Ուլտիմատում է ուզում

27/06/2011

«Հաշվի առնելով միջնորդների վերջին գործողությունները` կարիք չկա զարմանալու, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ»,- ադրբեջանական 1news.az գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն` մեկնաբանելով Կազանում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: «Միջնորդները ոչ մի անգամ չեն դատապարտել Հայաստանին»,- ասել է նա` դժգոհություն հայտնելով այն առնչությամբ, որ Մինսկի խումբը երբեք ուլտիմատում չի ներկայացրել Երեւանին` պահանջելով դուրս բերել զորքը Լեռնային Ղարաբաղից: «Իսկ Հայաստանը, զգալով այդպիսի լուռ աջակցություն, գնալով ավելի է կոշտացնում իր դիրքորոշումը»,- ասել է նա: Գուլուզադեն ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ անցած շաբաթ Ռուսաստանում օրենք է ընդունվել այն մասին, որ Գյումրիի ռուսական ռազմաբազայից զենքի մի մասը կարող է փոխանցվել Հայաստանին: Նա ընդգծել է, որ երկրորդ համանախագահը` ԱՄՆ-ը, շարունակում է ֆինանսավորել Հայաստանին, իսկ երրորդը` Ֆրանսիան, արդեն նրան անվանում է «քույր երկիր»: Այս ամենը, ըստ Գուլուզադեի, անկասկած, Հայաստանին վստահություն է ներշնչում: