Սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանն ու ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը երեկ «Հայելի» ակումբում պետք է քննարկեին Հայաստանի ներդրումային դաշտին վերաբերող հարցեր։
Այսինքն՝ Վ. Հովնանյանը` օտարերկրացու աչքերով, իսկ Մ. Բադեյանը՝ որպես «ներսի» մարդ, պետք է գնահատեին Հայաստանի ներդրումային դաշտն ու վեր հանեին դրա դրական ու բացասական կողմերը։ Բանավեճը, սակայն, ավելի շատ ոչ թե երկու հյուրերի միջեւ էր, այլեւ՝ Մ. Բադեյանի եւ լրագրողների։ Ընդ որում, դա զարմանալի էր, քանի որ նրանք իրար մեջ պակաս բանավիճելու բան չունեին։
Օրինակ, Վահագն Հովնանյանը, խոսելով Հայաստանի ներդրումային դաշտի եւ բիզնես վարելու պայմանների մասին, մի օրինակ բերեց։ «Ոսկերիչ բարեկամ ունեի, քաջալերեցի, որ հոս գա։ Ոսկու խանութ էր ուզում բացել։ Խանութը շինելու ժամանակ ամեն օր տարբեր հսկիչներ կուգային, կասեին՝ ասիկա պետք է փոխես, անիկա պետք է փոխես։ Այդքան դժվարացրին այդ մարդու գործը, թողեց գնաց»,- ասաց Հովնանյանը։
Բադեյանը նրան չարձագանքեց։ Քիչ ավելի ուշ լրագրողներից մեկը ցանկանում էր Հովնանյանին հարց ուղղել։ «Պրն Հովնանյան, շատ գործարարներ գալով Հայաստան՝ կարճ ժամանակում հիասթափված հեռանում են…»,- հարցի մնացած մասը դեռ չավարտած, Հովնանյանի փոխարեն` պատասխանեց Բադեյանը` հետեւյալ խոսքերով. «Էլի սկսեց… տենց չի, աղջիկ ջան, ինչի՞ ես տենց ասում»։ Մինչդեռ րոպեներ առաջ Վ. Հովնանյանը կոնկրետ օրինակով ապացուցել էր, որ լավ էլ «տենց ա»։
Ընդհանուր առմամբ, հանդիպումը հետաքրքիր էր, քանի որ Հովնանյանը երբեմն անկեղծանում էր, իսկ Բադեյանը փորձում էր անուղղակիորեն պատասխանել։ Օրինակ՝ Հովնանյանն իր խոսքում նշեց, որ մենաշնորհները շատ են խանգարում տնտեսական աճին, փոքր բիզնեսի զարգացմանը, քանի որ գին են թելադրում եւ գերշահույթներ են ունենում։ Բադեյանը պատասխան խոսքում համաձայնեց՝ նշելով, որ մեր շուկայի մոնոպոլիզացումը ներդրումների ներգրավման կարեւոր խոչընդոտներից մեկն է։ «Երբ մոնոպոլիզացիա է լինում որոշ ոլորտներում, նեգատիվ կողմն այն է, որ գներ են կարգավորում, արգելում են զարգացումները։ Մոնոպոլիստը ուշ թե շուտ ստիպված է լինելու արտահանել իր կապիտալը։ Որովհետեւ մոնոպոլիզացված շուկաներում այլեւս անելիք չունի, պիտի գնա ուրիշ շուկա»,- ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց Մ. Բադեյանը։ Իհարկե, դեռ ոչ մի մոնոպոլիստ Հայաստանից չի գնացել, քանի որ նախ՝ ուրիշ երկրներում իրենց թույլ չեն տա այդպես հանգիստ փող աշխատել ժողովրդի հաշվին։ Սակայն շարունակենք պատմել բանավեճի մասին։
Վ. Հովնանյանը, բացի ընդհանուր գծերով քննադատությունից, ավելի հեռուն գնաց եւ կոնկրետ օրինակ բերեց մենաշնորհների դեմ «պայքարի» թեմայով։ Նա ասաց, որ ժամանակին փորձել է զբաղվել փայտի բիզնեսով, Ռուսաստանից փայտ ներկրել, սակայն իրենց հորդորել են այդ գործի մեջ չմտնել, եւ փայտը գնել այն մարդկանցից, ովքեր արդեն ներմուծում են։ Լրագրողները փորձում էին համոզել, որ գործարարը փակագծերը բացի, ասի՝ ո՞վ թույլ չտվեց, դա ե՞րբ է պատահել, եւ այլն։ Հովնանյանը, սակայն, տեղի չտվեց եւ ընդամենը ավելացրեց. «Սկսեցինք հետաքրքրվել, որ ուղղակի Ռուսաստանից բերենք փայտը, մարդիկ մեզ այնտեղից ասին՝ չենք կարծեր, որ կրնաք ծախել։ Մենք չէին կարող առնել, որովհետեւ փոխադրումը պիտի դժվար լիներ, սահմանի վրա ապրանքը ամիսներով պիտի մնար, չկարողանայինք մտցնել։ Ախորժակը կորում է արդեն, երբ նման դժվարություններ են ի հայտ գալիս»։ Հովնանյանը մի օրինակ էլ նշեց։ Պարզվում է՝ ժամանակին նա փորձել է ներգրավվել ցորենի բիզնեսի մեջ, սակայն նրան բառացիորեն ասել են. «Մինչեւ բերքը հասնի, ցորենի արտերը կվառեն»։
Մ. Բադեյանն, իհարկե, Հովնանյանին չարձագանքեց, թե՝ այդ ի՞նչ ես ասում, նման բան չի կարող լինել։ Փոխարենը նա տվեց հետեւյալ պատասխանը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Գոյություն ունեն բնական մոնոպոլիաներ, որ, ուզես թե չուզես, էդ մոնոպոլիաները կան։ Այ, երբ ասում է ցորենի մասին, շատ բնական է, որ խոշոր ներկրողը ունենում է առավելություններ այն շուկայում, որտեղից ներկրում է։ Եթե ես բերում եմ 100.000 տոննա, իսկ դուք փորձում եք բերել 1 տոննա, իմ գինը շատ ավելի էժան կլինի, քան ձերը։ Սա բնական է։ Սա բնական մոնոպոլիա է, դրա դեմ պայքարելը անիմաստ է։ Որտեղ որ կա մոնոպոլիա, պետությունը պարտավոր է դնել որոշակի սահմանափակում շահութաբերության վրա։ Այսինքն՝ էդքանից ավել իրավունք չունես ծախել։ Ամբողջ աշխարհում այդպես է. նավթ ներկրողը երբեք չի կարող 1000 հոգի լինի, հացահատիկ ներկրողը, էլեկտրաէներգիա ներկրողը չի կարող 1000 հոգի լինի։ Այստեղ պետությունը եւս անելիք ունի՝ սահմանափակի գները։ Այդ է, ուրիշ ձեւ չկա։ Բանաձեւը էս է։ Պետք է սահմանվի գնի վերին շեմ կամ շահութաբերության շեմ։ Սրանք դասագրքային ճշմարտություններ են, եւ սրա մասին բոլորը գիտեն»։
Ինչու մեջբերեցինք այս խոսքերը։ Բանն այն է, որ ոչ մի դասագրքում «բնական մոնոպոլիա» ասվածի տակ չի մտել հացահատիկի կամ այլ սննդամթերքի ներմուծումը։ Բնական մոնոպոլիան վերաբերում է արդյունաբերության այն ճյուղերին, որտեղ մեկ մատակարար ունենալը տնտեսապես ավելի ձեռնտու է, քան մի քանիսի պարագայում։ Խոսքերը վերաբերում են հիմնականում խողովակաշարային փոխադրումներին, ջրամատակարարմանը, էլեկտրաէներգիայի բաշխմանը։ Այս ոլորտներում պարզապես անիմաստ է մի քանի մատակարար ունենալ, քանի որ ծախսերը շատ մեծ կլինեն։ Պրն Բադեյանի ասածն, իհարկե, ճիշտ է. 100 հազար տոննա ներմուծողի ծախսերն ավելի քիչ են, քան 1 տոննա ներմուծողինը։ Սակայն նույն տրամաբանությամբ՝ ցանկացած ներմուծվող ապրանք պետք է ներմուծի միայն մեկ հոգի։ Ի՞նչ տարբերություն՝ դա ցորե՞ն է, թե՞ լվացքի փոշի։ Այսինքն՝ կստացվի, որ բոլոր ոլորտներում պետք է լինի մոնոպոլիա, ինչը կարելի է համարել «բնական»։ Հետեւաբար՝ պետությունն էլ պետք է բոլոր ապրանքատեսակների գների վրա հսկողություն սահմանի։ Կստացվի անհասկանալի պատկեր։ Նշենք նաեւ, որ «բնական մոնոպոլիայի» մասին խոսելիս պետք է ունենալ համապատասխան օրենսդրություն, մինչդեռ մենք նման օրենք չունենք։ Սակայն լուռ համաձայնությամբ բոլորն ընդունում են, որ բնական մոնոպոլիաները նրանք են, ում գործունեությունը կարգավորվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից՝ էլեկտրաէներգիան, բնական գազը, ջրամատակարարումը, կապը։ Ի՞նչ ցորեն, ի՞նչ փայտ, ի՞նչ դասագրքային ճշմարտություն։ Ինչ վերաբերում է ոչ մրցակցային պայքարին, երբ վարչարարական մեխանիզմներով փորձում են ճնշել մրցակիցներին, Մ. Բադեյանն այդ հարցում իր ուրույն տեսակետն ունի։ «Ես պետք է նշեմ, այո, այդ արատը կար, բայց որպես տենդենց՝ դեպի լավն է գնում։ Վարչարարական մեթոդներով այլեւս չեն աշխատում (կամ քիչ են աշխատում) կոնկուրենտներին նեղացնել»։
Իսկ ընդհանրապես, ըստ պատգամավորի, միշտ չէ, որ պետությունն է մեղավոր։ «Հաճախ լինում է, որ ներդրողները, որ գալիս են արտերկրից, իրենք բիզնեսմեն չեն, իրենց երկրներում բիզնեսմեն չեն եղել, օրենքները չգիտեն բիզնեսի։ Փորձում են Հայաստանում բիզնես անեն։ Եթե էնտեղ չեն հաջողվել, փորձում են էստեղ անել՝ չի ստացվում։ Դա մասնագիտություն է։ Էստեղ չի կարելի մեղադրել որեւէ մեկին, բացի անպատրաստ մարդուց։ Շատ օրինակներ կան»,- նշեց Բադեյանը` դա անվանելով ներդրումների արգելակման բարոյահոգեբանական գործոն։
Սակայն դա էլ դեռ ամենը չէ։ Ըստ Բադեյանի, դրսից միշտ չէ, որ ազնիվ մարդիկ են գալիս։ «Այնքա՜ն խարդախներ են գալիս, հո բոլորը Վահագն Հովնանյանի պես չեն»,- ասում է Բադեյանը։
Իսկ Հովնանյանը, պարզվում է, իր անկեղծությունից եւ ազնվությունից միշտ չէ, որ շահում է։ «Ամեն անգամ, որ թելեվիժնի կամ թերթի վրա կխոսիմ, վայրկյանական այդ խոսածիս կառավարական օֆիսներեն խումբով կուգան մեզի «ինսփեքթ» ընելու։ Անցյալ անգամ խոսեցա աշխատավորության խնդիրներու մասին, շաբաթ մը չանցավ` խումբով էկան 3-4 շաբաթ, անանգ թղթեր ուզեցին, 5,6,7 տարվա։ Ասում են` պետք է գնաս քոփի ընես։ Ես չէի պատկերացնում, որ այդքան թուղթ բաներ կան։ Հարկայինից մի հսկա քանակ ժողովուրդ եկան, գոցեցին մեր ամբարը, ըսին, որ` ապրանք չեք կարող հանել այստեղե…»,- ասաց Հովնանյանը՝ չբացառելով, որ այս ասուլիսից հետո նորից իրեն այցի գան։ Եվ այդուհանդերձ, որքան էլ զարմանալի լինի, Հովնանյանի համար «Հայաստանը հրաշալի տեղ է աշխատելու համար»։