Անգլիացի նկարիչ Ֆրենսիս Բեկոնի «Դիմանկարի ուրվագիծը» Լոնդոնի «Christie’s» աճուրդի տանը վաճառվել է 28 միլիոն դոլարով: Այս մասին նշված է աճուրդի տան պաշտոնական կայքում: Գնորդը, սակայն, չի ցանկացել հրապարակել իր անունը: Ի դեպ, նկարի նախնական գինը սահմանվել էր 7 միլիոն դոլար: 1953թ. ստեղծված նկարի վրա պատկերված է մուգ գույնի կոստյումով տղամարդ` նստած Հռոմի պապի գահը հիշեցնող ոսկեզօծ բազկաթոռի վրա: Բեկոնի կտավը դարձել է աճուրդի «Հետպատերազմյան ու ժամանակակից արվեստի» բաժնի թոփ լոտը: Նրա աշխատանքներն առաջին անգամ չեն հետաքրքրություն առաջացնում: Հիշեցնենք, որ 2011թ. փետրվարին նկարչի «Լյուսիեն Ֆրեյդի երեք ուրվագծերը» կտավը վաճառվել է 37 միլիոն դոլարով: Մինչ օրս Բեկոնի ամենաթանկ գնով վաճառված կտավը պատկանում է ռուս գործարար Ռոման Աբրամովիչին: 2008թ. նա կտավի համար վճարել է 86 միլիոն դոլար: