«Կազանի հանդիպումը եւս մեկ անգամ ցույց տվեց` գործընթացն ունի համակարգային խնդիրներ»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Զաքարյանը: Նա նշել է, թե համոզված էր, որ հունիսի 24-ին ոչ մի լուրջ փաստաթուղթ չէր ստորագրվի: «Որպեսզի այս գործընթացն արդյունք տա, անհրաժեշտ է ԼՂ-ի մասնակցությունը այդ գործընթացին, մասնակցությունը բոլոր փուլերին` առաջինից մինչեւ վերջին փուլ: Այն իրավիճակում, երբ Ադրբեջանը հայտարարում է, որ զիջելու բան չունի, միայն մի ելք է մնում` միջազգային հանրությունը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ինչից հետո բանակցային սեղանի շուրջ պետք է նստեն Ղարաբաղն ու Ադրբեջանը. սա է խնդրի միակ լուծումը»,- ասել է նա: Անդրադառնալով Կազանի հանդիպման ձախողումից հետո հատկապես օտարերկրյա քաղաքագետների կողմից ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին հայտարարություններին, Զաքարյանն ասել է, որ չնայած այսօր Ադրբեջանը պատրաստ չէ լայնածավալ պատերազմի, սակայն այն պարագայում, երբ Ադրբեջանի իշխանությունները, երկրի նախագահը պարբերաբար սպառնում են խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, նման ռազմատենչ հայտարարություններով «զոմբիացնում են» սեփական բնակչությանը, ռազմական գործողությունները ադրբեջանական բանակի կողմից չեն բացառվում: