Դեռեւս նորություններ չկան

30/06/2011

ՀՀ նախագահի հանձնարարականից հետո «Մարտի 1»-ի գործով հարցաքննվել է շուրջ 100 մարդ, համացանցում հայտնված տեսանյութերի հետ կապված նշանակվել է փորձաքննություն, անհարժեշտ կլինի այլ լրացուցիչ փորձաքննություն նշանակել:

Երեկվա ասուլիսում այս մասին հայտարարել է Հատուկ քննչական ծառայության հատուկ կարեւոր գործերով քննիչ, «Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը` հավելելով, թե գործը նույն ինտենսիվությամբ շարունակվում է, բացահայտումներ չկան, ակնկալվում են արդյունքներ, «որոնց սպասում է ողջ հասարակությունը»:

Հատուկ քննչական ծառայությանը չի հաջողվել պարզել, թե ովքեր են այն ոստիկանները, ովքեր 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Լեո-Պարոնյան հատվածում ջրցան մեքենայի կողքին խմբված իրավապահների միջից հորիզոնական ուղղությամբ կրակոցներ են արձակում: YouTube-ում հայտնված այս կադրերը Հատուկ քննչական ծառայությունը սկսել էր ուսումնասիրել անցած ամսվանից: Պարզվել է, որ կրակողները Ոստիկանության աշխատակիցներ են, սակայն չի հաջողվել նույնականացնել նրանց դեմքերը: «Տեսապատկերները ենթակա չեն նույնականացման համակարգչային ավտոմատացված եղանակով: Մեր փորձագետների տրամադրության տակ ունեցած տեխնիկայի միջոցով այսօրվա դրությամբ արձանագրվել է, որ հնարավոր չէ»,- ասել է Վահագն Հարությունյանը` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին: Հարցին, թե արդյո՞ք հաջողվել է պարզել, թե ինչ զենքից են կրակում Ոստիկանության աշխատակիցները, Վ. Հարությունյանը պատասխանել է, թե տեսանյութում դա չի երեւում, եւ այդ հարցի պատասխանը տալու համար կնշանակվի փորձաքննություն: «Ձգաբանների եւ համակարգչային տեխնիկայի մասնագետների ներգրավմամբ կփորձենք պարզել, թե ինչ տեսակի զենքեր են այդ տեսանյութում կիրառվում: Չի բացառվում «Կոռնետ» ատրճանակը, որը սովորական ատրճանակ է, արտաքինից ոչ մի բանով չի տարբերվում, սակայն այն անգնդակ փամփուշտներ է կրակում: AK-74 ինքնաձիգը օգտագործել են այդ օրը եւ՛ անգնդակ փամփուշտներով, եւ՛ լուսածրային մարտական փամփուշտներով: Այս պահին հստակ ասել, որ դա եղել է ատրճանակ, հատուկ միջոց, ինքնաձիգ, թե այլ տեսակի զենք, դեռեւս հնարավոր չէ»,- ասել է նա:

Նա հրապարակել է լրագրողների հետ նախորդ հանդիպման ժամանակ հնչած հարցի պատասխանը` անդրադառնալով այն կարծիքին, թե հետաքննող մարմինը չի ցանկացել հաշվի առնել զոհված Գոռ Քլոյանի հոր` Սարգիս Քլոյանի ունեցած կարեւոր տեղեկություններն իր որդու մահվան կապակցությամբ: Հարությունյանը հիշեցրել է, որ Սարգիս Քլոյանը համացանցում տեղադրված տեսանյութում նշել էր, որ ինքը գիտե որդուն սպանողի անունը` ասելով, որ եթե Դատախազությունից իրեն հրավիրեն, ինքը կասի «այդ հրեշի անունը, որ դեռ ծառայում է ներքին զորքերում»: Վ. Հարությունյանի խոսքով` տեսանյութի հրապարակման հաջորդ օրը` 2010թ. մարտի 2-ին Հատուկ քննչական ծառայությունում Քլոյանը նշել էր, որ ինքը երբեք չի դիմել իրավապահ մարմիններին` «սպանողի մասին տեղեկություններ հաղորդելու»: «Իմ որդու սպանողի մասին ես տեղեկացել եմ մամուլի հրապարակումներից»,- ասել էր Քլոյանը` հավելելով, որ ինքը ենթադրել է, որ եթե մամուլի հրապարակումները մնացել են անարձագանք, ուրեմն «իր տեղեկություններն էլ են մնալու առանց արձագանքի»: Վ. Հարությունյանը` հրապարակելով Ս. Քլոյանի հարցաքննությունն ամբողջությամբ, ասել է, թե նա իր որդու մահվան հանգամանքների վերաբերյալ, ըստ էության, ոչ մի տեղեկություն չի տվել:

Ի դեպ, Վ. Հարությունյանն ասել է, որ 2008թ. մարտին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին գաղտնալսելու թույլատվություն չի տրվել: Եղել է դատարանի թույլատրությունը, եւ օրենքով սահմանված կարգով գաղտնալսվել է Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսը: