Դմիտրի Լիխաչեւ «Նամակներ երիտասարդ ընթարցողներին»

29/06/2011

Տասներեքերորդ նամակ
Դաստիարակվածության մասին

Մարդը լավ դաստիարակություն կարող է ստանալ ոչ միայն ընտանիքից կամ դպրոցից, այլ նաեւ… հենց ինքն իրենից:

Միայն պետք է իմանալ, թե որն է լավ դաստիարակությունը:

Չեմ պատրաստվում դաստիարակվածության պատրաստի «դեղատոմսեր» առաջարկել, քանի որ ինքս ինձ օրինակելի դաստիարակված չեմ համարում: Բայց որոշ մտքեր կցանկանայի հաղորդել ընթերցողին:

Հավատացած եմ, օրինակ, որ իսկական դաստիարակվածությունը նախ եւ առաջ սեփական տանը, սեփական ընտանիքում, հարազատների հետ հարաբերությունների մեջ է դրսեւորվում:

Եթե տղամարդը փողոցում (նույնիսկ ավտոբուսում) անծանոթ կնոջը զիջում է ճանապարհը եւ նրա առջեւ դուռ է բացում, իսկ տանը հոգնած կնոջը չի օգնում ափսեները լվանալիս, ապա նա չդաստիարակված մարդ է:

Եթե ծանոթների նկատմամբ բարեհամբույր է, իսկ տնեցիների հետ բորբոքվում է ամեն մանրուքից, ապա չդաստիարակված մարդ է:

Եթե մարդ իր մտերիմների բնավորությունը, հոգեբանությունը, սովորույթները եւ ցանկությունները հաշվի չի առնում, ապա չդաստիարակված է: Եթե արդեն հասուն տարիքում մարդն ընդունում է ծնողների օգնությունը եւ չի նկատում, որ նրանք իրենք օգնության կարիք ունեն, չդաստիարակված է:

Եթե մարդը ռադիոյի կամ հեռուստացույցի ձայնը բարձրացնում կամ բարձրաձայն խոսում է, երբ տանեցիներից մեկը (եթե նույնիսկ տան փոքրիկներից է) դաս է սովորում կամ կարդում է, ապա նա չդաստիարակված է:

Եթե մարդը սիրում է ծաղրել (ձեռք առնել) կնոջը կամ երեխաներին` չխնայելով նրանց ինքնասիրությունը, հատկապես ուրիշների ներկայությամբ, ապա նա (ներողություն եմ խնդրում) ուղղակի հիմար է:

Դաստիարակված մարդը նա է, ով ցանկանում եւ կարողանում է հաշվի առնել մյուսներին, նա է, ում համար իր քաղաքավարի լինելը ոչ միայն սովորական ու հեշտ է, այլ նաեւ` հաճելի: Նա է, ով հավասարապես քաղաքավարի է եւ՛ մեծերի, եւ՛ փոքրերի հետ (տարիքով եւ դիրքով):

Դաստիարակված մարդը «բարձրաձայն» չի դրսեւորվում, խնայում է ուրիշի ժամանակը (ասացվածքն ասում է. «Ճշգրտությունը թագավորների քաղաքավարությունն է»), հստակորեն կատարում է ուրիշներին տված խոստումները, իրեն չի կարեւորում, «քիթը չի տնկում» եւ միշտ նույնն է` տանը, դպրոցում, ինստիտուտում, աշխատանքի վայրում, խանութում, ավտոբուսում:

Հավանաբար ընթերցողը նկատեց, որ հիմնականում դիմում եմ տղամարդկանց` ընտանիքի ղեկավարներին: Դա այն պատճառով, որ կնոջն ընդհանրապես պետք է զիջել ճանապարհը… եւ ոչ միայն մտնելիս:

Սակայն խելացի կինն արագ կհասկանա, թե հատկապես ինչ պետք է անի, որ միշտ եւ երախտագիտությամբ տղամարդուց ընդունելով բնությունից իրեն տրված իրավունքը` ինչքան հնարավոր է քիչ ստիպի տղամարդուն, որ ճանապարհը զիջի: Իսկ դա շատ ավելի դժվար է: Այդ պատճառով էլ բնությունը հոգ է տարել, որ կանայք հիմնականում (չհաշված որոշ բացառություններ) օժտված լինեն տակտի ավելի մեծ զգացումով եւ բնատուր քաղաքավարությամբ, քան տղամարդիկ:

Շատ գրքեր կան «լավ վարք ու բարքի» մասին: Այդ գրքերը բացատրում են, թե մարդ իրեն ինչպես դրսեւորի հասարակության մեջ, հյուր գնալիս եւ տանը, թատրոնում, աշխատավայրում, մեծերի ու փոքրերի հետ, ինչպես խոսի` առանց ուրիշի լսողությունը վիրավորելու, ինչպես հագնվի` առանց վիրավորելու ուրիշի տեսողությունը:

Բայց, ցավոք, մարդիկ շատ քիչ օգուտ են ստանում այդ գրքերից: Իմ կարծիքով, այդպես է լինում, քանի որ այդ գրքերում հազվադեպ է բացատրվում, թե ինչի համար է լավ վարվեցողությունը: Թվում է, թե լավ վարվելաձեւ ունենալը կեղծ է, ձանձրալի, ոչ պետքական: Լավ վարվելաձեւով մարդն իրականում իր վատ արարքները կարող է թաքցնել:

Այո, լավ վարվելաձեւը կարող է միայն արտաքին լինել, բայց ընդհանուր առմամբ լավ վարվելաձեւը շատ սերունդների փորձով է ստեղծվել եւ մարդկանց` ավելի լավը լինելու, ավելի հարմար ու գեղեցիկ ապրելու բազմադարյան փորձն իմաստավորում է:

Ո՞րն է խնդիրը: Ի՞նչն է ընկած լավ վարվելաձեւ սովորեցնող ուղեցույցի հիմքում: Արդյո՞ք դա վարքի դժվար հիշվող կանոնների, «դեղատոմսերի», հանձնարարությունների հասարակ ժողովածու է: Լավ վարվելաձեւի հիմքում հոգատարությունն է` հոգատարություն, որ մարդ ուրիշին չխանգարի, որ բոլորը միասին իրենց լավ զգան: Պետք է մեկմեկու չխանգարել կարողանանք: Այդ պատճառով չի կարելի աղմկել: Աղմուկից պաշտպանվելու համար ականջներդ չես փակի, եւ դժվար թե դա միշտ հնարավոր լինի: Օրինակ, սեղանի մոտ` ճաշի ժամանակ: Այդ պատճառով պետք չէ ճպճպացնել, պատառաքաղն աղմուկով դնել ափսեի մեջ, ֆռթացնել արգանակը, բարձրաձայն խոսել ճաշի ժամանակ` կամ լիքը բերանով խոսել, որպեսզի հարեւաններին չանհանգստացնես: Արմունկները սեղանին պետք չէ դնել նորից ուրիշներին չխանգարելու համար: Խնամքով հագնվելը պետք է, քանի որ դրանով հարգանք եք արտահայտում ուրիշների նկատմամբ` հյուրերի, տանտերերի կամ ուղղակի անցորդների. ձեզ նայելը պետք է զզվանք չառաջացնի: Հարեւաններին անընդհատ կատակներով, սրամտություններով ու անեկդոտներով պետք չէ հոգնեցնել, հատկապես, եթե մասնակիցներից մեկն արդեն դրանք պատմել է: Դրանով ունկնդիրներին անհարմար վիճակի մեջ եք դնում: Ջանացեք, որ ոչ միայն զբաղեցնեք ուրիշներին, այլ նաեւ նրանց խոսելու հնարավորություն տաք: Մարդու շարժուձեւը, հագուստը, քայլվածքը, ամբողջ պահվածքը պետք է զուսպ լինի եւ… գեղեցիկ: Քանի որ գեղեցկությունը երբեք չի հոգնեցնում: Գեղեցկությունը «հասարակական» է: Եվ, այսպես կոչված, լավ վարքագծում միշտ խորը իմաստ կա:

Մի կարծեք, որ լավ վարվելաձեւը միայն վարվելաձեւ է, այսինքն` մակերեսային մի բան: Ձեր վարքով բացահայտում եք ձեր բնույթը: Մարդը ոչ այնքան իր վարվելաձեւը պետք է մշակի, որքան այն, ինչն արտահայտվում է վարվելաձեւով` խնայող վերաբերմունք աշխարհի նկատմամբ` հասարակության, կենդանիների ու թռչունների, բուսականության, շրջապատի գեղեցկության, այնտեղի անցյալի, որտեղ ապրում է, եւ այլն: Պետք է ոչ թե հարյուրավոր կանոններ հիշել, այլ միայն մեկը` ուրիշի նկատմամբ հարգալից վերաբերմունքի անհրաժեշտությունը: Եթե դա լինի եւ մի քիչ էլ հնարամտություն, ապա վարվելաձեւն ինքն իրեն կհայտնվի, ավելի ճիշտ` կհիշեք լավ վարվելաձեւի կանոնները եւ դրանք կիրառելու ցանկություն ու կարողություն կունենաք:

Տասնչորսերորդ նամակ
Վատ եւ լավ ազդեցությունների մասին

Յուրաքանչյուր մարդու կյանքում հետաքրքիր տարիքային մի երեւույթ կա` կողմնակի ազդեցությունը: Այդ կողմնակի ազդեցությունները սովորաբար չափազանց ուժեղ են լինում, երբ պատանին կամ աղջիկը սկսում են չափահաս դառնալ` բեկման շրջանում: Հետո այդ ազդեցությունների ուժն անցնում է: Բայց պատանիներն ու աղջիկները միշտ պետք է հիշեն ազդեցությունների, դրանց «շեղումների» եւ երբեմն` նորմալ ընթացքի մասին:

Գուցե այստեղ ոչ մի շեղում էլ չկա. ուղղակի աճող մարդը` աղջիկը կամ պատանին, ցանկանում է արագ մեծանալ, ինքնուրույն դառնալ: Բայց ինքնուրույն դառնալով` նրանք ամենից առաջ ընտանիքի ազդեցությունից են ձգտում ազատվել: Իրենց «երեխայության» մասին պատկերացումները սեփական ընտանիքի հետ են կապվում: Այդտեղ մասամբ էլ ընտանիքն է մեղավոր լինում, որը չի նկատում, որ իր «երեխան» եթե նույնիսկ չի դարձել, ապա ցանկանում է հասուն լինել: Բայց լսող լինելու սովորությունը դեռ անցած չի լինում, եւ նա «լսում» է նրան, ով իրեն հասուն է համարում. հաճախ այդ մարդն ինքը դեռ հասուն եւ իսկապես ինքնուրույն չի լինում:

Ազդեցությունները լինում են եւ՛ լավ, եւ՛ վատ: Դա հիշե՛ք: Բայց վատ ազդեցություններից պետք է զգուշանալ: Քանի որ կամք ունեցող մարդը չի տրվում վատ ազդեցությունների, ինքն է իր ճանապարհն ընտրում: Իսկ կամազուրկ մարդը տրվում է վատ ազդեցությունների: Վախեցե՛ք չգիտակցված ազդեցություններից, հատկապես, քանի դեռ հստակ չեք կարող տարբերել լավը վատից, եթե ձեզ դուր է գալիս ընկերների գովասանքը եւ քաջալերանքը. թող անպայման լինեն այդ գովասանքն ու քաջալերանքը, ինչպիսին էլ լինեն: