Խնդրել են հարց չտալ

30/06/2011

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը երեկ` անդրադառնալով ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին իր կողմից տրված հարցին ու դրան հաջորդած արձագանքներին, ասել է, թե Հայաստանում տիրում է գլամուրային ավտորիտարիզմ: Ըստ նրա` ԵԽ ԽՎ-ում շատ լավ գիտեն, թե ինչպիսի իրավիճակ է Հայաստանում: «Շատ լավ գիտեն, որ Սերժ Սարգսյանի ելույթից շուրջ մեկ տարի առաջ ինչպես էր ՀՀ իշխանությունն արգելել, որ ես մասնակցեմ ԵԽ ԽՎ աշխատանքներին»,- ասել է Զ. Փոստանջյանը: Նա անդրադարձել է նաեւ այն խոսակցություններին, թե իր հարցը եղել է Ս. Սարգսյանի հետ համաձայնեցված, որպեսզի ՀՀ նախագահը` պատասխանելով այդ հարցին, եւս մեկ անգամ ընդգծի Հայաստանի ժողովրդավար լինելը: Այս առնչությամբ Զ. Փոստանջյանն ասել է, թե իրեն նույնիսկ խնդրել են հարց չտալ Սերժ Սարգսյանին, ինչի մասին գիտեն նաեւ ՀՀ պատվիրակության անդամները: Թե ովքեր էին խնդրողները` նա չի հրապարակել` նշելով. «Ես հարց եմ հղել ու ասել, որ Դուք ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչ եք, եւ Դուք պետք է գնաք, հեռանաք: Հրաժարական չեմ ասել, հրաժարական պահանջում են այն մարդուց, ով իրապես ընտրվել ու ներկայացնում է ընտրությամբ տրված մանդատը»: Ի դեպ, Զ. Փոստանջյանն ասել է, որ ԵԽ ԽՎ Մոնիտորինգի նիստի ժամանակ որոշվել է, որ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ակսել Ֆիշերը Հայաստան են գալու հուլիսի 20-ին: Ըստ նրա` համաձայն նախնական պայմանավորվածության` ԵԽ ԽՎ աշնանային նստաշրջանում կներկայացվի Հայաստանի մասին զեկույց ու բանաձեւ: