Օվկիանոսից այն կողմ SOS-ն ընդունված է

10/11/2005 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

ԱՄՆ Պետդեպարտամենտն անցած շաբաթ հավանության է արժանացրել վրաց-աբխազական հակամարտության կարգավորման՝ Վրաստանի առաջարկած ծրագիրը եւ, փաստորեն, հաստատել է բանակցություններին մասնակցելու իր ցանկությունն ու պատրաստակամությունը: Փաստաթղթում նշվում է, որ կառուցողական երկխոսությունը հարաբերությունների երկարաժամկետ ու արդարացի կարգավորման միակ տարբերակն է: «Պաշտպանելով Վրաստանի տարածքային ամբողջականությունը՝ ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցելու հակամարտության երկու կողմերի, նաեւ` Ռուսաստանի ու ԵԱՀԿ բոլոր անդամ-երկրների հետ՝ երկուստեք վստահությունն ամրապնդելու, տնտեսական զարգացում ապահովելու, հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու գործընթացի զարգացման համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Թբիլիսին հայտարարությունը գնահատում է իբրեւ երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու կարեւոր քայլ: Այսպես, Վրաստանի ԱԳ նախարար Գելա Բեժուաշվիլին հայտարարել է, որ այժմ Վրաստանը համարժեք գործողություններ է ակնկալում Ռուսաստանի կողմից: Նրա խոսքերով՝ վրացական իշխանությունների՝ ԱՄՆ-ի կողմից հավանության արժանացած հակամարտության կարգավորման ծրագիրը ենթադրում է Հարավային Օսիային ինքնավարություն տրամադրել Վրաստանի սահմաններում: «Պետք է հասկանալ, որ առաջարկված ծրագիրն այլընտրանք չունի. Վրաստանն աստիճանաբար այն իրականացնելու է՝ հասնելու համար վերջնական արդյունքի՝ Հարավային Օսիային լայն ինքնավարություն տրամադրել վրացական միասնական պետության սահմաններում»,- հայտարարել է արտգործնախարարը:

Առաջարկվող ծրագրով Թբիլիսին պատրաստ է նաեւ փոխհատուցում վճարել զինված հակամարտության ընթացքում տուժած բնակչությանը, քննարկել Ցխինվալիի տարածաշրջանում ազատ տնտեսական գոտու ստեղծման հարցը եւ բավականին մեծ արտոնություններ տրամադրել Վրաստան-Ռուսաստան սահմանը Ռոքի թունելի հատվածում հատելիս: Այս նպատակների համար Վրաստանը 2006-ից նախատեսում է անցնել բանակցությունների նոր ձեւաչափի, որն ուղղված է լինելու վրաց-ռուսական սահմանի Ռոքի հատվածում վերահսկողությունը վերականգնելուն, 1991-1992թթ. ռազմական հանցագործություններն ուսումնասիրող համատեղ հանձնաժողով ստեղծելուն:

Վերջերս Մոսկվայում տեղի ունեցած Վերահսկիչ հանձնաժողովի վերջին նիստում պարզվեց, որ Սահակաշվիլիի ծրագիրն ընդհանուր առմամբ ընդունելի է բոլոր կողմերի համար, բացառությամբ մի կետի. Հարավային Օսիան ու Ռուսաստանը կտրականապես դեմ են բանակցությունների ձեւաչափի փոփոխությունների հետ, այն է՝ կարգավորման գործընթացին ԱՄՆ-ի մասնակցությունը:

Տարածաշրջանային անվտանգության հարավկովկասյան ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Ռուսեցկին համարում է, որ այժմյան ձեւաչափը՝ Ռուսաստան-Հյուսիսային եւ Հարավային Օսիա-Վրաստան, արդեն իսկ փոփոխությունների կարիք ունի եւ այն ինչ-որ կերպ հարկավոր է բալանսի բերել: «Երկու ճանապարհ կա՝ ԱՄՆ-ի, ԵԱՀԿ-ի ներգրավումը, որով զբաղվում են իշխանությունները: Մյուս ճանապարհը, հակառակը, ոչ թե հարցը միջազգայնացնելն է, այլ տեղայնացնելը: Դրա համար պետք է պարզել հակամարտության կողմերին»,- «168 ժամ»-ին հայտարարեց Ռուսեցկին: Նրա կարծիքով՝ արդյունավետ կարող են լինել միջհամայնքային բանակցային գործընթացները, որին կմասնակցեն ինչպես անջատողականները, այնպես էլ` նրանց հակառակորդները: Երկրորդ խմբում կան ոչ միայն վրացիներ ու խառնամուսնություններով ընտանիքներ, այլեւ օսեր, որոնք համաձայն չեն Հարավային Օսիայի ներկա ղեկավարի վարած քաղաքականության հետ: Ռուսեցկին ընդգծեց, որ կարեւոր է չսխալվել բանակցությունների նոր ձեւաչափի ընտրության հարցում, քանի որ, ինչպես ցույց է տալիս փորձը, այդ գործընթացը երկարատեւ բնույթ ունի, եւ հետաքրքիր է, թե ինչ տեղ է հատկացվելու այս դեպքում ԱՄՆ-ին՝ բանակցությունների մասնակցի՞, թե՞ արբիտրի: «Եթե հաշվի առնենք սեպտեմբերի 20-ի իրադարձությունների առիթով Վաշինգտոնի արած հայտարարության հնչերանգն ու բովանդակությունը, երեւում է՝ ԱՄՆ-ը հակված է վերջին տարբերակին»,- կարծում է քաղաքագետը: