Տաղտկալի նմանություն

30/06/2011 Արա ԳԱԼՈՅԱՆ

Այս շաբաթվա տնտեսական կարեւորագույն իրադարձություններն էին ՀՀ վարչապետի հարցազրույցը մեր թերթին եւ սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանի ասուլիսը: Դրանք էլեկտրոնային լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում ամենաքննարկվող նյութերը դարձան: Ու անմիջապես` նախորդ դարի բառապաշարով ասած` «դեռ թանաքը չչորացած»: «Ինչո՞ւ» հարցին դժվար է միանշանակ պատասխանելը: Որովհետեւ դրանցում լայն իմաստով նորություն չկար: Ուստի հիշեցնում ենք խորհրդային հայտնի անեկդոտը: Ծեր հրեան կեսգիշերն անց քաղաքի պատերին թղթեր է փակցնում: Պատահական անցորդի հարցին, թե` «Ի՞նչ ես անում», անվրդով պատասխանում է «Թռուցիկներ եմ փակցնում»: Անցորդը զարմանում է. «Սա ի՞նչ թռուցիկ է, թղթերի վրա ոչինչ գրված չէ»: «Ի՞նչ գրեմ, բոլորն էլ գիտեն երկրի վիճակը»,- հնչում է ծեր հրեայի պատասխանը: Կարդացեք վարչապետի հարցազրույցն ու սփյուռքահայ գործարարի ասուլիսի մասին նյութերը: Կարդացեք ու համոզվեք, որ չարժեր լրացուցիչ անգամ ներկայացնել այն, ինչ գիտեն բոլորը: Գործարար Վահագն Հովնանյանը անկախության առաջին տարիներից Հայաստանում է ու փորձում է բիզնես անել: Ասեք, որ հայրենասիրության հազվագյուտ դրսեւորում է խիստ մոնոպոլացված տնտեսություն ունեցող երկրում ներդրում կատարելը: Որքան էլ այդ երկիրը պատմական հայրենիք լինի: Մարդը բողոքում է, թե շինարարությամբ զբաղվելով չի կարողացել փայտանյութ ներկրել Հայաստան: Որովհետեւ դա օլիգարխներից մեկի ոլորտն է: Հայկական շոու-բիզնեսի բառապաշարով ասած` «Էքսկլյուզիվը»: Այլ ոլորտներ մտնելն էլ անհնար է, որովհետեւ դրանցում էլ ինչ-որ մեկը «էքսկլյուզիվ» ունի: Այս կարծիքը լիովին համադրելի է վարչապետի հարցազրույցի այն հատվածի հետ, որտեղ Տիգրան Սարգսյանը խոստանում է բարեփոխումներով լուծել օլիգոպոլիաների խնդիրը եւ ստեղծել հավասար մրցակցային դաշտ: Վարչապետի հարցազրույցի մի հատված, ուր նա բողոքում է, որ մեր հասարակության մի զգալի մասը կաշառք տալը համարում է նորմալ երեւույթ, ինձ սփյուռքահայ գործարարների մի զրույց հիշեցրեց: Տարիներ առաջ երկու ոչ շատ հարուստ ամերիկահայ որոշել էին հայկական չրի արտադրության փոքր գործարան կառուցել Աշտարակում: Ես պատահաբար ներկա եղա գործարանի շինարարությունն իրականացրած աշխղեկի ու նրանց զրույցին: Աշխղեկը տեղեկացնում էր, որ արդեն կառուցել-ավարտել է էլեկտրական հոսանքի ապահովման կայանը, եւ այն ցանցին միացնելու համար էլցանցի պատասխանատուն 600 դոլար գումար է պահանջում: Ամերիկացի սեփականատերերին թվաց, թե շինարարը ինչ-որ խախտումներ է թույլ տվել, որի պատճառով էլ «լույսի պատասխանատու մարդը» գումար է ուզում: Նրանք աշխղեկից պահանջում էին վերականգնել խախտումները եւ ձեռնարկության տրանսֆորմատորային կայանը համապատասխանեցնել արդեն հաստատված նախագծին: Աշխղեկը փորձում էր բացատրել, որ ինքն ամեն ինչ ըստ նախագծի է կառուցել, բայց, միեւնույն է, իրենից կաշառք են ուզում: Սփյուռքահայ գործարարները ոչ մի կերպ չէին համաձայնում ճիշտ կատարված աշխատանքն ընդունելու դիմաց կաշառք տալ: Խնդիրն ի վերջո սովորական լուծում ստացավ: Հայաստանցի աշխղեկը ինձ որպես տեղացու` հարազատ հոգի ընկալելով, ասաց, որ ստիպված իր գրպանից է վճարելու 600 դոլարը: Իսկ հաջորդ անգամ սփյուռքահայերի համար շինարարություն իրականացնելիս նախահաշվի մեջ է մտցնելու լույսի մարդու, հրշեջ ծառայության, ջրմուղ-կոյուղու, սանէպիդի ու շահագործման ակտը ստորագրող այլ ծառայությունների բաժին կաշառքը: Դա տարիներ առաջ էր: Հիմա սփյուռքահայերը պատմական հայրենիքում ներդրում համարյա չեն կատարում: Իսկ կատարողներն էլ, տեղացիների նման, հստակ գիտեն յուրաքանչյուր օղակին տրվելիք կաշառքի չափը: Գործարարության նման միջավայրում հարազատ կառավարության բոլոր ձեռնարկները մենք պարտավոր ենք սխրանք որակել: Ի վերջո, մեր քաջարի կառավարությանը ահագին բան է հաջողվել կյանքի կոչել: Օրինակ, այն, որ տնտեսվարման հավասար պայմանների ապահովման համար ստեղծված ՏՄՊՊՀ-ն իրավունք ստացավ 100 մլն դրամ տուգանք նշանակել: Մի անգամ նույնիսկ օգտվեց այդ իրավունքից ու մոնոպոլիզի ձգտող մի տնտեսվարողի հենց 100 մլն դրամանոց տուգանք նշանակեց: Այդ գումարն, իհարկե, պետբյուջե չմտավ: Տնտեսվարողն հայտարարեց, որ չի էլ պատրաստվում մուծել: Դժվար չէ պատկերացնելը, որ խեղճուկրակ պետական մարմինը դատարանում պարտվելու է: Դատարանն, իհարկե, պետության դեմ չի գնա, բայց վստահաբար կարելի է կանխատեսել, որ առնվազն մեկ կարգ կնվազեցնի վճարվելիք տուգանքը: Փոխհատուցման իր չափաբաժնի դիմաց, իհարկե: Սա ապագայի խնդիր է, իհարկե: Իսկ ներկան այլ է: Ներկա պահին մեր քաջասիրտ կառավարությունն ուրախացել է, որ իրեն հաջողվել է ընդունել տալ «Հանրային ծառայությունների մասին օրենքը»: Այդ օրենքը, վարչապետի բառապաշարով ասած, 500 բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանրային հսկողության տակ կդնի: Այ այս տարի եկամուտների հայտարարագրման համակարգը կներդրվի, ու ամեն ինչ իր տեղը կընկնի: Այսինքն, կոռուպցիան կվերանա: Կարելի է կարծել, թե մինչ այս բարձրաստիճան պաշտոնյաները եկամուտները չեն հայտարարագրել: Կամ որեւէ մեկին հաջողվել է տեսնել այդ հայտարարագրերը: Բացառությամբ, իհարկե, ավելի բարձրաստիճան մի քանի պաշտոնատարի: Մեր վարչապետն ի պաշտոնե պարտավոր է նման լավատեսական ելույթներ ունենալ, բացատրաքարոզչական հարցազրույցներ տալ: Սա հասկանալի է: Անհասկանալին այն է, թե ինչու է սփյուռքահայ գործարարը լրագրողների առջեւ անկեղծացել ու պատմել այն, ինչ գիտեն բոլորը: Սփյուռքահայերը, որպես կանոն, զգուշավոր են: Հատկապես պատմական հայրենիքում բիզնես անելիս: