«Մենք հոգնել ենք պատերազմներից, քաղաքական սպանություններից, որի ականատեսը եղանք խորհրդարանում: Հեղափոխական ճանապարհն ավելի շատ ցնցում է մեր հասարակությունը, սերմանում է ատելություն, փոխադարձ անվստահություն եւ չի բերում համերաշխություն: Դա նշանակում է, որ ինքներս` նաեւ իշխանությունները, վերափոխվելով պետք է գնանք առաջ: Սա ավելի էվոլյուցիոն զարգացման ճանապարհ է, բայց կայուն եւ առանց ցնցումների առաջ գնալու ճանապարհ է»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ տարիներ շարունակ բարեփոխումների մասին նրա կողմից հնչող հայտարարություններն իրականություն չեն դառնում: Տ.Սարգսյանը լրագրողների հետ մենաշնորհներին եւ կոռուպցիային վերաբերող զրույցների ժամանակ հաճախ է խնդրում մամուլի օգնությունը: Արդյո՞ք այս երեւույթների դեմ պայքարելու հարցում նա անզոր է եւ դիմադրություն է զգում իշխանության ներսից, այդ պատճառով էլ մերժում է «հեղափոխական ճանապարհը»: Չհերքելով այս դիտարկումը` նա պատասխանել է. «Առանց հասարակության օգնության ոչ մի փոփոխություն իր տրամաբանական ավարտին չի հասնի, որովհետեւ, եթե մենք ուզում ենք, որ կոռուպցիա չլինի, հասարակությունը պետք է դրան դեմ լինի»: «Հասարակության օգնություն» ասվածն այն իշխանությունն է, որն, ի թիվս այլ պաշտոնյաների, Տ. Սարգսյանը «ըմբոշխնում է» արդեն ավելի քան երեք ու կես տարի: Նրա այս հայտարարություններից ստացվում է, որ դեռ մի բան էլ հասարակությունն է մեղավոր, որ իրենց լավ չի օգնում: Թե ինչպես կարձագանքեն հասարակության անդամները Տ. Սարգսյանի այս դատողություններին, դժվար չէ պատկերացնել այնքան, որքան դժվար է դրանք ներկայացնել ոսկեղենիկ մայրենիով: