Վերջին տարիներին, մասնավորապես Կոտայքի մարզի Գառնի գյուղում շատացել են մարդկանց` օձից խայթոցների դեպքերը: Հիշեցնենք, որ անցյալ ամռանը Գառնիում օձը խայթել էր 27 տարեկան մի երիտասարդի, ով երեք օր հիվանդանոցում մնալուց հետո մահացել էր, որից հետո բուժանձնակազմի դեմ քրեական գործ էր հարուցվել: Տեղեկություններ կային, որ հիվանդանոցում հակաթույն եղել է, սակայն, չգիտես ինչու, երիտասարդին այլ դեղամիջոցներով են փորձել բուժել: Ինչեւէ, Գառնիի բնակիչները վստահեցնում են, որ իրենց բնակավայրում օձերի տարեցտարի առատությունը պատահական չէ: Այդ տեղանքի բնակլիմայական պայմանները սողունների համար բարենպաստ են, հետեւաբար` օձեր բազմացնելու համար Գառնու ձորերը համարվում են լավագույն բնակատեղի: Գառնեցիներից ոմանք` չցանկանալով ներկայանալ, մեզ պատմեցին. «Բերում, էս ձորերի մեջ մեծ քանակությամբ օձեր են լցնում, որ դրանք բազմանան: Երեւի գիտեք, որ օձի թույնը շատ թանկ ա աշխարհում ու դրանից դեղորայք են արտադրում: Բացի դա, օձի բիզնեսն էլ եկամտաբեր ա, մանավանդ, որ մեր օձերի տեսակները տարբեր երկրների էդ ոլորտի մարդկանց պետք ա»: Վերջիններս որպես ասվածի ապացույց` մատնանշում են անցյալ տարի արձանագրված մի դեպք: Ասում են` ձորերում գտնվող մի երեխա օձի ձագ է սպանել, որի պատճառով նրան տեղափոխել են Ոստիկանություն: «Բանից պարզվեց, որ էդ օձը համարակալված ա եղել, ու երեխուն երկար հարցաքննելուց հետո բաց են թողել»,- ասում են Գառնիի բնակիչները` վստահեցնելով, որ բնակչության հաշվին որոշ մարդիկ կամ կազմակերպություններ բիզնես են անում: Այս տարի Գառնիում արդեն օձի խայթոցի երեք դեպք է արձանագրվել: Գյուղացիներն ասում են, որ սողունների աննախադեպ առատությունը գյուղացիներին սարսափի մեջ է պահում, քանի որ նրանք նույնիսկ վախենում են ոտք դնել ցանքատարածություններ: