Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում ավարտվել է բժիշկ-գինեկոլոգ Ֆ. Մադոյանի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Գյումրիի թիվ 1-ին պոլիկլինիկայի բժիշկ-գինեկոլոգ Ֆ.Մադոյանը 2010թ. հունիսի 18-ին պոլիկլինիկայի իր աշխատասենյակում ընդունել է հիվանդ Է.Եղոյանին եւ վերջինիս հետազոտելու եւ ախտորոշելու նպատակով` որոշել է վերջինիս արգանդի վզիկից քսուք վերցնել: Նախաքննական մարմնի գնահատմամբ` տվյալ բժշկական միջամտությունը կատարելու ընթացքում բժիշկը իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ եւ դրանց նկատմամբ դրսեւորել անփույթ վերաբերմունք, այն է` Է.Եղոյանի արգանդից քսուք վերցնելու համար, առանց անհրաժեշտության, արգանդի վզիկ է ներարկել «Լիդոկաին» տեսակի դեղամիջոց, որից Է.Եղոյանը ընկել է անաֆիլատիկ շոկի մեջ եւ, գիտակցության չգալով, մահացել է: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ֆ.Մադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով եւ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու: