Մեդվեդեւը հիասթափված է

27/06/2011

«Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այնքան հիասթափված է կազանյան գագաթաժողովի արդյունքներից, որ պատրաստ է դադարեցնել իր միջնորդական առաքելությունը»,- նման տեղեկություն է հրապարակել ռուսական «Կոմերսանտ» թերթը` նշելով, որ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հաջորդ հանդիպումը Մեդվեդեւը կարող է կազմակերպել միայն այն պայմանով, որ դրանում վերջապես Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ստորագրեն կարգավորման հիմնարար սկզբունքների մասին փաստաթուղթը: Ըստ «Կոմերսանտի», կազանյան գագաթաժողովը անարդյունք անցավ` չնայած միջազգային աննախադեպ ճնշմանը, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին անձամբ զանգահարեցին ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները, որպեսզի վերջիններիս համոզեն ստորագրել կարգավորման հիմնարար սկզբունքների մասին փաստաթուղթը: «Չնայած Բաքուն եւ Երեւանը հայտարարում են, թե պատրաստ են շարունակել բանակցությունները, նրանց միջեւ երկխոսության հարցը կազանյան գագաթաժողովի տապալումից հետո հարցականի տակ է»,- գրել է «Կոմերսանտը» եւ, վկայակոչելով իր աղբյուրին` բանակցային գործընթացին մասնակցող մի դիվանագետի, ավելացրել, որ Կազանում անսպասելիորեն կողմերի միջեւ ի հայտ են եկել տարաձայնություններ, որոնք միջնորդները վաղուց համարում էին լուծված: «Այնտեղ կան ինչպես տեխնիկական, այնպես էլ էական բնույթի հարցեր, ինչպես, օրինակ` Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակի որոշումը: Սակայն խնդիրը նույնիսկ ոչ այնքան տարաձայնություններն են, որքան այն, որ կողմերը մի քանի անգամ փոխեցին իրենց դիրքորոշումները: Իսկ այդպես չի կարելի»,- ասել է «Կոմերսանտի» աղբյուրը: Ըստ թերթի, կազանյան հանդիպման ձախողումը կարող է անմիջական հետեւանքներ ունենալ Մեդվեդեւի խաղաղասիրական միջնորդության վրա, որը Հայաստանին եւ Ադրբեջանին փորձում է հաշտեցնել 2009թ. աշնանից սկսած եւ արդեն ինը հանդիպում է կազմակերպել այդ ուղղությամբ: «Եթե մոտ ապագայում Ադրբեջանն ու Հայաստանը պատրաստակամություն չցուցաբերեն լուծելու կուտակված խնդիրները, մենք կհամարենք, որ միջնորդական այս առաքելությունն ավարտված է: Ավելին, Մեդվեդեւը հակամարտության կողմերին ըստ էության վերջնագիր է ներկայացրել` հաջորդ հանդիպումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե կողմերն այնտեղ ստորագրեն Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ պատրաստված փաստաթուղթը»,- ասել է «Կոմերսանտի» անանուն աղբյուրը: