Հելլադայի կիսաբարբարոս դիվանագետը եւ նրա հանճարեղ որդին
Հին Հունաստանի դիվանագիտության մասին խոսելիս չհիշել Փիլիպոս II անունը, բացթողում կլինի այդ կայսրության պատմության համար եւ անարդար կդիտվի հելլենիզմի շրջանի խոշորագույն քաղաքական գործչի եւ տաղանդավոր դիվանագետի նկատմամբ: Չնայած համարել նրան զուտ հունական ֆենոմեն, եւս ճիշտ չի լինի, քանի որ իրենց` աթենացիների կարծիքով` մակեդոնացիները, որոնց թագավորներից մեկն էր այդ Փիլիպոսը, այնքան էլ հույներ չէին, բայց օտարներ էլ չէին: Մակեդոնացիները, նրանց բնորոշմամբ, «կիսաբարբարոսներ» էին: Եվ այդ կիսաբարբարոսը բախտորոշ նշանակություն էր ունենալու Հունաստանի համար: Նա ստեղծելու էր հուսալի բազիս, անհրաժեշտ նախադրյալներ, որոնք պայմանավորելու էին Ալեքսանդր Մեծի աշխարհակալ հաղթարշավը: Բոլոր ժամանակների եւ ժողովուրդների այդ հանճարեղ զորավարը Փիլիպոս II-ի որդին էր: Սակայն, կրկնում ենք, առանց նրա դիվանագիտական զարմանահրաշ նվաճումների, Ալեքսանդր Մակեդոնացու ռազմական հաջողությունները հազիվ թե հնարավոր լինեին:
Սկզբում` հույն-պարսկական, հետո` Պելոպոնեսյան արյունահեղ պատերազմների թոհուբոհի մեջ ոչ ոք ուշադրություն չդարձրեց, որ հետամնաց Բալկաններում ձեւավորվում եւ բարձրանում է բոլորովին նոր ռազմաքաղաքական ուժ` Մակեդոնիան: Այն իր երկաթյա ձեռքերում էր հավաքելու գործունյա, նպատակասլաց, խիզախ ու դաժան Փիլիպոսը: Ամենից առաջ նա ստեղծեց մշտական գործող բանակ, որում առաջին տեղը հատկացված էր ծանր հետեւակի կազմում եղած հռչակավոր մակեդոնական փաղանգին: Ունենալով տարբեր ռազմական ստորաբաժանումներ եւ սպառազինության տարբեր տեսակներ, բանակը ղեկավարվում էր մեկ հրամանատարական կենտրոնից եւ գործում էր նախանձելի ներդաշնակությամբ, ինչպես հոյակապ մեխանիզմը: Որտեղ հզոր բանակ` այնտեղ նոր տարածքներ: Մակեդոնիան ընդարձակեց իր սահմանները` Իոնական ծովից մինչեւ Պոնտոս: Գրաված երկրները իրենցից հարուստ էին: Հատկապես Թրակիան: Նրա ոսկու հարուստ պաշարները հոսեցին Մակեդոնիա: Այնպես որ, ունեցվածքը լիուլի բավարար էր ուրիշի ունեցվածքի վրա աչք «չտնկելու» համար: Սակայն թագավորին հանգիստ չէին տալիս հելլենական պոլիսների շքեղությունն ու փայլը: (Հայտնի բան է, երբ աղքատը հարստանում է, ցանկանում է նաեւ ազնվանալ, արյանը հաղորդել կապույտ երանգ: Այդպես են վարվում բոլոր նուվորիշները` սկսած ֆրանսիական հեղափոխության ժամանակ հարստացածներից` մինչեւ մեր օրերի կոռումպացված օլիգարխները): Իսկ այդ նախանձի հետեւում թաքնված էին ավելի հեռուն գնացող քաղաքական պլաններ: Փիլիպոսը ձգտում էր Հելլադայի տիրապետությանը եւ այդ նպատակով` գլխավոր պոլիսներում ստեղծեց, այսպես կոչված, «Մակեդոնիայի բարեկամների միություններ»: Դրանք լավ կազմակերպված հինգերորդ շարասյուներ էին, որոնք սնվում էին մակեդոնյան ոսկով եւ մոտեցնում էին Փիլիպոսի գալստյան «X ժամը»: Արքան կաշառքի մեծ վարպետ էր եւ շարժվում էր «Ոսկով բեռնված ավանակը կգրավի ուզածդ ամրոցը» նշանաբանով: Հունաստանի վրա իր գերակայությունը (հեգեմոնիան) հաստատելու համար Փիլիպոսը համբերատար եւ հետեւողականորեն համադրում է ռազմական եւ դիվանագիտական միջոցները: Նա հունական դեսպաններին հրավիրում է բանակցությունների, իսկ այդ արանքում մեկ առ մեկ գրավում նրանց քաղաքները: Հետո կարողանում է նրանց հետ համաձայնագիր ստորագրել, որով փաստորեն Հունաստանը հաշտվում էր կատարվածի հետ: Փիլիպոս II-ը խորամանկ, ճկուն եւ փորձառու քաղաքական գործիչ էր: Նա հոյակապ բանակցային դիվանագետ էր: Դրա կողքին` վերցրած պարտավորությունը եւ խոստումը դրժելը, իր ստորագրած միջպետական պայմանագրերն ու փաստաթղթերը չհարգելը` ոչինչ էր նրա համար: Նա վճռական, ոչ մի միջոցից չխորշող խաղացող էր: Լինելով պաուզայի մեծ վարպետ, կարողանում էր ռեզինի պես ձգել բանակցային գործընթացը, տառացիորեն համբերությունից հանելով բանակցային (մասնավորապես` հունական) կողմին, մղել նրան սխալ սխալի ետեւից գործելուն: Մասնագետների կարծիքով` նա քաղաքական կոմբինացիաների մեծ վարպետ էր: Նա հմտորեն եւ ճարպկորեն հարմարվում էր իրադրությանը, մեկ լինելով պարզամիտ, մեկ էլ խորամանկ: Նա մե՛րթ մարդասեր էր, մե՛րթ դաժան, համեստ էր կամ գոռոզամիտ, զուսպ կամ անսանձ: Փիլիպոսը երբեմն ձեւացնում էր, որ հետ է կանգնել իր որոշումից, բայց իրականում նա սպասում էր հարմար պահի: Նա միշտ ճշգրտությամբ հաշվում էր հակառակորդի գործողությունները, մինչդեռ վերջինս երբեք չէր գուշակում նրա պլանները: Սակայն Փիլիպոսն իր դիվանագիտական որոգայթների եւ քաղաքական ինտրիգների կողքին` ուներ մի շարք բարեմասնություններ եւ արտակարգ ունակություններ, որոնց կնախանձեր ամեն մի դիվանագետ: Նա փայլուն հռետոր էր, նրա սրամտությունը, խոսքը եւ վարվեցողությունը հիացմունք էր պատճառում: Փիլիպոսի հմայքը գրեթե խարիզմի էր հասնում:
Այդուհանդերձ, Փիլիպոսին չի հաջողվում խուսափել խոշոր ռազմական բախումից: 338 թ. Հերոնեի տակ նա ջախջախում է Հունական լիգայի միացյալ ուժերին եւ ռազմական հաղթանակը զուգակցելով մի շարք փայլուն դիվանագիտական կոմբինացիաների հետ` հելլենական աշխարհին պարտադրում է իր «անշահախնդիր բարեկամությունը», այսինքն` գերիշխանություն: Հետո Փիլիպոսին հաջողվում է հույներին համոզել համատեղ պատերազմել «աթենքցիների երդվյալ թշնամու` Պարսկաստանի հետ»: Տեղի է ունենում դիվանագիտության հազվագյուտ կազուս: Փաստորեն, մի երկրի (Մակեդոնիայի) տիրապետության տակ ընկած մի ուրիշ երկիր (Հունաստանը) դառնում է այդ երկրի դաշնակիցը, երրորդ երկրի (Պարսկաստանի) դեմ պատերազմելու համար: Նման բանի կարող էր հասնել միայն տաղանդավոր քաղաքագետը եւ անսովոր ունակությունների տեր դիվանագետը: Իսկ ինչպե՞ս ներկայացավ աշխարհին Հունաստան-Մակեդոնիա տարօրինակ ալյանսը, երբ մակեդոնացիներն իրենց իշխանության տակ առան բալկանյան եւ հունական բոլոր հարեւան պետություններին: Մակեդոնական պրոպագանդան առաջ քաշեց այն մոտիվը, թե իբր պատերազմը «կփրկի հելլեններին եւ հելլենական մշակույթը բարբարոսներից»: Մինչդեռ, այդ ամենը Մակեդոնիայի արքայի ծավալապաշտական պլանների ծխածածկույթն էր:
Սակայն Փիլիպոսի ծրագրերը մնում են անկատար: Նա սպանվում է իր թիկնապահ Պավսանիոսի կողմից: Մակեդոնիայի զորավարներից մեկը` Աթթալան, խնջույքի ժամանակ հարբեցնում եւ ծաղրում է Պավսանիոսին, ով պաշտպանություն փնտրելով Փիլիպոսի մոտ` պահանջում է պատժել զորավարին: Արքան անտեսում է թիկնապահի խնդրանքը, եւ վերջինս իր վիրավորանքի սլաքն ուղղում է շեֆի կողմը: Գոյություն ունեն սպանության ուրիշ վարկածներ եւս: Կասկածում են կնոջը` Օլիմպիային, որի համար շարժառիթ կարող էր հանդիսանալ կանացի խանդը: Կասկածում են տղային` Ալեքսանդրին, թե նա շտապում էր նստել գահին: Սակայն, ամենայն հավանականությամբ, Փիլիպոս II-ին վերացրեց պարսկական հետախուզությունը, կանխարգելելու համար իր երկրի դեմ հասունացող ռազմական վտանգը:
Կմտածեի՞ն արդյոք պարսից վերլուծաբանները, թե ինչ օյին են բերելու իրենց գլխին` կանաչ լույս վառելով Ալեքսանդրի ճանապարհին: Տղան հարյուրապատիկ գերազանցեց հոր փառասիրությունը եւ ծավալապաշտական մարմաջը: Նա ծնկի իջեցրեց պարսկական կայսրությունը: Հելլենական վրեժը լիուլի լուծված էր: Սակայն դա աշխարհակուլ ծրագրերի մեկնակետն էր ընդամենը: Հորիզոնում ուրվագծվում են Ասիայի, Աֆրիկայի, Հնդկաստանի անծանոթ, խորհրդավոր եւ կախարդող երկրները: Միայն առաջ, ընդառաջ փառապանծ հաղթանակների, նորանոր նվաճումների:
Մեծ մակդիրը միանգամայն սազում է Ալեքսանդրին, ավելի քան: Նա դարձավ երեք մայրցամաքների վրա փռված ահռելի իմպերիայի տիրակալը, կիսաստված` միլիոնների համար: Ալեքսանդրը վերաձեւեց անտիկ աշխարհը: Եվ նրա փառքի զենիթին մարդիկ այլեւս չէին հիշում, որ նա հելլենացի է, քարտեզի վրա կորած Մակեդոնիայի երեկվա պատանին:
Ալեքսանդր Մակեդոնացին մարդկության առաջ հառնեց որպես Աշխարհի Քաղաքացի: ՄԵԾ ՔԱՂԱՔԱՑԻ: