնարկություններն ու մշակութային հաստատությունները ստեղծվել են սովետական տարիներին, եւ շատերն են այսօր ասում, թե հանուն այդ ձեռքբերումների կարելի է անտեսել խորհրդային ռեժիմի բռնությունները։ Ազատ Արշակյանը գտնում է, որ անտեսելը խաբեություն կլինի։ «Պետք է դատապարտել։ Հանցագործներին պետք չէ հանել մեջտեղից, ջնջել, իբր չեն եղել, մենք հո ջայլա՞մ չենք, հարկավոր է դատապարտել մարդասպաններին։ Միլիոնավոր մարդիկ են զոհվել այդ հարատեւ քաղաքացիական պատերազմի ընթացքում՝ մտավորականներ, գյուղացիներ, բանվորներ, հոգեւորականներ, անմեղ մարդիկ։ Նրանք զոհվել են որպես դասակարգային թշնամիներ։ Թշնամի են հայտարարվել ու սպանվել։ Այս ամենի կազակերպիչներին հարկավոր է դատապարտել, հարկավոր է տալ այս ամենի գնահատականը»։
Սովետական Միության փլուզումը միանգամից չեղավ, ինչպես դա թվում է շատերին։ Այդ գործընթացը հիմա էլ փուլ առ փուլ շարունակվում է, Սովետական Միությունն աստիճանաբար է հեռանում։ Նախկին այլախոհն ու անկախության մարտիկն, ով նոր Հայաստանի առաջին իշխանության մաս է կազմել, գտնում է, որ իրենք էլ հապաղել են ու ժամանակին չեն տվել սովետական դարաշրջանի գնահատականը։ «Մենք, կրտսերի կարգավիճակ ընդունելով, սպասեցինք, որ Ռուսաստանն առաջինը դատապարտի այն ամենն, ինչ եղել էր հեղափոխությունից հետո։ Մենք ինքներս դա պիտի անեինք, ես ընդունում եմ սխալը»։
– Դատապարտումը ինչ-որ փաստաթուղթ էր լինելու, ինչն առանձնապես մեծ նշանակություն չէր ունենալու մարդկանց մտածողության ու հոգեկերտվածքի վրա,- ասում եմ ես։ Ազատը չի համաձայնում։ Նա գտնում է, որ շարժումը մեծ ամնիստիա է եղել, որ շարժման մեջ մտած մարդիկ հրաժարվել են իրենց կենսագրությունից, երկերեսանի վարքից, երբ ֆուտբոլ գնալիս մի բան էին խոսում, կուսակցական ժողով գնալիս` այլ բան, երբ առավոտյան աթեիզմի դասեր էին առնում, կեսօրին մտնում եկեղեցի` մոմ վառելու։ «Մարդիկ շարժման օրերին իրենք իրենց ամնիստիա արեցին։ Այն մարդիկ, ովքեր դուրս եկան ու անկախության օգտին քվեարկեցին, իրենց զզվանքն էին արտահայտում հին կյանքի նկատմամբ, կեղծիքի հանդեպ։ Նրանք, որ ստուկաչ էին, նրանք էլ էին զզվել, որ պիտի գնային իրենց հարազատների մասին դանոսներ գրեին։ Ստուկաչն ինքը զզվում էր իրենից։ Մարդիկ ուզում էին ազատվել դրանից»։
Նախորդ իշխանությունները չտվեցին այդ գնահատականը, բայց հետեւողականորեն խորացնում էին անկախությունն ու ամրապնդում ժողովրդավարական հաստատությունները։ «Առաջին սահմանադրությունն ամփոփեց անկախությունը։ Դա մի տեսակ ոչ թե սկիզբն էր, այսինքն՝ միայն սկիզբը չէր սահմանադրությունը, այլեւ ամփոփումն էր այն շրջանի, որը մենք կոչում ենք շարժման եւ անկախության շրջան»,- ասում է Ազատ Արշակյանը։
Նա գտնում է, որ գործող սահմանադրության ավարտը պետք է լիներ քաղաքական ակցիա։ Պետք է հայտարարվեր, որ պատմության այդ էջը՝ անկախության, ժողովրդավարության ու ազատության հաստատման այդ էջը փակվեց, եւ այդ դեպքում հասարակության համար ավելի պարզ կլիներ, որ գալիս է նոր ժամանակ։ Այս դեպքում եւս նա անհրաժեշտ է համարում գնահատական տալը. «Նոր սահմանադրությունը ձեւավորողները պետք է նախորդներին շնորհակալություն ասեն։ Եթե չեն ասում, ստացվում է, որ անկախությունը, ժողովրդավարությունն ու ազատությունը վատ բաներ են։ Եթե վատ բաներ են, ուրեմն մեզ պետք է դատապարտեն, կայացնեն դատապարտող քաղաքական վճիռ եւ հետո միայն առաջարկեն նոր սահմանադրություն»։
Իմ այն դիտարկմանը, թե իրենց դատապարտում են, բայց՝ անտարբերության, Ազատը հակադարձում է. «Իրենք էլ մի օր պիտի գնան։ Ամեն մարդ իր արածների համար պատասխան է տալու։ Ես երբ որ ասում եմ` պետք է ամփոփվեր անցած տասնամյակը, նկատի չունեմ, որ անպայման շնորհակալություն հայտնեին։ Օրինակ, ինձ կարող էին դատել, որ ես անկախությունը մինչեւ վերջ լիարժեք չեմ դարձրել։ Մի օր իրենց գործունեությունն էլ պիտի փակվի, եւ իրենք պիտի ասեն, թե ինչ են արել։ Կարող է իրենք չասեն, բայց հասարակությունը գնահատական է տալու»։