«Սեւ ակնոցով» Աստղիկ Սաֆարյանը

29/06/2011

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանին «բռնացնելն» այնքան էլ հեշտ չէ, քանի որ վերջինս շատ է սիրում ճամփորդել: Այստեղ, այնտեղ եւ ամենուր ասվածը բավականին դիպուկ բնորոշում է վերջինիս հետաքրքրասեր էությունը: Մեր զրույցից ընդամենը մեկ օր առաջ նա վերադարձել էր հերթական ճամփորդությունից՝ այս անգամ Փարիզ եւ Բարսելոնա: Բացի այդ, լինելով Մադրիդում, Աստղիկը հասցրել է նկարահանել իր նոր` «Սեւ ակնոց» անունը կրող երգի տեսահոլովակը: Երգը նրա երկրորդ` «Իմ ձեռագրով» CD-ից է, որն, ինչպես եւ ամբողջ ձայներիզը, կազմված է Աստղիկի հեղինակային երգերից: Արդյո՞ք ֆինանսական խնդիրներն են պատճառը, որ Աստղիկը նախընտրում է անձամբ գրել սեփական երգերը` փոխարենը գումարով պատվիրելու այլ երգահանների մոտ: Մեր այս հարցին ի պատասխան` Աստղիկն ասաց. «Եղել են դեպքեր, երբ փորձել եմ համագործակցել այլ երգահանների հետ: Երբ սեփական ձեռագիրն ունես, ակամայից ամեն երգ համեմատում ես քո ձեռագրի հետ: Երբ ինձ ներկայացրել են արդեն պատրաստի երգը, հասկացել եմ, որ այն պարզապես իմը չէ, եւ հրաժարվել եմ այդ աշխատանքից: Ինչ վերաբերում է ֆինանսական խնդիրներին, ասեմ, որ երբեք խնայողություն չեմ արել իմ երգերի կամ տեսահոլովակների վրա տարվող աշխատանքներում»: