«Կազանի գլխավոր արդյունքն այն էր, որ ԼՂ հարցի բանակցային գործընթացում ավարտվում է արհեստական լավատեսությունների շրջանը»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Ըստ նրա` արհեստական լավատեսությունների այդ շրջանը սկսվել էր դեռեւս 2006 թ.` Ռամբույեի բանակցություններից առաջ, երբ միջնորդները պաշտոնապես նույնիսկ ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ փաստաթղթի ստորագրման ժամկետներ էին նշում` 6 շաբաթ, այնուհետեւ` 3 ամիս, եւ այլն: Որպես Կազանի բանակցությունների մյուս կարեւոր արդյունք` Ս. Գրիգորյանը նշել է բանակցությունների կարեւորության գիտակցումը: «Արդյունք չկա, եւ դա մեծ ու լուրջ արդյունք է: Արդյունքն այն է, որ պետք է բանակցել, ոչ թե պատերազմել»։ Նա հավելել է, որ Կազանում եւս մեկ անգամ շեշտվեց Մինսկի խմբի կարեւորությունը: Հարցին, թե ինչպես է գնահատում պատերազմի հավանականությունը, Ս. Գրիգորյանը պատասխանել է, թե Կազանից հետո պատերազմի հավանականությունը չի մեծացել: