Անգամ փորձագիտական պատրաստվածություն չունեցող մեկին էլ պարզ է` Ղարաբաղի թնջուկը գործնականում անլուծելի է: Կողմերն ունեն միմյանց հակասող դիրքորոշում, եւ անգամ մեկ քայլ նահանջն այդ դիրքորոշումից ճակատագրական է յուրաքանչյուրի համար: Մեջբերումները միջազգային տարբեր լրատվամիջոցներից, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներից ով որքան է հիասթափված, կողմերին արդեն այնքան էլ չի մտահոգում:
Ֆորմատը` երրորդ կողմի ներկայությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում, ապա` համեղ ճաշ, այն բանալին չէ, որը կարող է բացել խնդրի կարգավորման դուռը: Նախեւառաջ պետք է հաշվի առնել, թե ինչ փիլիսոփայությամբ են հանդիպում ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները: Նրանք երկու զայրացած, միմյանց հանդեպ անթաքույց արհամարհանքով եւ թշնամանքով լցված տղամարդիկ են: Եվ նրանց ղեկավարած հասարակություններն էլ նույն հոգեվիճակում են: Իսկ սա փակուղի է: Ավելի ստույգ` պատերազմ:
Կազանի հանդիպումը, մեկը` հերթականներից, դարձյալ արդյունք չտվեց: Վերլուծաբանները կարծիք են հայտնում, թե սա վկայությունն է, որ Մինսկի խմբի ձեւաչափն իրեն չի արդարացնում, պետք է փնտրել եւ գտնել այլ ձեւ: Մինչ ավելի արդյունավետ միջոցների փնտրտուքը` այնքան գումարներ ու ուժեր են վատնվում` նման հանդիպումների կազմակերպման համար:
Մինչ երկրի նախագահի Կազան (կամ այլ երկիր) մեկնելը` ուղղաթիռները երկար եւ բավականին ցածր սավառնում են օդանավակայանին հարող տարածքում: Լվացք փռող կանանցից եւ իրենց կովերն արածացնող երեխաներից բացի` ուղղաթիռի բարձրությունից վտանգավոր այլ բան դժվար է նկատել: Այսինքն` ոչինչ չի կարող խանգարել քաղաքական ողջ վերնախավին` սպասարկող մեքենաներով, թիկնապահներով սուրալ օդանավակայան` ճանապարհելու երկրի առաջին դեմքին դեպի պատմական նոր իրադարձություն:
Նույնը տեղի է ունենում հարեւան Ադրբեջանում: Թե որքան գումար է պետական բյուջեից ծախսվում նման պայմանականությունների, անարդյունավետ հանդիպումների վրա, դժվար չէ հաշվել: Թե որքան գումար է ծախսվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պարբերական այցելությունները տարածաշրջան կազմակերպելու եւ ընթացիկ այլ մանրուքների վրա, եւս կարելի է հաշվել: Բոլորը սկսում են վերլուծել` ի՞նչ կլինի, մինչեւ պարզվում է, որ այդքան երկար նախապատրաստված եւ ծախսատար արարողությունը սոսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներին շնորհակալություն հայտնելու համար էր: Ժամանակակից տեխնիկան թույլ է տալիս երախտագիտությունը հայտնել առանց տեղաշարժվելու եւ պետական գանձարանից հսկայական գումար ծախսելու: Էլփոստով կամ հեռախոսով կարելի է աշխարհի յուրաքանչյուր անկյուն ուղարկել այդ գեղեցիկ բառը` շնորհակալություն, եւ վերջ:
Հայտնի է` չկան անլուծելի խնդիրներ, հատկապես, եթե խնդրի լուծման հարցում կողմերը շահագրգռված են հավասարապես: Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են նույն տարածաշրջանում, հարեւաններ են, սա հնարավոր չէ չնկատել եւ հաշվի չառնել: Մեր երկու հասարակությունները մինչեւ 88 թվականն ապրել են հաշտ ու համերաշխ: Այսինքն` տեսականորեն հնարավոր է հայի ու ադրբեջանցու բարեկամությունը: Ավելին, այն հաստատված է բազմաթիվ նախադեպերով: Այս քսան տարիներին շատ ջրեր են հոսել. եղել է Արցախյան պատերազմը, եղել են Սումգայիթի, Բաքվի, Խոջալուի ջարդերը, կան միլիոնավոր փախստականներ` Հայաստանից, Ղարաբաղից ու Ադրբեջանից: Սակայն թշնամանքը խորացնելը, պատերազմի հռետորաբանությունը եւ մկանների ցուցադրությունը 21-րդ դարում արդեն ժամանակավրեպ է:
Կա լուրջ, աշխատող տարբերակ, որով հնարավոր է կարգավորել ցանկացած խնդիր, այդ թվում եւ Ղարաբաղի խնդիրը` առանց տասնյակ-հազարավոր զոհերի, անհասկանալի, անորոշ ապագայի: Եվ այդ տարբերակը հնարավոր է, եթե երկու հասարակություններն էլ ունենան գիտակցության այն աստիճանը, որը հնարավորություն է տալիս աշխատեցնել ուղեղը, զատել առաջնայինը երկրորդականից: Իսկ առաջնայինը հայ եւ ադրբեջանցի երիտասարդների կյանքն է: Մեկ մարդու օրինակով կարելի է ընդհանրացնել իրավիճակը. երբ անզոր ես լուծել որեւէ խնդիր, լուծումը մնում է մեկը` փոխել վերաբերմունքդ տվյալ իրավիճակի հանդեպ: Պետք է փոխել մեր վերաբերմունքը խնդրի հանդեպ: Սակայն նման քարոզչություն, ըստ էության, չի տարվում: Հայաստանում նման միտք հայտնել է թերեւս միայն արեւելագետ Դավիթ Հովհաննիսյանը: Պետք է տրանսֆորմացնել խնդիրը: Ադրբեջանում էլ կան գիտակցության բարձր մակարդակ ունեցող քաղաքագետներ, գիտնականներ, ովքեր ռազմական հռետորաբանությունը համարում են վտանգավոր եւ անհեռանկար, փորձում են ազդել հասարակության գիտակցության վրա:
Այնքան գումար, որքան ծախսում է ադրբեջանական ու հայկական կողմը հակաքարոզչության վրա, ջուրը թափված գումար է: Լրատվական ծրագրով հայտարարել, որ շփման գծում այսքան հայ զինվոր է սպանվել ադրբեջանցի դիպուկահարի գնդակից եւ, ի պատասխան, հայկական կողմն էլ սպանել է այսքան ադրբեջանցի զինվոր, կարող են սփոփել միայն հիմարին: Ի վերջո, սահմանին հայ եւ ադրբեջանցի ամենախեղճ խավի զինծառայողներն են, ովքեր կաշառքով չեն կարողացել իրենց ծառայությունը կազմակերպել ավելի ապահով մի զորամասում: Նրանցից յուրաքանչյուրի մահը երկու կողմի պարտությունն է:
Մեր երկրների նախագահներն իրենց աշխարհայացքով, մտածելակերպով չեն համապատասխանում ժամանակակից, հակամարտության մեջ գտնվող երկրի նախագահի ստատուսին: Նրանք կրում են սովետական շրջանի մտածողությունը, չունեն փիլիսոփայություն, իրադարձություններին բարձրից նայելու հմտություն: Նրանք չափազանց շատ են կախված օլիգարխներից, միջազգային կառույցների բարեհաճությունից, ներքաղաքական ինտրիգներից, քանի որ լեգիտիմության հետ կապված խնդիրներ ունեն: Մեզ պետք են ղեկավարներ, ում համար յուրաքանչյուր հայի եւ ադրբեջանցու կյանքը թանկ է, ում համար երկրից հեռացող յուրաքանչյուր հայ ու ադրբեջանցի ծանր կորուստ է: Իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ նրանց սպասարկող կուսակցությունների համար իրենց քաղաքացիների կյանքը թանկ չէ:
Ղարաբաղյան խնդիրը կարող են լուծել նոր մտածողության, ավելի երիտասարդ ղեկավարներ: Նախեւառաջ պետք է վերացնել թշնամությունը ազգերի միջեւ: Բանակցությունների սեղանի շուրջ զայրույթն ամենեւին լավ խորհրդատու չէ: Զոհված ազատամարտիկի մայրը, քույրը, երեխան կարող են առարկել` ապա մեր հոր արյո՞ւնը: Դա հնարավոր չէ մոռանալ, սակայն նոր թափված արյունը դժվար սփոփի որեւէ մեկին:
Գուցե սենտիմենտալ է հնչում, սակայն խաղաղությանն ուղղված ամենատարօրինակ միտքը, վստահ եմ, անհամեմատ գերադասելի է թշնամանքի քարոզից: