Միջոցառման հասույթը տրամադրվելու է Հայաստանում կանանց եւ երեխաների կարիքները հոգալու ծրագրերին: «Միջազգային բարեգործական բազարի» ընթացքում Հայաստանում հավատարմագրված դեսպանությունները ներկայացրին իրենց ազգային հուշանվերներն ու խոհանոցը: Բարձրաշխարհիկ կանայք գնումներ էին կատարում, որից կարելի էր որոշել պաշտոնյաների կանանցից շատերի ճաշակը: Բոլորի ուշադրության կենտրոնում առաջին տիկին Բելլա Քոչարյանն էր, որին ուղեկցում էր արտգործնախարարի տիկինը՝ Նանի Օսկանյանը: Ն. Օսկանյանը միջոցառումից իր հիացմունքն արտահայտելով` դիմեց տիկին Քոչարյանին՝ «Այս տարվա Բազարն ավելի ճոխ է»: Բ. Քոչարյանը համեստ եւ առատաձեռն էր: Շրջելով բոլոր տաղավարներով` նա ընտրում էր նրբաճաշակ եւ հասարակ իրեր: Տիկին Քոչարյանը ֆրանսիական տաղավարից ընտրեց 10.000 դրամանոց դեղին գույնի շարֆ, իսկ Նինա Հովնանյանի տաղավարից գնեց տոնածառի մի խաղալիք ու նվիրեց «Հայաստանի Հանրապետություն» թերթի լրագրողուհուն: Առաջին տիկինը բավական շռայլ էր գնումների մեջ եւ գնած իրերը հիմնականում նվիրում էր իրեն շրջապատող կանանց: Ջերմ հանդիպում ունեցան տիկին Քոչարյանը եւ Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեի կինը:
Իտալուհին, գրկախառնվելով, նրան ուղեկցեց իտալական ապրանքների տաղավար եւ, մորթե վզնոցը գցելով իր վրա, մոդելի պես սկսեց պտտվեց` ցույց տալով մորթու գեղեցկությունը: Այս կենսուրախ կինը չէր կաշկանդվում հարյուրավոր մարդկանից եւ ամենատարբեր հնարքներով փորձում էր ներկայացնել իտալական ապրանքը եւ գրավել բոլորի ուշադրությունը: Տիկին Քոչարյանը թաիլանդական տաղավարից գնեց մի մեծ գիրք եւ ձեռագործ բարձիկներ: Միջոցառման ընթացքում ամենապասիվն ու թախծոտը Իրանի դեսպանի տիկինն էր, որը գլուխը խոնարհել եւ նստել էր իր երկրի տաղավարի մոտ: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ Հայաստանում ինքն իրեն լավ է զգում, որովհետեւ մենք նույնպես ավանդապահ ժողովուրդ ենք: Իսկ հնդիկ մի խոհարար, որը ներկայացնում էր հնդկական խոհանոցը, ասաց, թե ինքը շատ է սիրում հայկական խոզի տոլման: Ինչեւէ, մինչ դիվանագետների կանայք հիանում էին տարբեր երկրների մշակույթով, հայտնի գործարարների կանայք ճեմասրահում ակտիվ համտեսում էին ներկայացված խոհանոցների ճաշատեսակներն ու քննարկում օրվա երկու կարեւոր տիկնանց` Բելլա Քոչարյանի եւ Նանի Օսկանյանի հագուկապը։ Եթե հյուրասրահը վերնիսաժ էր հիշեցնում, ապա ճեմասրահում կանացի չարախոսությունների մթնոլորտ էր տիրում, որտեղ նույնիսկ քննարկվում էր, թե միջոցառումը քաղաքական նպատակներ է հետապնդում: