Հայ ազգային կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ հունիսի 24-ին Կազանում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւան կբերեն Կազանում Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկները: «Ադրբեջանը, ըստ Նալբանդյանի, նոր առաջարկություններ է ներկայացրել, ինչը չի հերքվել պաշտոնական Բաքվի կողմից: Կարծում եմ` համանախագահները Երեւան են բերելու ադրբեջանական առաջարկությունները»,- ասել է նա` հավելելով, թե համանախագահները Երեւանում կքննարկեն, թե Բաքվի առաջարկներից ո՞րն է ընդունելի հայկական կողմի համար: «Ես շատ կուզեի, որ մենք էլ հանդես գայինք առաջարկներով»,- ասել է ՀԱԿ անդամը: Նրա խոսքով` հայկական կողմի համար «պատիվ կլիներ» խոսել այն մասին, թե, քանի որ «սեղանին դրված չէ «մեր երազած» կարգավորման փաստաթուղթը, մենք էլ ներկայացրել ենք մեր առաջարկները»: «Կազանի հանդիպումը, կարծում եմ, ցույց է տալիս, որ գործընթացն ավարտված չէ, եւ դրա վկայությունն է այն, որ միջնորդները շահագրգռված են հասնել հիմնարար սկզբունքների մասին փաստաթղթի ստորագրմանը, եւ որ կողմերից մեկը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել առաջարկվող փաստաթուղթը»,- ասել է Կարապետյանը` նշելով, թե Կազանում փաստաթուղթ չի ստորագրվել բացառապես Ադրբեջանի պատճառով: «Դրա մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը, իսկ Ադրբեջանի արձագանքից պարզ դարձավ, որ իրենք դա չեն հերքում»,- ասել է ՀԱԿ ներկայացուցիչը: Անդրադառնալով ԵԽ ԽՎ նստաշրջանում ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի հայտարարությանը, թե` Ղարաբաղյան պատերազմի վերսկսման պարագայում առավել շահեկան դիրքերում կհայտնվի Ադրբեջանը, Վ. Կարապետյանն ասել է, թե դա միայն հավելյալ վստահություն է տվել ադրբեջանական կողմին: Նրա դիտարկմամբ` անհասկանալի է նաեւ Սերժ Սարգսյանի` Հայաստանի կողմից ԼՂ անկախությունը չճանաչելու վերաբերյալ հնչեցրած հիմնավորումը. «Մենք այլ հիմնավորումներ ունենք, թե ինչո՞ւ ԼՂՀ-ն Հայաստանի կողմից մինչ այժմ չի ճանաչվել: Տարակուսանք եմ հայտնում, թե ինչո՞ւ չի հնչեցվում պաշտոնական դիրքորոշումը, եւ բարձրաձայնվում է մեկ այլ դիրքորոշում»,- ասել է ՀԱԿ ներկայացուցիչը: Իսկ ինչ վերաբերում է ԵԽ ԽՎ-ում ԼՂՀ հարցով ենթահանձնաժողովին, ապա նա ասել է. «Ադրբեջանը մեծ ակնկալիքներ ունի ԵԽ ԽՎ` Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովից եւ սպասում է, որ այն հանդես կգա բանաձեւի նախագծով, ինչը հայկական կողմի վրա լրացուցիչ ճնշում կլինի»: