ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը երեկ տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչությունն արձագանքել է մեր նախորդ համարներից մեկում տպագրած հրապարակմանը եւ, ուսումնասիրելով Արարատի մարզի Ազատաշեն գյուղի բնակիչների խնդիրը, պատրաստ է աջակցել անձնագրեր ստանալու հարցում: Անձնագրային եւ վիզաների վարչության պատասխան նամակը տպագրում ենք ամբողջությամբ:
«168 Ժամ» թերթի հունիսի 14-15-ի թիվ 61(821) համարում զետեղված «Սաքոն ու իր հարեւան օձերի ընտանիքը» վերնագրով հրապարակման մեջ հոդվածագիրն անդրադարձել է Արարատի մարզի Ազատաշեն համայնքի բնակիչներ Ծաղիկ Գալստյանի եւ Կարապետ Վարպետյանի՝ ՀՀ քաղաքացիներ հանդիսանալու, հաշվառվելու եւ նրանց ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրելու խնդրին։ Մասնավորապես, նշվել է, որ Ծաղիկ Խաչիկի Գալստյանը եւ Կարապետ Ալբերտի Վարպետյանը բնակվում են ՀՀ-ում, բայց փաստաթղթերով ՀՀ քաղաքացիներ չեն, երկուսն էլ մինչ օրս փաստաթղթավորված են նախկին ԽՍՀՄ նմուշի «կարմիր» անձնագրերով եւ ներկայումս անձնագիր չունեն։ Նրանք նախկինում հաշվառված են եղել հայրական տանը, որը վաղուց չկա։ ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվելու համար նրանցից պահանջում են հաշվառման վերաբերյալ տեղեկանք, ինչը հնարավոր չէ ներկայացնել, քանի որ բնակության վայր չունեն, ապրում են Արարատի մարզի Ազատաշեն եւ Արբատ գյուղերի միջեւ գտնվող մի ամայի տարածության մեջ տեղադրված վագոն-տնակում, հողն էլ սեփականաշնորհված է եւ ուրիշի հողատարածքում հաշվառվելն՝ անհնար։ Կատարված ստուգումներով պարզվել է, որ Ծաղիկ Խաչիկի Գալստյանն իրականում ՀՀ քաղաքացի է եւ ունի ՀՀ քաղաքացու անձնագիր (տրված՝ 27.03.1999 թ., 014-ի կողմից)։ 02.07.1985 թ. հաշվառվել Է Երեւանի Անդրանիկի փողոցի 102 շենքի 22 բնակարանում, իսկ 30.03.2001-ին հանվել է նշված հասցեի հաշվառումից։ Կարապետ Ալբերտի Վարապետյանը (ոչ թե Վարպետյանը, ինչպես նշված է հրապարակման մեջ) ԽՍՀՄ նմուշի անձնագրով (տրված 09.12.1982թ., Լենինյան շրջանի ՆԳԲ կողմից) 28.07.1983-26.09.1984 ժամանակահատվածում հաշվառված է եղել Ավան Առինջի 3/12 շենքի 5 բնակարանում: 04.02.1987թ. հաշվառվել է Հարավ Արեւմտյան Բ-1 թաղամասի 91 շենքի 8 բնակարանում, իսկ 27.02.1995 թ. հանվել է նշված հասցեի հաշվառումից: Վերը նշվածը հաստատվել է նաեւ Արարատի մարզի Ազատաշեն համայնքի ղեկավարի գրությամբ, համաձայն որի՝ Ծաղիկ Խաչիկի Գալստյանն իր ամուսնու՝ Կարապետ Ալբերտի Վարապետյանի եւ որդու՝ Սարգիս Կարապետի Գալստյանի հետ բնակվում է ՀՀ Արարատի մարզի Ազատաշեն գյուղում, Ֆաթիմա Գրիգորյանին պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա տեղադրված վագոն-տնակում։ Նշված հողամասը հասցեավորված չէ։ Համաձայն ՀՀ կառավարության «ՀՀ քաղաքային եւ գյուղական բնակավայրերում ներբնակարանային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու եւ տեղակայման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու եւ հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման՝ հասցեների համարակալման եւ հասցեավորման լիազոր մարմինը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն է, իսկ նույն որոշման 7-րդ գլխի 48-րդ կետով սահմանված կարգով՝ համայնքների տարածքում տեղակայված անշարժ գույքը հասցեավորում են համայնքի ղեկավարները։ Հրապարակման մեջ նշված փաստերի ուսումնասիրության արդյունքներով` Ոստիկանության Մասիսի անձնագրային բաժանմունքին հանձնարարվել է Ազատաշեն համայնքի ղեկավարի հետ համագործակցելով` լուծել Ծաղիկ Խաչիկի Գալստյանի եւ Կարապետ Վարապետյանի բնակության վայրի հասցեավորման, հաշվառման եւ անձնագրավորման հարցը»: