«Մենք արդեն հունիսին գնանկում ունենք, հուլիսին այն շարունակվելու է, օգոստոսին նույնպես լինելու է: Այնպես որ` այդ բնական միտումը վերականգնվեց, ինչը չունեինք անցյալ տարի: Օրինակ, անցած օգոստոսին մենք ունեցանք գնաճ, ինչն աննախադեպ երեւույթ էր, քանի որ ամառն այն սեզոնն է, երբ գյուղատնտեսական ապրանքները հայտնվում են շուկայում, դրանց գները նվազում են` իրենց հետեւից բերելով ընդհանուր սպառողական զամբյուղի գների նվազմանը»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտ ամսին ՀՀ վարչապետի եւ նախարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե 2 ամիս հետո գները պետք է լինեն մեր «աչքին սովոր» չափի մեջ: «Կառավարությունը եւ ԿԲ-ն պետք է հասկանան, որ տարեվերջին մենք պետք է ունենանք առնվազն կրկնակի ցածր մակարդակ, քան ունեցանք նախորդ տարի»,- ասել էր Ս.Սարգսյանը: «ԿԲ կանխատեսումների համաձայն` մենք տարին կավարտենք 5,5 գնաճի շրջանակներում` 10-ի փոխարեն: Դա ակնհայտորեն ցույց է տալիս, որ գնաճը մտնում է կանխատեսելի շրջանակի մեջ»,- ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: