«Ազգային մրցունակության» առանձնահատկությունները

30/06/2011

«Ամեն անգամ, որ թելեվիժնի կամ թերթի վրա կխոսիմ, վայրկյանական այդ խոսածիս կառավարական օֆիսներեն խումբով կուգան մեզի «ինսփեքթ» ընելու։ Անցյալ անգամ խոսեցա աշխատավորության խնդիրներու մասին, շաբաթ մը չանցավ` խումբով էկան 3-4 շաբաթ, անանգ թղթեր ուզեցին, 5,6,7 տարվա։ Ասում են` պետք է գնաս քոփի ընես։ Ես չէի պատկերացնում, որ այդքան թուղթ բաներ կան։ Հարկայինից մի հսկա քանակ ժողովուրդ եկան, գոցեցին մեր ամբարը, ըսին, որ` ապրանք չեք կարող հանել այստեղե…»,- երեկ հրավիրված ասուլիսում նման սենսացիոն հայտարարություն է արել ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանը` չբացառելով, որ իր այդ հայտարարությունից հետո ինքը կրկին «հյուրեր» կունենա: Իսկ հայտարարությունը սենսացիոն է այն առումով, որ Վ. Հովնանյանը, մեղմ ասած, շարքային գործարար չէ, մտերիմ հարաբերություններ ունի նախկին եւ ներկա իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ եւ այլն: Սակայն անգամ դա չի օգնում, որպեսզի սփյուռքահայ գործարարն իրեն ապահով զգա պատմական հայրենիքում: Ավելին` երեկ Վ. Հովնանյանը ուղիղ հայտարարել է, որ իրեն «բարեկամաբար» խորհուրդ են տվել հեռու մնալ այնպիսի ոլորտներից, որոնցում Հայաստանում կոնկրետ մարդիկ են բիզնեսով զբաղվում: Նա ասել է, որ ժամանակին փորձել է զբաղվել փայտի բիզնեսով, Ռուսաստանից փայտ ներկրել, սակայն իրեն հորդորել են այդ գործի մեջ չմտնել, եւ փայտը գնել այն մարդկանցից, ովքեր արդեն ներմուծում են։ Իսկ երբ նա փորձել է գործունեություն ծավալել ցորենի բիզնեսում, նրան բառացիորեն ասել են. «Մինչեւ բերքը հասնի, ցորենի արտերը կվառեն»։

Վ. Հովնանյանի բախտը բերել է: Շարքային գործարարին կամ նրա արտը կվառեին` առանց զգուշացնելու: