«Երկխոսության գործընթացի մասին Սերժ Սարգսյանի անդրադարձը ոչ ամենալղոզվածն էր, ոչ էլ ամենակոշտը,- Tert.am-ին ասել է ՀԱԿ անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` մանրամասնելով,- Ընդհանուր առմամբ` ես կարող եմ ասել, որ ՀԱԿ-ը, իշխանության կողմից ինչպիսի մոտեցումներ էլ լինեին, նույնիսկ ամենաանհավանականները, քննարկել է, որովհետեւ շատ մեծ կուսակցությունների դաշտ է, եւ չկան հարցեր, որ կարող են առաջանալ լրագրողական դաշտում ու մեր քաղխորհրդում չեն առաջանում: Այդ հարցերն առաջանում են, քննարկվում են, եւ դրանց համապատասխան մոտեցումներ գտնվում են: Ես այդ տարբերակների մեջ եղած պատասխանը չեմ համարում ամենակոշտը կամ ամենալզողվածը, կարող էր ավելի լղոզված պատասխան տալ, մի քիչ եզրեր դեռ թողել է»,- ասել է նա` շեշտելով, թե դա իր անձնական կարծիքն է, եւ Ս. Սարգսյանի անդրադարձի մասին Կոնգրեսի պատասխանը կհնչի ՀԱԿ-ի` հունիսի 30-ին կայանալիք հանրահավաքում: Նրա համոզմամբ, երկխոսության թեմային Հայաստանի նախագահն առաջիկայում կրկին կանդրադառնա: «Համենայն դեպս ես համարում եմ, որ երկխոսության համար դեռ ժամանակ կա, եւ ժամանակ կա դեռ այդ թեմային անդրադառնալու, եւ կարծում եմ` Սերժ Սարգսյանն այդ թեմային նորից է անդրադառնալու»,- հայտարարել է Արամ Սարգսյանը: