Ուստա, Համոն փողը չի տվել կամ էլ` քաջ արցախցիներ, օգնեցեք «Հիմն Արցախին» կատարմանը

29/06/2011

Այն բանից հետո, երբ 2010թ. փետրվար 2-ին պատվիրված փոստով Հայոց Մաեստրո Հովհաննես Չեքիջյանին ուղարկեցի քառաձայն խառը երգչախմբի եւ նվագախմբի համար հեղինակած, Իսրայելում լույս տեսած իմ «ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ» պոեմի նոտաները (Պարտիտուր, Կլավիր, նվագախմբային եւ երգչախմբային ձայներով հանդերձ), երկու շաբաթ անց զանգահարեցի Մաեստրոյին` ստեղծագործությանս առումով «հալն ու քեֆը տնտղելու» միտումով: Ասաց` լավ, իսկ ո՞վ պիտի վճարի: Ես էլ իմ հերթին, թե` Մաեստրո ջան, իսկ ինձ ո՞վ պիտի վճարի, սա մեր Արցախին է նվիրված… Ու ասաց տղամարդավարի. «Լավ, եթե չվճարեն էլ` կկատարենք, պարզապես լավ կլիներ, որ Մշակույթի նախարարությունը տեր կանգներ, որ տղաները (երգչախումբը) մի բան ստանային»: Հասկացա, որ սա նախեւառաջ` յուր կոլեկտիվի մասին մտածող մարդու, հետո նոր` երաժիշտ ղեկավարի մտահոգություն էր, մտահոգություն, որի հետ համաձայնվեցի անմիջապես: Որոշ ժամանակ անց Մաեստրոն ինքը զանգահարեց եւ հայտնեց, որ` նախարարը հաստատել է պլանը եւ պիտի վճարի: Կարծում եմ, հասկանում եք իմ հուզումնալից վիճակը…

Պետական եւ կրոնական զանազան տոների, կամ թե հերթական համերգի առիթով զանգահարում եւ շնորհավորում էի, որից հետո Մաեստրոն ինքն էր խոսք բացում ստեղծագործությանս առթիվ եւ հաստատում իր որոշումը` պիտի կատարի: Մի անգամ էլ ասաց. «Պիտի համբերենք»: Հետո նորից` ձգձգման պահեր: Կոմիտասի շքանշան ստանալու առթիվ շտապեցի շնորհավորել (հեռախոսով), եւ նորից ինքը խոսք բացելով ասաց` պիտի կատարենք: Միտք հայտնեցի, որ թերեւս Կապելլայի հետ ստեղծագործ եւ բովանդակ աշխատանքի 50-ամյակին նվիրված հոբելյանական համերգի ծրագրում գուցե տեղ գտնի նաեւ «ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ»-ը եւ՛ նոր, չկատարված ստեղծագործություն է, եւ՛ թե կնվիրվի Արցախի 20-ամյակին: Ասաց. «Հետաքրքիր միտք է, կմտածենք»: Երկար տեւեց…

… 06.04.11-ին կից նամակով, պատվիրված փոստով «ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ» պոեմի մի պարտիտուր նվիրումով ուղարկեցի Արցախ, նախագահ Բակո Սահակյանին: Տեղյակ էի պահել Մաեստրո Չեքիջյանի եւ իմ համատեղ «անցած ուղին» ստեղծագործությանս կատարման պարագայում եւ հորդորել էի նրան` «Ես երախտապարտ կլինեի, եթե ՀՀ նախագահին անձամբ հասցնեիք իմ մտահոգությունները, որով եւ կնպաստեիք «ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ» (նաեւ «Սիփանա քաջերը») կատարմանը: Ես շատ կուզեի, որ հայաստանյան այրերը հասկանային, որ Արցախն ու Սիփանա քաջերը միայն իմը չեն…»:

Մեծ եղավ զարմանքս, որ ԼՂՀ մշակույթի եւ Երիտասարդության նախարարի (եւ ոչ նախագահի) պատասխան նամակի մեջ նշված էր` «Մեծ սիրով մեր կողմից կընդունվեր Ձեր առաջարկը` ստեղծագործությունը ընդգրկելու ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված հոբելյանական համերգի ծրագրում, սակայն ափսոսանքով պիտի տեղեկացնենք, որ այսօր միայն Արցախում առկա ուժերով (գործում է միայն կամերային նվագախումբ) «ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ» հնչեցնել հնարավոր չէ»: Եվ ոչ մի խոսք խնդրանքիս առթիվ, որ` նախագահ Բակո Սահակյանը տեղյակ պահի ՀՀ նախագահին:

Հիասթափված, պատասխանիս մեջ նշեցի, որ ինձ քաջ հայտնի էր Արցախում գործող միմիայն կամերային նվագախմբի առկայությունը, մանավանդ, որ դիրիժոր, շնորհաշատ Գեւորգ Մուրադյանը իմ համակուրսեցին էր, եւ` «Չգիտեմ ինչու, ինձ թվացել էր, որ նամակս, հղած ԼՂՀ նախագահին, պիտի հուշեր նրան, որ արժե դեմն առնել բյուրոկրատիայի: Եվ միայն նա` նախագահը, որպես նախեւառաջ` առաջին շահագրգռված անձ (վերջիվերջո, նա է ԼՂՀ պատասխանատուն), կարող էր «խառնվել» գործին: Կարծում եմ` հասկանում եք ինչ ճանապարհով, եւ բնավ չունեք իմ հուշելու կարիքը»: Նաեւ հիշեցրել էի հարգարժան նախարարին, որ այս տողերս մատնվել են անուշադրության:

Եվ այսպես, այստեղից էլ հիասթափված եւ անտեր մնալով, սրան գումարած` Ցեղասպանության 90-ամյակին նվիրված իմ «Սիփանա քաջեր» ստեղծագործության հանդեպ դիրիժոր Թոփչյանի, ՀՊՖՆ-ի տնօրինության եւ մշակույթի նախարարի կողմից ցուցաբերված լուռ արհամարհանքը, էլ չեմ ասում` զանազան պետական ու հասարակական կազմակերպությունների կողմից իմ դիմումների հանդեպ «հպարտ» լռությունն էր թերեւս պատճառը, որը ինձ հանեց հունից, եւ հունիսի հինգին մի «սրտաճմլիկ» նամակ ուղարկեցի Մաեստրոյին` համեմատելով ինձ Վրթանես Փափազյանի Ուզուն ախմախի հետ, քանզի ես էլ նրա պես միամիտ հավատացել եմ ճշմարտությանը, օրինականությանն ու բարոյականությանը…

Հունիս 24-ին Երեւանի ժամանակով 14:00-ին զանգ ստացա, եւ… խոսում էր Մաեստրոն, ու ասաց. «Ձեր գործը պատրաստ է, չնայած մենք չենք ստացել Մշակույթի նախարարության պատվերը (այստեղից` վճարումը), խոստումը կա, փողը չկա, բայց ես խոստացել էի եւ խոստումս կատարել եմ: Հիմա այդ Ուզուն ախմախը… ես եմ»: Ապշեցի` Մեծն Չեքիջյան Մաեստրոն է (էլ ո՞վ ունենք, ո՞վ մնաց…) ասողը…: Եվ ավելացրեց. «Դուք պիտի հոգ տանեք` ապահովելու համար նվագախումբ եւ դահլիճ, նաեւ որոշվի, թե ով պիտի լինի դիրիժորը»: Ասեմ` շանթահար էի, սրան գումարած` մեքենայի ղեկին: Մեքենան «քաշեցի աջ», որպեսզի խելքս գլուխս բերեմ, հետո հասա տուն, ինքս զանգահարեցի Մաեստրոյին, որպեսզի ստուգեմ` արդյո՞ք ճիշտ եմ հասկացել: Նորից լսեցի նույն բառերը, ներառյալ իր` Վրթանես Փափազյանի հերոսի դերում հայտնվելը (խոստովանվեմ` ինձ «կողքից» հուշում էին, թե ինչ պիտի անեմ, որ գործս կատարվի` համենայնդեպս սա Մաեստրոյին չվերաբերվեց, եւ փառք Աստծո…):

Հարգելի արցախցիք, հայ քաջ ժողովուրդ: Մեծն Սեւակն ասում էր. «Երբ չի մնում խելք ու ճար, Խենթերն են գտնում հնար»: Արդ, պետք չէ դիմել նախագահներին: Օգնեցեք, միասին դրամահավաք կազմակերպենք` բավարարելու սիմֆոնիկ նվագախմբի նյութական պահանջները, վճարելու դահլիճի համար եւ, ինչո՞ւ չէ, վարձահատույց լինելու Հայաստանի Պետական փառապանծ կապելլայի անձնակազմին: Միակ բանը, որ կարող եմ որոշել ե՛ս, որպես հեղինակ` ստեղծագործության դիրիժորը միմիայն պիտ լինի Ազգի պարծանք, մեր վերջին մոհիկաններից Հովհաննես Չեքիջյանը:

Եվ թող Ձեր օգնությամբ սեպտեմբերին, ի նշանավորումն Արցախի անկախության 20-ամյա հռչակագրի, աշխարհով մեկ հնչեն «ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ» պոեմի վերջին այս չորս տողերը (ներողություն, տեքստը նույնպես իմն է).

Շատ օրեր կանցնեն` կբուժվի վերքդ,
Շատ օրեր կանցնեն` կհնչի երգդ,
Նոր ձայնով ուժգին, ի լուր աշխարհի`
ԼՍԵՑԵ՛Ք, ՃԱՆԱՉԵ՛Ք ԱՐՑԱԽԻՆ…

(Ստեղծագործությունը գրված է 1990 թվին):

Նուբար ԱՍԼԱՆՅԱՆ
Հայֆա, Իսրայել

26.06.2011