Այցելել է Սեւանի հանրային լողափեր

30/06/2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանն այցելել է «Սեւան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափեր, որոնք ստեղծվել են ի կատարումն ՀՀ նախագահի 25.02.2011թ. հանձնարարականի եւ նպատակ ունեն ապահովել ազգաբնակչության հանգստի անվճար եւ արդյունավետ կազմակերպումը: ՀՀ նախագահը շրջել եւ ծանոթացել է լողափերի տարածքում իրականացված աշխատանքներին, զրուցել հանրային լողափում մաքրման աշխատանքներ իրականացնող «Միասին» շարժման մասնակիցների հետ: Ս. Սարգսյանն աշխատանքային քննարկում է անցկացրել Սեւանա լճի բնապահպանական հարցերի պատասխանատուների հետ, որի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ ՀՀ Նախագահին առընթեր «Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի» նախագահ Վլադիմիր Մովսիսյանը զեկուցել են լճի պահպանման, վերականգնման, բնականոն զարգացման եւ օգտագործման ուղղությամբ կատարված աշխատանքների ու առաջիկա միջոցառումների մասին, այդ թվում` անդրադարձել լճի մակարդակի բարձրացման հետ կապված անշարժ գույքի ապամոնտաժման, անտառմաքրման եւ ենթակառուցվածքների տեղափոխման աշխատանքների ընթացքին: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ներկայացրել է «Սեւան» ազգային պարկի խորհրդի կողմից իրականացվող աշխատանքները: Նախագահի կողմից նոր հանձնարարականներ են տրվել` կապված Սեւանա լճի ափամերձ անտառածածկ տարածքների մաքրման, անշարժ գույքի ապամոնտաժման եւ տեղափոխման նոր ժամանակացույցի կազմման հետ: Ի դեպ, Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը մարզպետ Նվեր Պողոսյանի հետ քննարկել է մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները: