«Կռիսները կրծել էին Սաքոյի մատները, սիրեկանի՝ ականջը»,- պատմում է Լենուղի գյուղի 6 երեխաների տատը

29/06/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Արմավիրի Լենուղի գյուղի նեղլիկ, կաթնագույն արահետներից երեւացող սեւ շունը` ոտնաձայներս լսելով, հանկարծ դուրս եկավ ջարդուխուրդ դարձած մեքենայից, ոտքերը ձգեց ու սկսեց կատաղի հաչել: Ու չգիտես՝ շունը հաչում էր անծանոթի տեսնելո՞վ, իր երկաթյա շղթաների դեմ անզոր պայքարի՞ց, թե՞ բողոքում էր Ստեփանյանների ընտանիքի պայմաններից: Շան մեքենա-բնից մի քանի մետր հեռավորության վրա գտնվում էր փայտյա տնակը, որտեղ խաղացող երեխաներից մեկն արագ մոտեցավ ինձ՝ ոտաբոբիկ, Ձմեռ պապիկի կարմիր գլխարկով ու աչքերի մեջ թրթռացող մեծ ժպիտով: «Չի կծում, ուղղակի հաչում ա»,- ասաց ընտանիքի 6 երեխաներից Սարգիսը՝ վազելով դեպի տուն: Սարգիսի` տոնի մասին հիշեցնող գլխարկը փոշու մեջ երեւում էր աղոտ: Ասում է՝ Ձմեռ պապիկից նեղացել է, բայց շարունակում է սպասել նրան: «Դու չգիտես, է, թե ինչքան ուժեղ էի ուզում, որ Ձմեռ պապիկը հեծանիվ բերի: Շա՜տ-շա՜տ-շա՜տ էի ուզում…»,- փայտյա տան մոտ հուզված նշեց փոքրիկ Սարգիսը՝ մաքրելով աչքերից կախված արցունքները: «Պապաս մի ակի վրա էրկաթ էր դրել, ասեց՝ վերցրու քշի, հեծանիվ ա, բայց ես իսկական հեծանիվ եմ ուզում, տենց հեծանիվ ինձ պետք չի»,- նշեց փոքրիկ տղան:

Դեռեւս նախորդ ձմռանը առնետները կրծել էին փոքրիկի մատները: «Լավ ա՝ շուտ արթնացանք: Երեխան քնել էր, ձեռքը կախել կռավաթից, կռիսն էլ եկել էր մատներին կպել: Լավ ա՝ շուտ հասանք՝ չկերավ էրեխու մատները,- Սարգիսի հուզմունքին ի պատասխան՝ պատմեց տատը՝ տիկին Լուսաբերը՝ դառնալով թոռանը,- Սաքո ջան, ոչինչ, մի օր կլինի»: Քիչ անց ընտանիքի անդամները տեղավորվեցին բակում դրված ցածրիկ, խորդուբորդ աթոռներին ու սովորականի պես, առանց տրտնջալու սկսեցին պատմել իրենց կյանքի, կամ ավելի ճիշտ՝ անցնող-գնացող օրերի մասին:

Ստեփանյանները Լենուղի գյուղ տեղափոխվել են Աշտարակից: Իրենց պատմելով՝ ստիպված էին հեռանալ գյուղից, քանի որ տիկին Լուսաբերի ամուսինը հիվանդ էր, պետք էր գնալ կլիմայական չոր տեղ: «Մենք վատ պայմաններում չէինք ապրում: Տունը ստիպված վաճառեցինք, որովհետեւ ամուսնուս բուժում էր պետք: 5 տարի հիվանդանոցների դռներն ընկանք: Տան փողից մի 3000 դոլար մնաց, եկանք էս գյուղ, էս դոմիկն առանք ու մնացինք»,- ասում էր ընտանիքի տատը:

Ընտանիքի պայմանների մասին պատմությունը երեխաներն այնպիսի ուշադրությամբ էին լսում, որ թվում էր՝ հեքիաթ էին պատմում նրանց համար: Երեխաներն իրենք էլ հեքիաթի պես էին պատմում իրենց կենցաղի, ձմռանն` առնետների, ամռանը՝ օձերի հետ կռիվների մասին: Փայտյա խարխուլ աստիճաններին նրանք անհավանական ձեւով թռչկոտում էին, հետո կուչ եկած նստում, իրար նայում ու չարաճճիորեն ժպտում: Նրանց ժպիտի մեջ այնքան չասված դառնություն կար, այնքան հոգսեր ու ապրելու կամային մեծ ուժ: Երեխաների հետ բարձրացանք իրենց սենյակը: «Տեսնո՞ւմ ես` էն մեծ ծակերը….կռիսները էդտեղից են մտնում: Գիտե՞ս՝ ինչքան մեծ են էդ կռիսները, բայց մենք չենք վախում»,- պատմում էին երեխաները՝ մեկը մյուսին ընդհատելով: Հատկապես ձմռանը, ինչպես իրենք էին ասում՝ պետք է ուշադիր քնեին: «Եթե ուշադիր չքնենք, դե խորը քնենք, կռիսը մեզ կվնասի: Օրինակ, ձմեռը կռիսը Սիրեկանի ականջն էր կծել»,- շարունակում էին երեխաները: Բացի կռիսներից, ձմեռն ավելի անտանելի է դառնում տանիքից թափվող ձյան հոսքի պատճառով: Տան պատուհանները շարժվող ատամների պես են. թվում է՝ ուր որ է կընկնեն: Երեխաների սենյակի առաստաղի խորշերը, պատերի խոնավության կնճիռներն այլեւս չեն անհանգստացնում նրանց: Ասում են՝ անձրեւի ժամանակ թասեր են դնում, հետո հերթով տանում-թափում: «Սովորել ենք»,- ասում էին երեխաները, որոնց ուշադիր հետեւում էր փոքրիկ Լիանան: Շեկ մազերով փոքրիկի համար լրիվ անհասկանալի էին իր ավագ քույրերի ու եղբայրների պատմածները: Կաթի շիշը ձեռքին՝ անընդհատ վազվզում էր նրանց ետեւից, հետո շիշը դնում թեւի տակ ու ինքն էլ պատմում տան կրծողների մասին: Տան ներքնահարկում խոհանոցն էր՝ մութ ու խոնավ մի տարածություն, որտեղ խավարասերները դժվար թե հարմարվեին ապրել: Խոհանոցը թույլ լուսավորում էր առաստաղից կախված միակ լամպը: Սենյակում դրված վառարանի մոտ մեծ սեղանն էր ու ջարդված դռնով սառնարանը: Երբ փորձում էի լուսանկարել խոհանոցը, Լուսաբեր տատը ձեռքերով ծածկեց երեսը: Իմ գնալու պահից սկսած կինն ամեն կերպ փորձում էր թաքցնել այն դժվարին պայմանները, որ ապրում են` չհաղթահարելով: Խոսում էր վախվորած, մի տեսակ զգույշ: Նույնիսկ պատմում էր, թե ինչպես էին հող մշակում, բայց եկամուտ չէին ստանում: «Տղաս էլ ա մեկ-մեկ աշխատում, մատորիստ ա, բայց ինչքան գործ անում ա՝ ձրի ա: Յոլա ենք գնում, էլի»,- ասում էր Լուսաբեր տատը: Ներքին դրամատիզմ ապրող կինը երեխաների աչքից հեռու` խոհանցում սկսեց լացել: «Էրեխեքս տարիներով կարագ չեն կերել… Դժվար ա ամեն բան, աղջիկ ջան: 58.000 դրամ նպաստ ենք ստանում: 6 երեխա պահելը էդ փողով անհնար ա: Ուրիշ տեղից էլ ոչ մի բան չունենք: Մեկ-մեկ գլուխներս կախ աշխատում ենք, հող ենք անում, բայց չի լինում… Չենք հասցնում ապրել, աղջիկ ջան»,- հուզված, աչքերը խոհանոցի մութ անկյուններին հառելով` ասաց Լուսաբեր տատը: Խոհանոցի սեւ տարածությունում տատի մարմինն ավելի էր կուչ եկել` հոգսերի բեռից, հիշողությունների կարոտից: «Ախր, մենք էսպես չէինք ապրում, ով կմտածեր, հը՞..Կյանք է, ի՞նչ իմանաս…»,- արցունքները մաքրելով` շարունակեց կինը: «Դե, էրեխեքին էստեղ չենք լողացնում: Փոքրերին տանն ենք լողացնում, ամռանն էլ էս կուխնի չենք էլ մտնում: Տանում ենք հայաթ, էնտեղ համ աման ենք լվանում, համ էլ հաց ենք ուտում»,- խոհանոցից դուրս գալու ճանապարհին ասաց տատը: Մութ խոհանոցից հետո բակն այնքան պայծառ էր՝ երեխաների գույնզգույն ու ցաքուցրիվ լվացքով ու անգամ 4 ամսական Արամիկի լուռ լացով:

6 երեխաների մայրը՝ Գայանեն, կանգնել էր բակում կուտակված կեղտոտ ափսեների ու կաթսաների մոտ, նայում էր մարած օջախին, հետո շփոթված հայացքը կենտրոնացնում սայլակում անխռով պառկած Արամիկին: «Երեկ հյուրեր ունեինք, չենք հասցրել ափսեները լվանալ… Կներեք»,- սրտնեղությամբ խոսում էր կինը: Իսկ խմելու ջուրը նրանք բերում են դույլերով՝ գյուղամիջից: Քիչ անց բակում հավաքվել էին ընտանիքի բոլոր անդամներն, ու այնպիսի աներեւակայելի աշխուժություն էր տիրում, որ անգամ սայլակի մեջ գտնվող Արամիկն էր ժպտում: Ուռենուց թափվող փոշենման հատիկները, ասես, մի պահ հեռու էին տարել սեւ կյանքի ուրվականը, Սաքոյի հեծանվային երազանքն ու տիկին Լուսաբերի լուռ դրամատիզմը: «Եթե գոնե մի քիչ օգնեն մեզ…»,- այս անգամ որդու՝ Արայի աչքերին նայելով՝ ասաց տիկին Լուսաբերը… Արդեն վերադառնում էի, երբ լսեցի Սաքոյի նվաղած ձայնը՝ «Էդ Ձմեռ պապիկին էլ կասես, էլի, որ սպասում եմ…»: