«Ո՞վ պիտի ավագանուն բան ասի, իսկ քո նման անտերին պաշտպանի»,- ասել է Գառնիի ավագանու անդամը

30/06/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լիլիթի կատվի երեք ձագերը ծնվել են Առաջին Հանրապետության օրը` մայիսի 28-ին: Համոզված է, որ այդ զուգադիպությունը պատահականություն չէ, եւ կատվի ձագերի ծննդյան օրը խորհուրդ ունի: «Մեր տան կատուն իմ պաշտպանն ա, որովհետեւ, եթե ինքը չլիներ` հիմա վաղուց օձն ինձ խայթել էր»: Մի անգամ Լիլիթն իրենց տան դիմաց ականատես է եղել, թե ինչպես է կատուն օձին մեջտեղից «ճղել» եւ բերել տուն, հավանաբար ցույց տալու համար, թե տանտերերին ինչ վտանգից է փրկել: Մայիսի 28-ին ծնվել են կատվի երեք ձագերը: Լիլիթի մայրը` Գեղեցիկն, ուզում է ձագերին նվիրել հարեւաններին, բայց Լիլիթը դեմ է, որովհետեւ կարծում է, որ «անկախ» կատուներն իրենց ընտանիքին նույնպես անկախություն են բերելու: Մայր ու աղջիկ տարիներ առաջ վագոնում էին ապրում` անջուր, անհաց… «Եղբորս յոթ երեխաներից մեկը Գերմանիայում ա ապրում: Հայաստան գալուց եկավ մեր վագոն ու ի՞նչ… Ես երեխուն գիրկս նստած, օձն էլ գլխիս վերեւում կախված»,- պատմում է Գեղեցիկն` ասելով, որ եղբորորդին այդ տեսարանից այնպես է սարսափել, որ որոշել է իր երեխաների «բերանից» կտրելով` հորաքրոջ համար մի փոքրիկ ապրելատեղ կառուցել: Կոտայքի մարզի Գառնի գյուղի Ազատամարտիկների խճուղի 2/2 տանն ապրող Գեղեցիկ Վարդանյանն ասում է, որ Գառնիում կատուների ու շների խիստ պահանջարկ կա:

«Մեր պաշտպանները դրանք են, թե չէ` օձերը մեզ կուտեն: Շատ ա պատահել, որ մեր շունը կամ կատուն դռան առաջից օձի ճուտ են խեղդել: Հիմա ուզում եմ ձագերին տամ հարեւաններիս, խնդրել են, բայց աղջիկս ասում ա` էս ձագերը մեզ հաջողություն են բերելու, անկախ կատուներ են»,- ասում է տիկին Գեղեցիկը, ով ապրելով 21-րդ դարում, Հայաստանի Երրորդ Հանրապետությունում երազում է անկախության մասին: Անկախություն բառի ուղիղ իմաստով: Բանն այն է, որ միայնակ մայր տիկին Գեղեցիկն իր միակ աղջկա հետ ապրում է Գառնի գյուղի այն հատվածում, որտեղի հարակից տարածքում բենզալցակայան եւ հողատարածք ունի Գառնիի ավագանու անդամ Եղիազար Բաղդասարյանը: Թեեւ նա բնակվում է գյուղի այլ տարածքում, այդուհանդերձ, Ազատամարտիկների խճուղում հողատարածք գնելուց եւ բիզնես ծավալելուց հետո միայնակ կնոջն օր ու արեւ չի տալիս: «Դեռ էն ժամանակ, երբ վագոնում էինք ապրում, վախից սիրտներս ճաքում էր: Խմած, հարբած, գիշերվա հազարին գալիս դուռս ծեծում էր: Ինչ օրեր եմ անցկացրել` չեք պատկերացնում, վախը միշտ սրտումս ա»,- պատմում է տիկին Գեղեցիկը` վստահեցնելով, որ Եղ. Բաղդասարյանն օգտագործելով ավագանու անդամի իր լիազորությունները` մշտապես անհանգստացրել է իրեն եւ ոչ կոռեկտ վարքագիծ է դրսեւորել: Թեեւ Եղ. Բաղդասարյանի պահվածքի մասին տիկին Գեղեցիկը տեղեկացրել է նրա ընտանիքին, այդուհանդերձ, անօգուտ. «Ասել եմ` կբողոքեմ, ասում ա` ո՞ւմ պիտի բողոքես: Էդ ո՞վ ավագանուն բան կասի, իսկ քո նման անտերին կպաշտպանի: Գնա ինչ ուզում ես արա, բայց մի մոռացի, որ ես գյուղի ավագանին եմ: Էնքան վիրավորված ու ստորացած եմ ինձ զգում, չեք պատկերացնի: Լինելով միայնակ մայր` էնքան անպաշտպան եմ»: Հարցնում եմ` «Իսկ ինչո՞ւ չեք դիմել իրավապահ մարմիններին»: «Ուզում էի, մի անգամ ասացի` թաղայինին տեղեկացնելու եմ, բայց թաղայինն էլ իրա ընկերն ա, ամբողջ օրն իրար հետ ուտում-խմում են, կարծում եք` իրան կարգի կհրավիրի, ինձ էլ կպաշտպանի՞»,- պատասխանում է` հավելելով, որ այսքան տարի ամոթից ելնելով լռել է, քանի որ գյուղում նման բաներն արագ տարածվում եւ տարբեր մեկնաբանությունների առիթ են հանդիսանում: Հարազատներից ոչ մեկին չի ասել` գիտակցելով, որ Եղ. Բաղդասարյանի հետ վիճաբանության արդյունքում, բնականաբար, տուժելու է թույլ կողմը. «Ո՞ւմ ասեմ, մի եղբայր ունեմ, տարիքով, հիվանդ մարդ ա: Ասեմ, իմանա, ու տան իրար սպանե՞ն: Ամոթս խեղդելով` էսքան տարի լռել եմ, բայց արդեն անհնար ա»: Անհնար է, որովհետեւ, ըստ նրա, երկու տարի առաջ այդ տարածքում հողակտոր գնելուց հետո Եղ. Բաղդասարյանը հիմա էլ տիկին Գեղեցիկի ոռոգման ջուրն է փակել: Մոտ 3000 մետրանոց հողակտորը Եղ. Բաղդասարյանը ցանկանում է այգու վերածել, որտեղ արդեն տնկիներ է տեղադրել: Անցյալ տարվա օգոստոսից իր այգու ոռոգման ջուրն ապահովելու համար նա փակել է տիկին Գեղեցիկի հողամաս բերող ոռոգման ջրի խողովակաշարը: Ջրի բացակայության պատճառով տիկին Գեղեցիկի հողամասն ամբողջությամբ չորացել է. «Հասկանո՞ւմ եք, ես 19.000 դրամ նպաստով երեխա եմ պահում: Ձմռանն ընդհանրապես աշխատանք չի լինում: Էս սեզոնին բերում ուրիշների պոպոքն եմ մաքրում, որ մի երկու կոպեկ փող աշխատեմ: Հողամասս մշակելով` գոնե կանաչու մարգեր էի ցանում, մի երկու դույլ բալ էի հավաքում, ծախում, էլի հացի փող էի անում: Ջուրս կտրեց, ամբողջ հողամասս չորացրեց»: Տիկին Գեղեցիկը վիրավորվածությունից այնքան է լաց լինում, որ չի կարողանում միտքն ավարտել: Համբերությունը հատել է, դրա համար էլ երկար մտածելով` եկել է այն համոզման, որ միայն իշխանությունները կարող են ավագանու անդամին կարգի հրավիրել. «Խնդրում եմ` մի բան արեք, թող իմանան, թե ովքեր են կառավարում գյուղերը: Կյանքներս կերավ էս բռնապետը, սա կարծում ա, թե էդ ավագանու պաշտոնով կարա մարդկանց ոչնչացնի»: Բանն այն է, որ տիկին Գեղեցիկի հողատարածք տեղափոխվող առվի ջուրն անցնում է Եղ. Բաղդասարյանի հողատարածքի տակի խողովակաշարով: Տասնյակ տարիներ այդ հասցեում բնակվող այս տիկինը զրկվել է ջրից, երբ ավագանու անդամը որոշել է իր տան հարակից տարածքում հողակտոր գնել: «Նախ` էդ խողովակաշարը միշտ էդ տարածքի գետնի տակ ա եղել: Ինքը որոշեց խողովակաշարը տեղափոխել, կողքի հատվածով խողովակ կառուցել ու իր ոռոգման ջուրն ապահովել, իսկ իմ հողամաս բերող խողովակը փակեց: Գյուղում շատ տներ կան, որոնց գետնի տակով ա գնում ոռոգման ջրի խողովակաշարը ու շարունակվում ա ճյուղավորվել դեպի մարդկանց հողակտորներ: Եթե մարդիկ որոշում են էդ խողովակաշարը հանել տան տակից, ապա ուրիշների ջուրը չեն կտրում, էնպես են անում, որ մարդիկ չտուժեն, հողը չչորանա, այլ ճյուղավորումներով ջուրն էլի գնա մարդկանց հողամասեր: Հիմա սա էնպես ա արել, որ առավոտից իրիկուն ինքը ջուր ունի, իսկ իմ հողամասը չորացել, ավերվել ա»,- պատմում է տիկին Գեղեցիկը` հավելելով, որ Եղ. Բաղդասարյանը հիմա իր հողամասը ջրում է ոչ թե ոռոգման, այլ` խմելու ջրով: Այն դեպքում, երբ տարածքի բնակիչներն ընդհանրապես զրկված են խմելու ջրից, որովհետեւ դույլերով բավականին հեռու տարածքից են տեղափոխում: Այդուհանդերձ, տիկին Գեղեցիկը վերջերս դիմել է Կոտայքի մարզպետարան: Մարզպետի տեղակալը ծանոթանալով խնդրին` Գառնիի գյուղապետին հանձնարարել է ավագանու անդամի գործողությունները կանխել: Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանն էլ իր հերթին ավագանու անդամ Եղ. Բաղդասարյանին հանձնարարել է կասեցնել խողովակաշարի հետ կապված շինարարական աշխատանքները եւ ձեռնամուխ լինել Գեղեցիկ Վարդանյանի ոռոգման ջրի հետ կապված խնդիրները հարթելուն: Սակայն այդ հանձնարարականից տեւական ժամանակ է անցել, իսկ ավագանու անդամն անվրդով շարունակում է փակել անպաշտպան գյուղացու ոռոգման ջրի հոսքը: «Գյուղապետն իսկապես լավ մարդ ա ու մշտապես ինձ օգնել ա: Մի քանի անգամ իմ աչքի առաջ եկել, զգուշացրել ա իրան, փորձել ա կանխել էդ արարքները, բայց…»: Բայց Եղ. Բաղդասարյանը կարծում է, որ ավագանու անդամի իր կարգավիճակը մեծ լիազորություններ է իրեն վերապահում, հետեւաբար` հանդգնում է կատարել գործողություններ, որոնք անօրինական են: Տիկին Գեղեցիկն ասում է, որ թեեւ գյուղապետը մարզպետարանի հանձնարարականով փորձել է բազմիցս նախազգուշական քայլեր կատարել, այդուհանդերձ, այս երկուսը ընկերներ են, եւ Եղ. Բաղդասարյանին այնքան էլ չի սթափեցնում գյուղապետի խոսքը: «Ես իմ միջոցներով հիմա խողովակաշարը տեղափոխել եմ դեպի մեր հողամաս, իմ ձեռքերով եմ փորել էդ տարածքը, բայց ջուրը շատ թույլ ա, հազիվ ա հասնում»,- ասում է նա:

«Վախից գիշերները չէինք քնում»

8-րդ դասարանցի Լիլիթի երազանքը մեկն է` մորը տեսնել երջանիկ: Ասում է` «Ես ուրիշ երազանք չունեմ, ուզում եմ մամաս էլ չլացի: Շատ եմ տխրում, որովհետեւ միշտ նեղված ա ու միշտ լացում ա»: Լիլիթն անգամ պատրաստ է ողջ կյանքն անխռով անցկացնել ուրիշների տված հին հագուստով, ժամանակ առ ժամանակ քաղցի պայմաններում ապրել, միայն թե` մոր արցունքների ականատեսը չլինի: Ասում է` «Շատ ենք վախենում: Երբ դեռ էս տունը չկար` վագոնում էինք ապրում, մի օր իրիկունը մամայիս հետ աշխատանքից եկանք ու տեսանք` վագոնի լույսը վառում ա: Վախից դողում էինք, մտանք ներս, տեսանք մոխրամանում ծխած լիքը սիգարետներ կան: Հետո իմացանք, որ էդ Եգորը եկել, մտել ու մեզ ա սպասել: Տեսել ա տանը չենք, գնացել ա: Էնքան էինք վախեցել, որ չէինք կարում գիշերները քնել»,- ասում է Լիլիթը, ով վերջերս ծանր վիրահատություն է տարել, քանի որ սրտի արատ ունի: Լիլիթը մեկ էլ ազատության մասին է երազում, որովհետեւ կարծում է, որ ինքն ու մայրը վախի մեջ են ապրում: «Երբ անկախության օրը կատուս երեք հատ ձագ ունեցավ` շատ ուրախացա: Մտածում եմ, որ հաստատ մեր հետ մի լավ բան ա լինելու: Մենք էլ ենք ազատություն ու անկախություն ունենալու»: 8-րդ դասարանցի այս աղջիկը մոր հետ հավասար աշխատում է: Ուրիշների տներն է մաքրում, հաց է թխում, ընկույզ է մաքրում: Երկուսի ձեռքերի մատներն էլ սաթի պես սեւ են, քանի որ դույլերով, թասերով ընկույզը արագ-արագ մաքրելով` հացի գումար են վաստակում: «Ձմռանը շատ ծանր ա մեր վիճակը: Գազ չկա, ջուր չկա: Մեշոկը 500 դրամով աթար ենք առնում, վառում: Գյուղապետին խնդրել եմ, որ թույլ տա մեր տան դիմացի մի փոքր հողակտորի վրա գոմ կամ հավաբուն սարքեմ, կով, հավ պահեմ, որ գոնե պարարտանյութն ու վառելիքը ունենամ: Իմ հողակտորը թեք ա ու փոսերի մեջ, անհնար ա էդտեղ շինություն գցելը: Գյուղապետն էլ ասում ա, որ դա մի մոսկվաբնակ մարդու հող ա: Տեսնենք` ոնց կլինի, ինքը շատ լավ ու հասնող մարդ ա: Հույսեր ունեմ, որ կօգնի»,- ասում է Գեղեցիկը, ում հողակտորն իսկապես ձորակի նման է, որտեղ ոտք դնելն անգամ դժվար է:

Երեկ մենք կապվեցինք Կոտայքի մարզի Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանի հետ եւ փորձեցինք ճշտել, թե արդյո՞ք տեղյակ է Գառնիի ավագանու անդամ Եղ. Բաղդասարյանի գործողություններից: Վերջինս քաջատեղյակ լինելով այս երկու կողմերի միջեւ ծագած վեճին, այդուհանդերձ վստահեցրեց, որ ավագանու անդամի գործողությունների մեջ որեւէ անօրինական արարք չկա: «Գեղեցիկ Վարդանյանը ոռոգման ջրի խնդիր է ունեցել, որը հարթել ենք գյուղապետարանի միջամտությամբ: Եղ. Բաղդասարյանը կապ չունի, որովհետեւ ջրագիծն է սխալ կառուցված եղել, բայց գյուղապետարանի միջոցներով վերանորոգելուց հետո այն կարգավորվել է: Գեղեցիկն էլ հիմա ոռոգման ջրի խնդիր չունի, ուղղակի նրա բնավորությունն է այդպիսին, դուք իրեն լավ չգիտեք»,- ասաց Ա. Վարդանյանը, ով բավականին դժվարությամբ էր պատասխանում մեր հարցերին` պատճառաբանելով, որ տեւական ժամանակ սարերում է` ջրագծերի հետ կապված աշխատանքներ կատարելու պատճառով: «Ես չեմ կարա էլ խոսեմ, որովհետեւ մի կետում կանգնել եմ, որ կապը չընդհատվի, հիմա պիտի մեքենան շարժվի: Երբ էստեղից աշխատանքները վերջացնեմ` համեցեք գյուղապետարան, կխոսենք»,- ասաց Ա. Վարդանյանն, ում հետ առաջիկայում մենք անպայման կհանդիպենք նաեւ Գառնիի շրջանի հողատարածքների վաճառքի հետ կապված մեր ունեցած տեղեկությունները ճշտելու նպատակով: Ինչպեսեւ կփորձենք լսել նաեւ ավագանու անդամ Եղ. Բաղդասարյանի պարզաբանումները, մասնավորապես` ոռոգման ջրի եւ հարբած վիճակում միայնակ կնոջը բազմիցս անհանգստացնելու վերաբերյալ: