Երգչուհի Ալլա Լեւոնյանը իմաստ չի տեսնում հաճախակի տեսահոլովակներով հեռուստադիտողին «ձանձրացնելու» մեջ:
Երգչուհին երկարատեւ դադարից հետո մտադիր է այս ամառ ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի հետ նոր տեսահոլովակ նկարահանել՝ իր իսկ հեղինակած՝ «Իմ մայրիկ» երգի հիման վրա: «Այս երգը, երեք տարի է, սպասում է իր նկարահանումներին: Հետաձգելու պատճառը ֆինանսական որոշակի խնդիրներն են եղել: Ես չեմ ցանկացել «ձեւի համար», կադրերի շարանով անիմաստ տեսահոլովակ ներկայացնել: Այս երգը շատ խորը իմաստ ունի եւ կարիք ունի ռեժիսորական հետաքրքիր լուծման: Այդ հարցում ինձ կօգնի Հրանտը Մովսիսյանը, ով եւ կլինի տեսահոլովակի ռեժիսորը»,- մեզ հետ զրույցում ասաց Ա.Լեւոնյանը: Երգչուհու համար այս ամառը լի է համերգային շրջագայություններով: Չնայած վերջերս է վերադարձել մենահամերգից, սակայն առաջիկայում պատրաստվում է մեկնել Պարսկաստան, որտեղ նրան միանգամից 3 մենահամերգ է սպասվում: Իսկ արդեն աշնանը կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի հրավերով կմասնակցի Կանադայում կայանալիք համերգին: Բացի Ա. Լեւոնյանից, այդ համերգի ժամանակ ելույթ կունենան նաեւ Ինգա եւ Անուշ Արշակյանները, Եվա Ռիվասը եւ Արթուր Հակոբյանը` նույն ինքը` Միստր X-ը: Երեւանից Կանադա կմեկնի նաեւ Հայաստանի Ջազ բենդը: Մեր հարցին, թե ե՞րբ եւ որտե՞ղ է պատրաստվում անցկացնել ամառային արձակուրդները, Ալլան պատասխանեց. «Պարսկաստանի մենահամերգներից հետո ընտանիքով կմեկնենք Յալթա՝ հանգստանալու: Ես եւ ամուսինս մեր մեղրամիսն էլ ենք այդ հրաշք վայրում անցկացրել: Բացի այդ, այնտեղ մենք բարեկամներ ունենք»: Զրույցի ընթացքում Ալլան նշեց նաեւ, որ կտրականապես դեմ է եւ չի հասկանում այն մարդկանց, ովքեր նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել Թուրքիայում: Մեր դիտարկմանն ի պատասխան` թե Թուրքիայում հանգստանալը դեռեւս ազգի դավաճանություն չէ, Ալլան ասաց. «Ես հիմա հայրենասիրություն չեմ «խաղում», բայց եւ չեմ կարողանում հասկանալ այն երգիչ-երգչուհիներին, ովքեր հայրենասիրության գովք են երգում բեմից, բայց մեծ հաճույքով մեկնում են Թուրքիա հանգստանալու: Երբ հարցնում ես, թե ինչո՞ւ են այդպես վարվում, պատճառաբանում են, թե ՝«լավն ա սերվիսը»: Կարծես թե այդ «լավ սերվիսը» միայն Թուրքիայում է»: Մեր դիտարկմանը, թե Հայաստանի հանգստյան գոտիներում անիմաստ «կրակած գներն» են շատ անգամ պատճառ հանդիսանում, որ հայերը մեծ հաճույքով իրենց հանգստի ծախսերը նախընտրում են հոգալ հարեւան ծովափնյա երկրներում՝ Վրաստան, Թուրքիա, Ալլան պատասխանեց. «Ես համամիտ եմ, որ գներն իրոք բարձր են: Պարզապես մերոնք շատ մեծ ներդրում են անում այդ ոլորտում իրականացվող բիզնեսում եւ ստիպված են բարձր գներ նշել, որ «հանեն» ծախսերը: Իհարկե, կան եւ չարաշահումներ, երբ իրապես չես հասկանում, թե ինչի՞ հիման վրա է գինն այդքան բարձր: Ես, օրինակ, չեմ սիրում հանգստանալ Սեւանում: Նախընտրում եմ մեկ օրով գնալ զմայլվել այդ գեղեցկությամբ, կղզի մտնել, մի հատ էլ ձուկ ուտել եւ վերադառնալ: Չեմ կարողանում հաճույք ստանալ՝ լողալով Սեւանի սառը ջրում: Չնայած շատերն են նշում, թե Սեւանում գները բարձր են, բայց, այնուամենայնիվ, երբ էլ գնաս` տեղ ու դադար չկա: Դա նշանակում է` մարդիկ կարողանում են վճարել անգամ այդ բարձր գները: Հայաստանում իմ հանգիստը նախընտրում եմ անցկացնել այնտեղ, որտեղ ծառեր եւ մաքուր բնություն կա՝ օրինակ, նույն Ծաղկաձորը»: Ալլան նշեց նաեւ, որ ամենահիշվող հանգիստն անց է կացրել` դստեր հետ մեկնելով ԱՄՆ: «Ես ու աղջիկս հիանալի ժամանակ անցկացրինք միասին: Գնացինք «Disneyland», «Waterworld»… Որքան հետաքրքիր եւ լավ ժամանակ անցկացնելու վայր կա` այցելել ենք, ոչինչ բաց չենք թողել»,- ասաց Ալլա Լեւոնյանը: