«Բժշկական ապահովագրությունը կախարդական փայտիկ չէ»,- ասում է «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Սարո Ծատուրյանը

29/06/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

– Ի՞նչ է ենթադրում բժշկական ապահովագրությունը:

– Այսօր Հայաստանում բժշկական ապահովագրությունը գործում է միայն կամավոր հիմունքներով: Կան մի քանի մասնավոր ապահովագրական ընկերություններ, որոնք առաջարկում են կամավոր բժշկական ապահովագրության փաթեթներ: Իսկ ընդհանուր առմամբ՝ երեւույթի տարածվածությունը չափազանց ցածր է: Այսինքն՝ Հայաստանում բժշկական ապահովագրություն ունեցողների թիվը բնակչության 1 տոկոսից էլ պակաս է: Դա պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից են բնակչության ցածր վճարունակությունը, բժշկական ապահովագրության էության, սկզբունքների եւ առավելությունների մասին տեղեկացվածության ցածր մակարդակը եւ այլն: Իսկ նրանք, ովքեր ունեն բժշկական ապահովագրություն, կա՛մ միջազգային կազմակերպությունների, կա՛մ օտարերկրյա կապիտալով Հայաստանում գործող ձեռնարկությունների կոլեկտիվներ են: Եթե միջազգային կազմակերպությունների կամ օտարերկրյա կապիտալով գործող ձեռնարկությունների դեպքում գործատուն գիտակցում է, որ բացի նորմալ աշխատավարձ վճարելուց, պետք է նաեւ որոշակի սոցիալական երաշխիքներ տա, ապա այլ է պատկերը հայրենական գործատուների դեպքում: Վերջիններս հիմնականում անհրաժեշտություն չեն տեսնում բժշկական ապահովագրություն տալ աշխատակիցներին, քանի դեռ օրենքով պարտադրված չեն լինի դա անել` որպես պարտավորություն: Ընդ որում՝ պետք է նկատել նաեւ, որ բժշկական ապահովագրությունից հավաքագրած միջոցների այն մասը, որ հետագայում ուղղվում է առողջապահության ոլորտ՝ որպես ապահովագրված անձանց բուժօգնության դիմաց կատարված վճարումներ, առողջապահության ոլորտի պետական ծախսերի համեմատ կազմում է բավական քիչ՝ 0,3 տոկոս: Այսինքն՝ Հայաստանի բնակչության առողջության պահպանման հարցում բժշկական ապահովագրությունն էական որեւիցե դեր դեռ չի խաղում: Այն սաղմնային վիճակում է:

– Այնուամենայնիվ, Դուք շեշտում եք բժշկական ապահովագրության մասին տեղեկացվածության պակասը, բայց հասարակությունն ինչպե՞ս պետք է տեղեկություն ստանա:

– Հասարակության տեղեկացվածության մակարդակը վերջին 10 տարիների ընթացքում զգալիորեն աճել է: Դրան նպաստել են շփումներն արտերկրի հետ: Ցավոք, երկրի ներսում նպատակաուղղված քաղաքականություն չի տարվում: Իրոք, թյուր պատկերացում կա բժշկական ապահովագրության մասին: Հասարակության մի մասին թվում է, թե այն մի այնպիսի կախարդական փայտիկ է, որի միջոցով բոլոր հարցերը լուծում կստանան, կամ էլ երկնքից թափվող մանանա է: Իրականում բժշկական ապահովագրության էությունն այն է, որ մենք, այսպես թե այնպես, վճարում ենք մեր բժշկական ծառայությունների դիմաց, ապահովագրական սխեմայի դեպքում պարզապես վճարում ենք նախապես, աստիճանաբար, այսինքն՝ հիվանդանալու դեպքում ստիպված չենք լինի վճարել անկանխատեսելի շատ գումարներ: Իսկ տարիների ընթացքում, լինելով առողջ եւ չզգալով բժշկի կարիք, ապահովագրավճարների միջոցով կուտակում ենք այն գումարը, որը մի օր, այսպես ասած՝ պետք է գալու: Իհարկե, կարող է նաեւ այդ գումարի անհրաժեշտությունը չլինի, այսինքն` այդ գումարը պետք չգա, փոխարենը անհրաժեշտ կլինի ապահովագրված մեկ այլ անձի, ով հիվանդացել է: Ապահովագրվում են շատերը, բայց նրանցից քչերն են հիվանդանում եւ տվյալ տարվա ընթացքում դիմում բուժօգնության: Եվ այդ քչերը բուժօգնություն են ստանում բոլորի մուծած գումարների հաշվին: Ընդհանուր առմամբ՝ սա է բժշկական ապահովագրության ամբողջ գաղափարը:

– Իսկ չե՞ք կարծում, որ հասարակությունը վաղուց կորցրել է վստահությունը ցանկացած ապահովագրության նկատմամբ:

– Ապահովագրության նկատմամբ անվստահությունը կարելի է բացատրել տարբեր ձեւերով: Կարծում եմ՝ ժողովրդի մի մասի հիշողություններում դեռ մնացել են Հայաստանի անկախացման առաջին տարիներին բուռն ծաղկում ապրած ապահովագրական ընկերությունների գործունեության հետքերը, որոնք գործում էին «Ապահովագրության մասին» օրենքի բացակայության պայմաններում եւ փորձում էին, այսպես ասած՝ պղտոր ջրում ձուկ բռնել, մարդկանց խաբել՝ գումարներ վերցնելով եւ այլն: Իսկ այսօր վիճակը փոխվել է՝ ապահովագրական դաշտը կանոնակարգված է, կա համապատասխան օրենսդրություն, ներկայում դաշտը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից՝ որպես ընդհանուր շուկայի մի մաս: Կարծում եմ՝ բուն ապահովագրական ընկերությունների նկատմամբ անվստահության հիմքեր այդքան էլ չկան, քանի որ այժմ դրանք ֆինանսապես կայուն եւ վերահսկելի կառույցներ են: Ինչ վերաբերում է կոնկրետ բժշկական ապահովագրությանը, ապա բնակչության մեջ առկա է հոգեբանական բարդույթ: Առողջապահական հաստատություններում ապահովագրված լինելով` բուժօգնություն ստանալու նկատմամբ որոշակի կասկածներ կան, այսինքն՝ տասնամյակների ընթացքում մարդիկ միշտ մտածել են, որ Հայաստանում բուժօգնությունը պայմանավորված է անմիջական ծախսերի հետ՝ բուժանձնակազմի, դեղորայքի եւ այլն, եւ կա մտավախություն, որ միեւնույն է՝ լավ ծառայություն ստանալու համար, թեկուզ բարեհամբույր վերաբերմունքի արժանանալու համար, մարդ ստիպված կլինի ձեռքը գրպանը տանել: Այս երեւույթը, իրոք, կա: Այն չտեսնել կամ չընդունել չի կարելի: Մենք պետք է հասկանանք, որ եթե ցանկանում ենք բժշկական ապահովագրական համակարգը կայանա Հայաստանում, մեծ անելիք ունենք Հայաստանի առողջապահության բուն համակարգում, որպեսզի բուժհաստատություններում այցելուների նկատմամբ վերաբերմունքը, ֆինանսական հոսքերի կառավարումը, աշխատանքների որակը համապատասխան մակարդակի վրա բերվեն: Ես ընդունում եմ, որ դժվար աշխատանք է, բայց չեմ կարող չտեսնել դրական փոփոխությունները: Ամեն բան պետք է նայել ժամանակի մեջ: Այսօր էլ Հայաստանի բուժհաստատությունների մեծ մասում տարածված են ստվերային վճարումները: Բայց եթե համեմատենք 15 տարի առաջ եղած վիճակի հետ, կտեսնենք որոշակի փոփոխություններ, այդ թվում` նաեւ կամավոր բժշկական ապահովագրական ընկերությունների հետ համագործակցության դաշտում: Այդ ընկերությունները պայմանագրեր են կնքում այն բուժհիմնարկների հետ, որոնք ի վիճակի են բուժական նորմալ ծառայություններ մատուցել ապահովագրված անձին: Այսօր Հայաստանում ունենք ոչ մեծ թվով բուժհաստատություններ, որոնք կարող են նման ձեւով աշխատել:

– Դուք բավական լավատես եք, այո՞:

– Ես իրատես եմ, քանի որ տեղյակ եմ, թե համակարգի ներսում ինչ է կատարվում: Որքան էլ խնդիրներ ունենք, համեմատության մեջ, այնուամենայնիվ, փոքր առաջընթացներ արձանագրվել են:

– Լավ, քաղաքացին ինչպե՞ս կարող է ստանալ բժշկական ապահովագրություն:

– Եթե խոսում ենք այսօրվա վիճակի մասին, քաղաքացին կարող է դիմել Հայաստանում գործող ապահովագրական տարբեր ընկերությունների, որոնք բավականին ակտիվ զբաղվում են նաեւ բժշկական ապահովագրությամբ (ակտիվ ասելով` նկատի ունեմ այն, որ վերոնշյալ ընկերությունների ընդհանուր փաթեթներում բժշկական ապահովագրությունը տեսակարար կշիռ ունի): Ինչեւէ, վերոնշյալ ընկերություններում քաղաքացին կծանոթանա բժշկական ապահովագրության բոլոր պայմաններին: Կարծում եմ՝ առավել հարմար տարբերակ է այդ ամենը կատարել գործատուի միջոցով, այսինքն՝ բժշկական ապահովագրություն ստանալ կոլեկտիվով, քանի որ այդ դեպքում բժշկական ապահովագրության վճարները կարող են իջնել: Ընդհանրապես բժշկական ապահովագրության մեջ ապացուցված փաստ է, որ երբ անհատն ինքն է գնում բժշկական ապահովագրություն ստանալու, ուրեմն՝ նա հաստատ առողջական խնդիրներ ունի: Այսինքն՝ նա պոտենցիալ ծախսի աղբյուր է ապահովագրական ընկերության համար: Տվյալ պարագայում ռիսկը բարձր է գնահատվում, եւ ապահովագրավճարները համապատասխանաբար բարձր են լինում: Իսկ կոլեկտիվի դեպքում ռիսկերը կտրուկ նվազում են, քանի որ հնարավոր չէ՝ կոլեկտիվում բոլորը հիվանդ լինեն:

– Իսկ ինչքա՞ն է բժշկական ապահովագրություն ստանալու վճարը:

– Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների անհատական հիմունքներով փաթեթները 1 անձի համար կազմում են մոտ 100-150.000 դրամ, իսկ կոլեկտիվների դեպքում մեծ զեղչեր են գործում:

– Պարոն Ծատուրյան, չե՞ք կարծում, որ սոցիալապես վատ վիճակում գտնվող մեր երկրի դեպքում դա բավական մեծ գումար է:

– Իհարկե, մեծ գումար է, դրա համար էլ նշեցի, որ բնակչության 1 տոկոսից պակասն է, որ բժշկական ապահովագրություն ունի, ընդ որում՝ դա արվել է ոչ թե սեփական, այլ՝ գործատուի միջոցներով: Հարցի ռադիկալ լուծումը պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումն է, այն, ինչն առկա է աշխարհի մի շարք զարգացած երկրներում: Պարտադիր բժշկական ապահովագրության դեպքում պետք է գործի օրենք, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիները պարտադիր կարգով պետք է ունենան բժշկական ապահովագրություն: Պարտադիր ապահովագրության մի տեսակ արդեն ունենք, եւ հասարակությունն արդեն ծանոթ է պարտադիր ապահովագրության գաղափարին: Բժշկական ապահովագրությունն ավելի բարդ է, քան ավտոմեքենաների ապահովագրության դեպքում: Խնդիրը նախ բնակչության ընդհանուր ընդգրկվածությունն է, ինչն ավելի հեշտ է սկսել զբաղված բնակչությունից, այսինքն՝ ֆորմալ աշխատանք ունեցող, հարկեր վճարող բնակչությունից: Պարտադիր ապահովագրության ներդրման դեպքում մի քանի սկզբունքային հարցեր են առաջանալու. բնակչության ո՞ր խմբերն են ընդգրկվելու, ի՞նչ է լինելու չաշխատող բնակչության՝ կենսաթոշակառուների, ուսանողների հետ, ի՞նչ կառույցների միջոցով պետք է իրականացվի այս ապահովագրությունը: Շատ կարեւոր հարցերից են նաեւ ապահովագրավճարների որոշման կարգն ու ռիսկերի հավասարակշռումը:

– Ի վերջո, ինչո՞ւ պետք է քաղաքացին առայժմ կամավոր կերպով ապահովագրվի, եթե դա նրա համար թանկ հաճույք է՝ հատկապես հաշվի առնելով առողջապահական ոլորտի կոռուպցիոն մեծ ռիսկերը:

– Եթե դուք համարում եք, որ շատ առողջ եք, եւ գտնում եք, որ առաջիկա տարիներին առողջական խնդիրներ չեք ունենա, ուրեմն՝ կարող եք ռիսկը պահել, չապահովագրվել եւ սպասել մինչ այն պահը, երբ ստիպված կլինեք ապահովագրվել: Հակառակ դեպքում` կվճարեք անկանխատեսելի մեծ գումարներ, քանի որ որակյալ բուժօգնությունը բավական թանկ հաճույք է նույնիսկ Հայաստանի պայմաններում, որտեղ գոնե բժշկության բնագավառում աշխատավարձերի գները դեռ չեն հասել արեւմտյան երկրներին: Շատ քաղաքացիների համար վիրահատվելը կամ երկարատեւ բուժում ստանալը կապված է այնպիսի ֆինանսական ծախսերի հետ, որոնք չեն տեղավորվում նրանց ընտանեկան ընթացիկ բյուջեի մեջ, եւ մարդիկ ստիպված են լինում պարտք վերցնել, որեւէ բան վաճառել: Իսկ ապահովագրությունն այդ հարցի լուծումն է, այսինքն՝ եթե դուք ապահովագրված եք, եւ ամեն ամիս ձեր եկամտի 5 կամ 10 տոկոսը (պայմանական թվեր են) ապահովագրավճարի տեսքով հատկացնում եք ընկերությանը` անկախ այն հանգամանքից, թե ի՞նչ գնի բուժօգնության կարիք կունենաք կամ քանի՞ անգամ նման բուժօգնության կարիք կունենաք, ապահովագրական ծրագիրը պետք է ծածկի: Սա է հարցի պատասխանը: Դուք պետք է ապահովագրվեք, որպեսզի հիվանդանալու դեպքում ստիպված չլինեք կանգնել ֆինանսական լուրջ ծախսերի առջեւ: