Ապակառուցողական դինամիկա

27/06/2011

«Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպումն իրականում քիչ բանով էր տարբերվում նախագահների նախորդ հանդիպումներից, իսկ հանդիպման ընթացքում էլ չի հաջողվել որեւէ հիմնարար խնդիր լուծել»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Միջազգային ճգնաժամային խմբի Կովկասի ծրագրի տնօրեն Լոուրենս Սքոթ Շիթսը: Անդրադառնալով երեք երկրների նախագահների հայտարարությանը` նա ասել է. «Կազանում ընդունվածը զուտ ֆորմալ հայտարարություն էր: Բովանդակությունը անորոշ էր, այսինքն` ասվում է, թե ինչ-որ առաջընթաց է ձեռք բերվել, սակայն չի հստակեցվում` ինչ առաջընթաց, ինչ ուղղություններով: Կասեի, որ շատ նման է նախորդ հանդիպումներին: Իմ կարծիքով, հանդիպման ընթացքում չի հաջողվել որեւէ հիմնարար խնդիր լուծել»: Ըստ նրա, կազանյան հանդիպման վերաբերյալ կարելի է առանձնացնել այն, որ ղարաբաղյան խնդրի հետ կապված դինամիկան չհաջողվեց բարելավել: «Խաղաղություն չկա, մարդիկ կրակում են, ռազմականացում է ընթանում: Երկու երկրների զանգվածային լրատվամիջոցները, պաշտոնատար անձինք անընդհատ մեղադրում են միմյանց: Այնպես որ, դինամիկան այդպես էլ չհաջողվեց բարելավել, այն բավականին ապակառուցողական է»,- հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի Կովկասի ծրագրի տնօրենը: Ղարաբաղյան խնդրի հեռանկարի մասին խոսելիս Շիթսը շեշտել է, որ «պատերազմը չի կարող խնդրի լուծում լինել եւ կարող է միայն խլել անմեղ շատ մարդկանց կյանք»: