Ոստիկանության Լոռիի մարզային վարչությունում երեկ ժամը 14:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենա է գլորվել ձորը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կմ-ում, այսպես կոչված, «Սատանի կամուրջ» կոչվող հատվածից «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ շուրջ 150 մետր գահավիժել ձորը: ԱԻՆ Լոռու մարզի փրկարարական վարչության աշխատակիցները վարորդի` 47-ամյա Սեյրան Հախոյանի ամբողջովին մոխրացած մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել եւ տեղափոխել Վանաձորի դիահերձարան: Ավտոմեքենան ձորից դուրս չի բերվի, քանի որ այն ամբողջովին մոխրացած է: Թե որն է եղել տեղի ունեցածի պատճառը, կպարզվի նախաքննության ընթացքում: Այրված «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան պատկանել է «Պրիզ» տաքսի ծառայությանը: Առավոտյան ժամը 09:00-ից տաքսի ծառայությունից կապ են տվել տվյալ ավտոմեքենային, սակայն վարորդը կապին չի պատասխանել, որից հետո նրանք ժամը 14:00-ին դիմել են Լոռու մարզի փրկարար ծառայությանը: Նշենք նաեւ, որ վթարի վայրից ոստիկաններն ու փրկարարները մոտավորապես 3-4 կմ ոտքով որոնողական աշխատանքներ են կատարել, մինչեւ կարողացել են հայտնաբերել ավտոմեքենան: Փաստի առթիվ հարուցվել է քրական գործ 242-ի 2-րդ մասի հատկանիշներով: