3. Հիվանդությունը դառնում է առողջություն
Խոսքը ոչ միայն հոգեբուժարանների կամ այլ հասարակական հաստատությունների մասին է, որոնք իրենցից ինչ-որ արգելաբնակավայրեր են ներկայացնում, այլ նաեւ` ամենասովորական հիվանդանոցների, քանզի բոլոր այդ հակասությունները եւ բախումները մարմնավորվում են ոչ միայն գիտակցության մեջ, այլ նաեւ, ինչպես մատնանշում է ինքը` խոսքը, արվեստագետի արտասովոր մարմնում:
Աշխատանքի ծավալը, որ իրականացնում են այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Մոցարտը կամ Շուբերտը, ավելի քան հատկանշական է, քանի որ այդ կոմպոզիտորները, ինչպես եւ շատ գյուտարարներ, ավելի շուտ հիվանդոտ եւ թուլակազմ էին, ինչից էլ որ բավական երիտասարդ մահացան: Մյուսներն ավելի շատ դիմացան:
Ստեղծագործությունը` ողջ մնալն է, պայքարը թուլության եւ հիվանդության դեմ ջերմության օգնությամբ, որը հարուցում է տկարությունը: Բառերի եւ մարդկանց պատերազմը դառնում է տարբեր օրգանների պատերազմը, տեքստի հաղթանակը` խաղաղությունն է:
Այստեղ մենք իսկապես կարող ենք խոսել արտահայտման մասին, քանզի մեզ տեսանելի է, թե ինչպես է ուժգնանում եւ պարպվում ճնշումը: Սակայն խոսքն ամենեւին էլ «առողջացման» մասին չէ, եւ ոչ էլ` նախկին ձեւին վերադառնալու: Խոսքն ինչ-որ նոր առողջության մասին է, որի բացահայտումը հիվանդությամբ էր հարուցված: Տեղ ունի նաեւ մարմնի փոփոխությունը:
Վերջին եւ առաջին հարցերը
Տեքստը վերցվում է աղքատությունից, գժանոցից, սեգրեգացիայից, ֆրուստրացիայից, հիվանդությունից: Եթե ճանապարհը շարունակենք, ապա կհանգենք գրականության եւ մահվան միջեւ եղած հարաբերությանը:
Կարելի է ասել, որ տեքստը վերցվում է մահից: Դա մեռյալների ապրել շարունակելու եղանակն է: Երբ ես գրում եմ, ես մենակ չեմ: Ես գրում եմ ձեզ հետ, ձեր բառերով, ձեր օգնությամբ, բայց բառերը միայն իմը չեն` ձերն են կամ մերը: Նրանք մեզ կտակված են: Նրանք փոխվում են, բայց այն, ինչը նրանցում փոխվում է, վերցվում է այն բանից, ինչ ասել են մեռյալները` այնքան ուժեղ եւ էներգիայով լեցուն եւ մեր մեջ ապրող:
Ապրողների եւ մեռյալների միջեւ եղած բախումը ավելի սուր եւ լուրջ է, քան սերունդների, ցեղերի կամ դասակարգերի միջեւ եղածը: Մեռյալներն ապրել են այն, ինչի մասին մենք մոռացել ենք, ինչը մեզ վիճակված է գտնել: Բառերի անտեսանելի կողմը ոչ միայն մեզ հղում է առ մանկություն, այլ նաեւ` դեպի մեր ծնողները, պապերը եւ շատ ավելի հեռավոր նախնիները, ընդհուպ` մինչեւ կենդանիներն ու նրանց նմանները` այդքան խնամքով է թաքնված:
Ինչ-որ հուսադրող բան կա այն բանում, որ երբ մենք գրում, նկարում կամ երաժշտություն ենք հորինում, մենք մարմնավորում ենք մեռյալների ինչ-որ չկայացած մտահղացումները, ի դեպ, այդպիսի դատողություններում մեզ անխուսափելիորեն վշտացնում է այն, որ եթե մեռյալների ցանկությունը նույնիսկ մասնակի մարմնավորվում է, վերջիններս չեն կարող դրանից օգտվել: Ինչպիսին էլ լինի մեր «պաշտամունքը», որի մասին Վերգիլիոսն ասում էր, որպես plus Aeneas-ի, այսինքն` պաշտամունքի մասին, որտեղ տեղ ունեն ծաղրանքն ու սրբապղծությունը, նրանց ցանկությունը հարկ է բավարարել: Մեռյալների ցանկությունն անմահ է:
Այլ կերպ ասած, միշտ կլինեն նոր տեքստեր, ներթափանցված այդ վերքի ցավով, տարանջատված ծայրերով` ողջերին եւ մեռյալներին զատող, նրանց, ովքեր արդեն մահացել են, եւ նրանց` որ երբեւէ կմահանան եւ մահանում են ամեն օր: Պլատոնը, դատելով Մոնտենի թարգմանությունից, համարում էր, որ «փիլիսոփայել` կնշանակի սովորել մահանալ»: Գիրը մահվան վերածումն է կյանքի, բայց, բարեբախտաբար, մինչեւ վերջ չկայացող:
Եթե վերադառնանք այն բանին, ինչից սկսել էինք, այն պահին, երբ պրոսոդիան` գրի գործողության պատկերի գիտակցումը, սահմանափակող հասկացություններ է ներմուծում, այն կարող է դիտարկվել որպես մահվան ներկայության դրսեւորում եւ նրա «շրջման» սկիզբ, մեզ որոշակի տարածություն է հատկացված, ժամանակը գնում է: Որքան ուղղագիծ է տեքստը, այնքան ճշգրիտ կլինի նրա դասական համեմատությունը մարդու կյանքի հետ, որ ենթարկվում է բնության եւ աստվածների օրենքներին, եւ ահա այն սկսվեց, զարգանում է, մոտենում է ավարտին: Գրի կարգավորումը տարածության մեջ` մահվան զորեղության հակառակ կողմն է:
Վերը ասվածը` դասախոսության զմռսված տեքստ է: Այն գոյություն ունի, բայց չի շարունակվում:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԻՇԵՐԸ
1. Երազն ու մշուշը
Արթնանում եմ: Գիշերն անցել է: Ես երազ եմ տեսել: Ես հիշում եմ երազի մասին, եւ այն հյուսվում է այն ամենին, ինչ ես տեսնում եմ: Եթե ես ուզում եմ պատմել, ապա գուցե թե այն բանի համար, որպեսզի նրանից ազատվեմ, զատեմ այն մնացյալ ամեն ինչից, որպեսզի օրը բացատրվի՞: Քանի դեռ ես այն պատմում եմ, նա ցրվում է: Թեպետ ինչ-որ բան ինձ այնքան է ապշեցրել, որ ես հաճույքով նախաճաշի շուրջ կպատմեմ հարազատներիս: Իհարկե հարթ չստացվեց: Եվ նախադասություններն այն չեն, եւ այն դասավորությամբ չեն: Բառերը հուսախաբ արին: Պետք է սկզբից սկսել, բայց արդեն ժամանակ չկա, եւ այժմ չեմ հիշում եւ չեմ էլ ուզում: Որքան բան խոստացավ`այնքան զվարճալի, այնքան սարսափելի, այնքան գեղեցիկ երազ… Բոլորը հիասթափված են, մնացել է անբավարարվածության զգացողությունը:
Սակայն, այդուհանդերձ, օգտվել դրանից չկարողացա, բայց քշել` նույնպես: Թաքնվում ու ծանակում է ինձ: Մեկ էլ տեսար` դուրս է պրծնում մեկ փողոցում, մեկ ճանապարհին, մեկ էլ գրքից: Հիշողությունը գրգռում եւ հետապնդում է ինձ: Ե՞րբ եմ ես եղել այս տանը: Որտե՞ղ եմ ես այն ժամանակ զրուցել: Ոչ, չի կարող պատահել, կեսօրին ես միանգամայն այլ բանով էի զբաղված: Դա հիշողության խաբսն է, երազ: Երբեմն ինձ հաջողվում է հիշել հենց այն գիշերը, երբ ես տեսել էի այդ երազը, բայց հետո ես չեմ հասցնում: Օրը փութացնում է: Հենց որ ես երազի հիշողության նման մի բան եմ հայտնաբերում, ես դա բանադրանքի եմ ենթարկում:
Ամենից շատ խանգարում են այն երազները, որոնք ամենալավն են իրականության դիմակ առնում: Հաճախ այնտեղ հայտնվող դրվագներն անզանազանելի են ամենատափակ առօրյա կյանքից: Այդպիսին է «Կյանքը երազ է» պիեսի սյուժեն: Երազի առաջին ասպեկտը, որի վրա ես կուզենայի կանգ առնել, դա նրա ռեալիզմն է, ես նույնիսկ կասեի` նրա առաջարկած տարբերակների գռեհկությունը: Այսպիսով, ռեալիստական ֆորման, պատումի ֆորման: Ուրեմն պատմող է պետք, վկա` խոսող «եսը» ինչ-որ մշտապես չավարտվող ժամանակի մեջ, անցյալ անկատարում կամ պատմական ներկայում:
Գուցե, կարելի է փորձել կազմակերպել այդ «ռեալությունը», որ այնքան դժվար զանազանելի է նրանից, որ կեսօրին ինձ հանգիստ չի տալիս, առ գիշերով երկրորդվող կենսագրությո՞ւնը: Ինչպես Ջորջիա դե Մորիեյի «Պետեր Իբետսոնում»: Բայց նույնիսկ այդ վեպում դա հնարավոր է դառնում միայն շնորհիվ այլ մարդու կրքոտ համաձայնության: Երազը ֆիքսելու համար ինձ հարկ է նրան գործածական մեկնաբանություն տալ, ամենից հաճախ` կրոնական: Այնժամ երազը երկրորդ կյանք կառնի, որ երբեմն ներթափանցվում է առաջինի մեջ, բայց մեկը մյուսից պիտի զանազանվի որոշակի ակնհայտ նշաններով: Եթե դեռ չի կարգավորվել կազմակերպված պատումների միասնությունը, որին կարելի է հավելել երազի դրվագները, վերջինս շատ դեպքերում, որքան հնարավոր է, պետք է վերացվի: Այնժամ դա, ինչպես ընդունված է, կհամարեն բանականության թերություն, ավաղելի, քանզի ներհատուկ է բոլորին, հիվանդություն, որի առաջին նախանշանների դեմ հարկ է պայքարել:
Արթնանալուց հետո երազը պատմելը հենց դրա դեմ մարտնչելու փորձի մի մասն է, ինչը համարյա միշտ անհաջողությամբ է ավարտվում: Որպեսզի այդպիսի պատմությունը կայանա, հետաքրքրի, անհամ վրիպանքի, կոպիտ ստի տեսք չառնի, մի բոլուկ թյուրիմացություններ չծնի, այն պարտադիր պետք է ներկայացնի երազի հաստատումը, ապացուցի, որ դա հենց այն է: Պատմողից պահանջվում է համոզել այն բանում, որ նա հիանալիորեն գիտի, որ դա «սոսկ երազ է», որ այլ կերպ «անհնար է»: Նշանները, որոնցով լեցուն է երազը, նույնիսկ, եթե դրանք սովորաբար չեն նշվում, դրանց ծուղակն ընկած հիշողությամբ` անսովոր համակցումները, մեր ապրած տագնապների եւ հաճույքների հիմնական աղբյուրները:
Ինչ-որ բան տեղից շարժվում է, ակնհայտորեն ոչ այնտեղ, ուր հարկն է` ցերեկով մենք երեւի թե կհասկանայինք, որ այդպիսի բաները չեն համակցվում, չեն միավորվում: «Ձեզ ախորժանք են պատճառում երազները»,- այդպես է սկսում Բոդլերը: Երազի մյուս ոչ անկարեւոր ասպեկտը` նրա զավեշտականությունն է: Ընդմեջ տափակ դրվագների` հանկարծ ինչ-որ անհեթեթություն: Ամեն ինչ կարգին է` դա ընդամենը երազ է:
Բայց այնքան ծիծաղելի, համարյա ամաչելու աստիճանի: Երբեմն առավոտյան պատմողը մեկ էլ փռթկում է շվարած սեղանակիցների մոտ եւ հանկարծ սսկվում է, գիտակցելով, որ մնացածները կարող են իրեն չհասկանալ, իսկ այն, ինչ նրա ծիծաղն է հարուցում, նրանց կշտամբանքին կարժանանա:
2. Երազն ու արգելվածը
Համակցումներն անսպասելի են ոչ միայն այն պատճառով, որ հազվադեպ են պատահում, այլ նաեւ այն պատճառով, որ ձեզ ստիպում են դրանցից խուսափել, եւ նույնիսկ կործանել: Ահա այժմ, երբ ես փորձում եմ դրանք նկարագրել, ես ջանում եմ դրանք շտկել, ճարպկորեն դրանցից խուսափում եմ, ջանալով անտեղից համենայն դեպս ինչ-որ բան բաց թողնել, մերձիմոտ դեգերում եմ:
Պետք չէ… Չի կարելի… : Պատմածը նաեւ կախված է նախաճաշի նույն սեղանի շուրջ նստած մարդկանց հարաբերություններից, ինչպես նաեւ այն բանից, թե երազում ինչ եք տեսել: Այն մասին, ինչը ես կարող եմ երբեւէ պատմել առանց պարտատոմսերի, որոշակի մարդուն ես գերադասում եմ չասել կամ ասել առանց այս ու այն կողմ ընկնելու: Իհարկե, այստեղ շատ բան կախված է պատմողի տաղանդից, լարվածությունը զգալու, սուր անկյունները շրջանցելու, ելք ու պահեստային լուծումներ գտնելու ընդունակությունից: Երազի մասին պատմությունը սովորաբար կարճ է, քանզի ընդհատվում կամ կասեցվում է հայացքներով կամ խոսքերի անբավությամբ, բայց չեն բավում ոչ խոսքերը, որպեսզի պատասխանես հայացքների հրավերին, ոչ էլ կամուրջները, որպեսզի անցնես ճանապարհը պատնեշող գետով:
Ցանկությունների դրսեւորումը երազներում` դա այն է, ինչը մեզ անընդհատ ուսուցանում է խոսակցական լեզուն` դրսեւորվել, այլ ոչ թե բավարարվել: Եթե մենք ասում ենք, որ նա, ով քաղցած, երազում տեսնում է, որ ուտում է, եւ միայն այդպես է ննջում, մենք միեւնույն է` հասկանում ենք, որ հնարանքը երկար չի աշխատի, այդժամ արդյո՞ք հիմք կա ենթադրելու, որ նա, ով տանը մարտնչում էր քաղցի դեմ, քնում է, որպեսզի, ի վերջո, ուտելիքի մասին երազում լիովին արտահայտվելու հնարավորություն ստանա:
Երեխան հիասքանչ բալեր է տեսնում, բայց նրան արգելել են ուտել: Նա երազում տեսնում է, որ ամբողջը կերել է, ինչը ոչ մի կերպ չի խանգարի նրան, որ հաջորդ օրը մյուսներն ուտի, եթե դրանք հայտնաբերի: Մտային բավարարումը երազում ամենեւին չի հագեցնում: Ընդհակառակը, քանի որ նրան հայտնի է, որ նա չէր կարողացել ուտել երեկվա բալերը, նրա հայտարարությունն այն մասին, որ նա դրանք կերել է, նրա պատմածը փոխադրում է երազի ոլորտ եւ այն հաճելի է դարձնում:
Լինում են եւ վատ երազներ, նրանք, որ խանգարում են մեր երջանկությանը ընկույզի կճեպի մեջ, մղձավանջներ, որոնցից մենք վեր ենք թռչում եւ արթնանում: Չափազանց վտանգավոր է, տագնապի ազդանշան: Պատմելու միջոցով մենք դրանց վրա ծիծաղել ենք սովորում, բայց հարկ է ինչ-որ բան ձեռնարկել:
Պետք էր լռել ցանկությունների եւ վախերի մասին: Ես դասախոսի հարուստ փորձ ունեմ: Սովորաբար ես իմպրովիզացիա եմ անում, եւ այդպես ամենից լավ է ստացվում: Բայց այդտեղ ռիսկի մի մաս կա, եւ ես միշտ մտնում եմ հոսընթաց լսարան, ուժեղ շվարմունք ապրելով: Արդյո՞ք ես կկարողանամ այս անգամ ինչ-որ բան ասել: Արդյո՞ք ունկնդիրները գոհ կլինեն: Արդյո՞ք ինձ հանկարծակիի չեն բերի, արդյո՞ք ինձ տգիտության մեջ չեն բռնացնի, արդյո՞ք չեն հիասթափվի: Ամեն դեպքում նահանջելու տեղ չկա, բոլորը սպասում են, ժպտում, հարկ է սկսել խոսել: Սակայն վախը, ինչպես եւ ցանկությունը երեխայի, որի մասին հենց նոր խոսում էի, այդքան հեշտ չի անհետանում: Իմ ամենահաճախակի երազներից մեկը տապալվող դասախոսութունն է: Ինձ միանգամայն անհրաժեշտ է հնարավորությունն ինքս ինձ ասելու` «Դա ընդամենը երազ է», ինչպես հարկն է դրանում համոզվելը, անհեթեթությունների առավելագույն քանակ ժողվելով եւ դրանցով նշագծելով պատմածս:
Չնայած այն բանին, որ այդ կրկնվող երազը պատմել եմ «Երազների մարմնի» առաջին հատորում եւ ինքս էլ մշակել եմ, այն ոչ մի տեղ չի կորել: Նա վերադառնում է, կարող է երազում տեսնվել այսօր գիշերը: Բայց ես ասես նրան վարժեցրել եմ, այդ հրեշի հետ ես կարողանում եմ զրույց վարել, ծիծաղել նրա վրա եւ նրանից օգուտ քաղել հենց իր իսկ օգնությամբ:
Գիշերային բեմի վրա մեր հակասությունները դրամատիկացվում են: Ասում են, որ մութ սենյակում հանցագործին հետապնդում է խղճի խայթը, իսկ Համլետին` կասկածները:
Երեխային արգելել են ոչ միայն բալ ուտել, այլ նաեւ արտասվել. «Դու մեծ տղա ես եւ պետք է քեզ տղամարդու պես պահես…»: Դեռ բավական չէ, որ մենք չենք կարող անել այն, ինչը մեզ դուր է գալիս, մեզ չի թույլատրվում բողոքել: Երազով բեմ հանված ցանկությունների մեջ կա արտասվելու ցանկությունը: Երազը դրսեւորում է ոչ միայն մեր ցանկությունները, այլ նաեւ այն, որ դրանք բավարարված չեն, որ դրանք բավարարելը հեշտ չէ, որ պետք է հաղթահարել խոչընդոտները` բանալու անցքերը, դռնակները, ճեղքերը, որ մեզ բաժանում են բացվող դրախտից:
Քանզի դրախտը բացվում է մեզ` անսպասելի, բացառապես ներդաշնակ զուգորդումներում, այդուհանդերձ համատեղվում եւ հայտնվում են նոր ուժով, առաջին հայացքից հակասական ցանկությունները: Թվում է, այստեղ կամ մեկն է, կամ մյուսը, սակայն պարզվում է, կա թե մեկը եւ թե մյուսը ստանալու միջոցը, մեկը մյուսով: Եվ եթե պարզվում է, որ այդ դրախտը չափազանց տարբերվում է նրանից, որ նկարագրվում է հինավուրց հավատալիքներում, որոնց հետ մենք սովորաբար համեմատում ենք մեր երազները, նրան, ով կկարողանա դրա մասին պատմել, սպառնում է վտարումը եկեղեցուց:
3. Երազն ու գիտությունը
Ես մեկնում եմ երազը, պատմում եմ այն: Այդ պահին ցանկությունն ու վախը գործում են ողջ ուժով: Ես կամենում եմ դուր գալ կամ զազրելի չլինել բարեկամներին, երեխաներին, քահանաներին, թերապեւտներին: Եթե օրվա իրադարձությունների մեկնությունը ամեն ինչն է կամ համարյա ամեն ինչը, սեքսուալությունն է երազում, ապա, ինչպես ես չձգտեմ շեշտել դրան տրվող ինչ-որ տարր, այն գունազարդե՞մ: Տեսնելով երազը, ես միաժամանակ այն մեկնում եմ: Երազների մեկնությունն անխզելիորեն կապված է մեկնության մասին երազին:
Այն, ինչ մենք լռում ենք, ինչը որ հայտնվում է երազի լռության մեջ, որպեսզի հայտնվի մեր հիշողության մեջ, բեմի վրա իր դերն է կատարում, ոչ միայն այն, ինչը մենք ցանկանում կամ ինչից որ վախենում ենք, բայց եւ այն, ինչի կողքով մենք ժամանակ չունենալու պատճառով անցնում ենք:
Մենք տեղեկատվություն ենք ստանում: Ինձ հաջողվում է օգտագործել միայն մի մասը: Տեղեկությունների մեծամասնությունը մեկեն խոտանվում է, բայց դրանցից ոմանք գիշերով հնոտիի կույտից վեր են խոյանում: Խոսակցության մեջ ես որոշակի բառեր եմ ընտրում` մնացած տարբերակները, նույնիսկ, գուցե, ավելի պիտանիները դեն են քշվում, բայց ասես դռան առաջ դոփում են, այն խոսքերը, որոնք ես ընտրել եմ, մնացել են այն համատեքստում պիտանի նշանակության շնորհիվ, մնացյալ նշանակությունները սսկվել են: Ամեն ինչ դառնում է ի շրջանս յուր, երբ վերանում է մյուս անգամ ճակատագիրը փորձելու անհրաժեշտությունը: Մենք օրվա կուլիսների ետեւում ետուառաջ ենք անում, նրա ետնամասում:
Այն, ինչ բառերով չէր կարող ասվել կեսօրին, քանի դեռ մենք արթուն էինք, ստացվում է արտաբերել, երբ մենք պինդ քնած ենք, քանի որ դրանցով այնտեղ կարելի է խաղալ: Դրանց լարվածությունը վերածվում է ժեստերի, արկածների, սիմվոլների: Մենք արթնանում ենք եւ դարձյալ անուժ ենք: Նկարագրելը բավական չէ, հարկ է նաեւ պար բռնել, որ սովորական պայմաններում այդքան էլ հեշտ չէ: Պահանջը կա, իսկ ահա ժամանակ դարձյալ չկա:
Անսպասելի համակցումները մեզ բացում են ձեռնահասության դրախտը: Մեր ցանկություններից մեկը, մեր պահանջներից մեկը` աշխարհը եւ ինքներս մեզ ավելի լավ հասկանալն է, մենք կռահում ենք, թե ինչ է դա նշանակում, սոսկ երազի որոշ դրվագների միջոցով: Երբեմն գիտական եւ բանաստեղծական հայտնագործություններն արվում են երազում:
Իսկ ավելի վաղ մի՞թե մեզ չի վիճակվել ընտելանալու ամենօրյա կենցաղի առարկաներին, գործածելով դրանք ոչ միայն կեսօրին, այլ նաեւ գիշերը: Երեխան, ում կարգելեին երազ տեսնել, երեւի թե չէր սովորի պարզագույն հմտությունները, երեւի թե չէր կարողանա վերացարկվել ապրելու տարրական գործողություններից: Ի վերջո, յուրացված գործիքը` պատառաքաղը, մուրճը, մատիտը, մի մակարդակից մյուսին է անցնում: Երազը` օրվա ուսուցիչն է:
Սակայն աշակերտը հազվագյուտորեն քմահաճ է: Շատ դեպքերում նա չի կարողանում օգտվել իրեն ցուցադրված ձեռքբերումներից կամ թույլ տալ, որ այլք օգտվեն դրանցից: Ինչ շատ են նրանք, ովքեր մեր ետքից այդ փորձի կողքով են անցել: Անարգված, ամոթահար ուսուցիչը մեր կրկնակ-շամանն է:
Այսպիսով, նրանք ինքնամփոփվում են, քանզի երբեմն, խուճապահար ճնշված ցանկությունների մեջ, կա եւ քո երազը պատմելու ցանկությունը: Օ, եթե ժամանակը, հմտությունը եւ խիզախությունը բավեին թեկուզ փոքր-ինչ ճշտելու այն, ինչը մեզ բացվել է: Բայց ահա այն` ժամացույցը, իսկ ահա, մեկ էլ տեսար, եւ գնացքը, գործարանը, գրասենյակը, պարապմունքները համալսարանում` դե լավ, ավելի ուշ, մյուս անգամ` երբեք: Երազը կանգնում է ինքդ առ քեզ տանող ճանապարհին, չէ՞ որ մենք հրաժարվում ենք վերադառնալու այն բանին, ինչը չենք կարողացել պատմել նախօրեին, երեկ չէ առաջին օրը: Իսկ դյութական խաղը, որ շարունակվում է մեր գիտակցության թաքուն անկյուններում, այժմ անօգուտ է: Այն փակել են։ Եվ կողպեքներն ավելի ու ավելի շատանում են:
Արթնանալն ավելի ու ավելի բարդ է, նոր առավոտը` լոկ անխուսափելի դժբախտությունն է, մենք փորձում ենք չպահել ամենաթափանց անորսալի ուրվականները, իսկ դրանցից պաշտպանվելը փույթ չէ` ինչպես` ուժով, սարթությամբ թե մարտնչելով: Ցանկություններ չկան, մնում է միայն վախը:
4. Երազն ու խաղը
Բանն այն է, որ ամեն ինչ պատրաստ է ներքին հանդիսանքին ֆիզիոլոգիական դղյակի խորունկ նկուղներում: Սկզբում մենք քնում ենք մի աչքով, եթե ամեն բան կարգին է, երազն ավելի վարընկեց է լինում: Մենք ընդունում ենք լռության եւ անվրդովության ալիքները, մենք մաքրում ենք յուրաքանչյուր բջիջը, պատրաստվելով ոչ միայն վաղվա օրվան, այլ նաեւ գիշերային տոնախմբությանը: Եթե ամեն ինչ առաջվա պես կարգին է, գինարբուք է սարքվում: Ժամանակ առ ժամանակ մենք հետախույզ ենք ուղարկում` ստուգելու, թե արդյո՞ք մեզ վտանգ չի սպառնում: Մի ակնթարթ մենք բացում ենք աչքներս, ունկ ենք դնում, շրջվում ենք, հոգոց ենք հանում եւ նորից իջնում ենք ներքնատուն, ուր ամեն գիշեր զառախաղը մեզ հնարավորություն է տալիս թեկուզ ինչ-որ ձեւով վերացնելու դիպվածախաղը:
Ինչպիսի հուզավառություն: Կոմպյուտերն արդեն աչքիս շաղվում է: Քնածը մեկ ձգվում է, մեկ քրթմնջում, հետո դարձյալ կենտրոնանում է: Պարզապես ժամանակ է պահանջվում եւ ազատ ժամանակ, որպեսզի մեկը մյուսի ետեւից ուսումնասիրես, ընտրես համակցումները: Այն ամենը, ինչ կուտակված եւ կողմ էր դրված, մասնակիորեն զրկվում է ընտել թաղանթից, մաքրվում է կեղեւից, շրջվում է, շուռումուռ է գալիս, մերկանում է, կրկին հանդերձավորվում, նոր ընկերներ են մոտենում: Սովորաբար դա համարյա ոչինչ չի տալիս, լոկ առօրյա կյանքի խամրած, տաղտկալի տեսիլքները, բայց ահա հանկարծ առավել հետաքրքիր ինչ-որ բան է ծնվում, ահա քո վախը այլ կերպ ապրելու ուրիշ միջոց, այն այլ կերպ շրջելու, այդ պահից ի վեր սյուժեն ամբողջությամբ դարսդարսվում է, աղբից նոր դետալներ են դուրս բերվում, դրանք փորձվում են, փակչում են միմյանց` ուռա, հաղթանակ:
Գիշերային հանդիսանքների մեծ կարգավորողը, մտային իմպրովիզատորը բարձրացնում է կափարիչը այն ստեղների վրա, որ փակված էին օրվա տրտում անհրաժեշտությամբ: Ուշադրություն, բաժանում են հենց առաջին անգամից: Կանաչ մահուդի շուրջ թալկացել են ցանկությունները եւ սեւեռուն գաղափարները, կախված այն բանից, թե ում եւ ինչ խաղաթուղթ է ընկել, որոշվում է կաշառք վերցնել կամ քայլը բաց թողնել: Քեզ, նրան, իսկ սա` մեզ բոլորիս: Մաքուր Ռորշախ:
Երբ երազատեսային կառուցվածքը արդեն սարքված է, նոր խաղաթուղթ է հայտնվում, որի շնորհիվ կարելի է ամեն ինչ վերադասավորել ավելի լավ: Հեռանկարի փոփոխություն, փոխակերպություն: Առավոտյան պատմողը մեզ ասում է. «Եվ այնժամ ես հայտնաբերեցի… Իրականում դա ինչ-որ բան է…»: Կորսված առարկան թանկարժեք դրահմա է, վերադարձած անառակ որդին: Նրա համար, ով հետեւում է ինքն իրեն` մինչեւ եւս մեկ այդպիսի վերադասավորումը, ով կկարողանա օգտագործել ճամփին նետած ցնցոտիները, ողջ նախորդ երազը ոսկե ջիղ կլինի: Երազի ծածկոցները փռվում են մեկը մյուսի վրա, եւ յուրաքանչյուրի վրա նշմարվում են մեր ցանկությունների ինչ-որ այլ ոլորտներ: Մեր պատկերային ցիկլերի շրջումը մեր ներգործուն շինարարական հենարանների եւ հանքարանների վրա հատումներ է անում:
Երբ ստացված համակցումներն արդեն լիովին կիրառելի են մեր խորքերի համար, այն կայունանում եւ դրոշմվում է: Խոսքը ոչ միայն լիովին որոշակի առարկայի մասին է` խաղալիքի կամ գործիքի, այլ աշխարհի ինքնապատկերացման միջոցի մասին: Դրանք մեծ որոշիչ երազներ են, որոնք նոր կրոնների սկիզբն են դնում եւ կործանում են հները: Օրհնված են այն քաղաքակրթությունները, որոնք ժողովված են, որպեսզի դրանց ունկ դնեն: Քանզի որքան ամուր է երազը, այնքան դժվար է եկեղեցուց վտարելը, այնքան քայքայիչ է այդ օտարման դասը, այնքան շատ են ամբարտակի ամրացման համար անհրաժեշտ ծախսերը:
5. Երազն ու աշխարհը
Եթե հաջողվում է դուրս պրծնել` դա առողջացում է: Ահա թե ինչու շատ ժողովուրդների մոտ այն կապված է մարմնի եւ հոգու բուժման հետ: Այսպես, Հին Հունաստանում Ասկլեպիոսի պաշտամունքի հետնորդներն այն բանից հետո, երբ հիվանդը ինչ-որ թուրմ էր ընդունում, նրան ստիպում էին քնել կամ ինչ-որ հիգիենիկ պրոցեդուրաներ կատարել, որոնք նախատեսված էին թեթեւ անցման համար առ ավելի խորունկ քունը եւ ավելի հեշտ դուրս գալու համար երազից, որը հաջորդ օրը խնդրում էին պատմել: Ամեն ինչ արված էր այդ պատումի ընկալման համար, նրան բառեր, պատկերներ էին առաջարկվում, նրա տրամադրության տակ էին երազի տեսակները: Մեծ մասամբ մեր երազներում մենք յուրօրինակ չենք, մենք համարյա թե նույն բաներն ենք տեսնում, փոխարենը` ցերեկային պատմության մեջ` կախված անհատականությունից, հանգամանքներից, տաղանդից, այն տարբեր կերպ է բեկվում: Ստացված նյութից ելնելով, որոշվում էր ախտորոշումը, բուժում էր նշանակվում, եթե դրա կարիքը կար, եթե պատմությունն ինքնին չէր քանդում նյարդային հանգույցը:
Ամբողջովին օրվա պահանջների վրա կենտրոնացած մարմինն իր մեջ զանազան նշաններ է կրում: Նույնիսկ նրանք, ովքեր, ինչպես պնդում են, չափազանց շատ են իրենք իրենց ունկ դնում, այսպես կոչված, կարծեցյալ հիվանդները` խուլ են, նրանք այն չեն ունկնդրում: Ցավով ճչացող բերանի խրոցը կարողանում էին հանել գիշերով, եւ այնժամ խորամանկ հնարքներով ցավն անցնում էր խոսելու արգելքների թանձրաշերտի միջով:
Ո՞ւմ հետ չի պատահել հաջորդ օրը վերապրել այն դրվագը, որ տեսել էր նախօրեին երազում: Օրինակ, մենք հանդիպում ենք մեր ընկերոջը, ում մասին վաղուց արդեն չէինք հիշում, ընդ որում, հենց այն նոր կոստյումով, որով նա մեզ հայտնվել էր երազում: Լրիվ այն տպավորությունն է, թե աշխարհը շուռ է եկել: Նախորդ օրերին նրա վերադարձի հազարավոր նշաններ էին եղել` չի կարելի ասել, թե դրանք իրոք աննկատ էին մնացել` իրականում մի կողմ էին նետվել, որպես տվյալ պահի համար աննշան, բայց կուտակվում էին ինչ-որ պահեստանոցում: Ճաշակների գաղտուկ հետազոտումը տվյալ մարդու հագուստում, դրանց ենթադրելի էվոլյուցիան այս ողջ ընթացքում թաքուն շարունակվում էր, վերոնշյալից երազում թանձրուկ էր գոյացել:
Նույնը վերաբերում է արհավիրքներին, բնական կամ պատմական ցնցումներին: Հայտնություն կամ երազ-պայծառացում` պատկերացնենք, թե ողջ գիշեր ողջ քաղաքը զառանցում է նույն երազով: Մեկի տեսիլը ցույց կտա մնացյալների ուրվագծերը եւ կարթնացնի ննջած, թվում էր թե` հանգած հրաբուխը:
Զառախաղը, որ խաղում է երազը, նման է Տարոյի խաղաթղթերին, գուշակության գաղափարագրերին, որոնցից յուրաքանչյուրը իր մեջ պատմության եւ գիտելիքների վիթխարի բեռ է կրում: Անձնական ատամիկների պտույտը կապված է կայսրությունների եւ լուսատուների պտույտին: Որքան շատ ենք մենք դրանց մասին իմանում: Որքան շատ են մեզ երազվում, այնքան լավ ենք մենք կարողանում դրանք ընթերցել:
Մենք բոլորս մարգարեանում ենք գիշերվա մեջ, բայց խուլ ենք սեփական մարգարեությունների հանդեպ: Հարկ է պայթեցնել բերդապարիսպները, որոնք խանգարում են լսել ինքներս մեզ: Մենք բավականաչափ խորը չենք քնում եւ տառապում ենք դրանից, մենք երազում ենք երազների մասին, որ մեր երազատեսություններից տարբեր կլինեն:
Վաղեմի ցանկություն է` երազը պրոյեկցում է եւս մի երազ: Այսպես, 18-րդ դարի ֆրանսիացի հեղինակի «Ինչպես երջանկություն ձեռք բերել երազների միջոցով» աշխատության մեջ առաջարկվում է Էրվե դե Սեն-Դենիի «Ինչպես դրանց ղեկավարել» գիրքը: Սակայն, եթե նրանց խորհուրդներին հետեւելով` մեզ հաջողվի լիովին մարմնավորել ծրագիրը, որը հղացվել էր նախորդ երեկոյան, մենք կպարփակվեինք ցանկությունների մեջ, որոնք մեզ արդեն չափազանց լավ են հայտնի, այնինչ երազի մեծագույն արժանապատվությունը պարփակված է հենց այն բանում, որպեսզի մեզ թույլ տա նայելու ցանկալի առարկաներին, որոնց մասին նախկինում դույզն-ինչ պատկերացում չունեինք:
Ազդել մեր երազների վրա` կնշանակի` աշխատել դրանք հաղորդելու միջոցների վրա, այսինքն` պատմություններով, նկարներով, ֆիլմերով դրանք դրոշմել, որոնց էվոլյուցիան արդեն իսկ էականորեն փոխել է երազի կանոնները, կնշանակի, դրանք այնպես մշակել, որպեսզի երազում դրանք հնարավոր լինի օգտագործել: Եթե արթնությունից հետո դա ստացվի, ապա երազի թունդ պահին` առավել եւս: Երազի մասին պատմության գրական յուրացումը պետք է մեզ թույլ տա հետզհետե օրինականացնել նրա վիճակը առավել հստակ հասկացություններով, ի վերջո, նրան ընդունված լինելու իրավունք տալ, մեզ օգնելու եւ փրկելու իրավունք տալ:
Երազների բարձրաբերձ հրվանդան` ձգտելով ի վերջո հասնել ծովափին, ավելի հեշտ է փոխել այս աշխարհի կարգը, քան մեր ցանկությունները` գիշերային քամին բացում է ջրարգելակները:
Շարունակելի