Գլխավոր դերում Ռուսաստանն է

30/06/2011

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զինադադարը երեքշաբթի խախտվեց. սահմանին կողմերը կրակոցներ փոխանակեցին: Բախումը տեղի ունեցավ ԼՂ հարցի շուրջ բանակցությունների վերջին փուլի ուրբաթօրյա ձախողումից հետո»,- գրում է ամերիկյան «Stratfor» վերլուծական կենտրոնի փորձագետ Յուջին Չաուսովսկին իր` «Ռուսաստանը վերահսկում է ԼՂ հակամարտությունը» վերտառությամբ հոդվածում: Հոդվածագիրն այնուհետ ընդգծում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում «գլխավոր գործող անձինք» ոչ թե Ադրբեջանն ու Հայաստանն են, այլ ավելի շուտ Ռուսաստանը. «Նախկին ԽՍՀՄ տարածքում Ռուսաստանի հիմնական նպատակն իր շահերն առաջ մղելն է` «արգելափակելով» օտարերկրյա գերտերությունների եւ, առաջին հերթին, Արեւմուտքի շահերը: Մասնավորապես, հենց այսպիսի դասավորություն գոյություն ունի նաեւ Կովկասյան տարածաշրջանում, որը բաղկացած է Հայաստանից, Ադրբեջանից եւ Վրաստանից: Բոլոր այդ երեք երկրների նկատմամբ Արեւմուտքը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում»,- գրում է Չաուսովսկին: Նա նշում է, որ Ադրբեջանը, շնորհիվ իր նավթի եւ գազի մեծ պաշարների, այսօր էներգիայի կարեւոր մատակարար է հանդիսանում եւ սպառնում է Արեւմուտքում Ռուսաստանի էներգետիկ կապերին եւ քաղաքական հարաբերություններին: «Դա էլ հենց բացատրում է Երեւանի հետ Մոսկվայի հարաբերությունները, որին (Երեւանին) նա (Մոսկվան) աջակցում է տնտեսապես եւ քաղաքականապես»,- գրում է հոդվածագիրը եւ հավելում, որ դա նաեւ բացատրում է ԼՂ հարցի շուրջ Ռուսաստանի դիրքորոշումը: «…. Նա (Ռուսաստանը) ձեւացնում է, թե որպես բանակցող փորձում է ամեն ինչ անել` համաձայնություն ձեռք բերելու համար, սակայն իրականում ամեն ինչ անում է նման համաձայնագրի կնքումը կանխելու համար»,- գրում է Չաուսովսկին:

Չաուսովսկիի կարծիքով` քանի դեռ ղարաբաղյան հարցը լուծված չէ, Թուրքիայի միջոցով Ադրբեջանի կապը Արեւմուտքի հետ արգելափակված կլինի։ «Թեկուզ Ադրբեջանն իր ռազմական ծախսերը մեծացնում է, փաստը մնում է փաստ, որ Հայաստանում ռուսական ներկայությունը Ադրբեջանի համար արգելափակող ուժ կլինի… հետեւաբար ԼՂ հարցի շուրջ որեւէ էական առաջընթացի հեռանկարները հանգում են Ռուսաստանի դիրքորոշմանը»,- եզրափակում է փորձագետը։