Եթե երեւանյան շուկաներում «Նազըրվան» տեսակի վարունգի 1 կգ-ն վաճառվում է 80-110 դրամով, ապա գյուղացիները վերավաճառողներին այն հանձնում են 10 դրամով:
«Ու որ ասում ենք՝ 10 դրամ, չէ՞, հարցնում են՝ ապե, վերջին գինն ա՞: Թե դրանից էն կողմ ինչքա՞ն պիտի գինն իջեցնենք, չգիտեմ»,- մեզ հետ զրույցում բողոքում էին Արմավիրի մարզի Լենուղի գյուղի բնակիչները: Գյուղի ծառուղիներում, տան բակերում կարելի է տեսնել բանջարեղենը վաճառքի հանած գյուղացիներին: Վերջիններս բերքը վաճառում են ավտոմեքենաներում՝ սպասելով առաջին գնորդներին: «Ժամը 8-ից էստեղ կանգնած եմ: Գալիս-նայում են, հետո նենց գներ են ասում… Ու չեն էլ պատկերացնում, թե ինչ ծախսեր ենք անում էդ բերքի համար»,- նեղսրտում են գյուղացիները: Նրանց փոխանցմամբ՝ պոմիդորը վաճառում են` 150, առավելագույնը՝ 170 դրամով, դդմիկը (կաբաչկա)` 20-30 դրամով, սմբուկը՝ 400, առավելագույնը՝ 500 դրամով, տաքդեղը՝ 100-200, կաղամբը՝ 10-30 դրամով: «Բայց դե գիտենք, թե քաղաքում ի՞նչ գներ են դնում: Գալիս են մեզնից էժան-էժան վերցնում, տանում հոր գները դնում»,- զայրացած ասացին Լենուղու բնակիչները: Իսկ քաղաքում այդ նույն գյուղմթերքը վերավաճառվում է անհամեմատ բարձր գներով, օրինակ, կաղամբի 1 կգ-ն 100 դրամ է, սմբուկինը` 1000-1100, դդմիկինը՝ 100, լոլիկինը՝ 250-350, տաքդեղինը՝ 450 դրամ: «Ծախսը շատ ա: Սերմի հատը 50 դրամով ենք առնում, ամեն կիլոյի համար ցելոֆան ենք առնում: Ցելոֆանի 1 կիլոն 1200 դրամ ա դառել: Կոնկրետ ես 500.000 դրամի ցելոֆան եմ առել»,- նշեց գյուղի բնակիչներից Էդգարը: Գյուղացիների ասելով՝ այս տարի վաճառքի գներն ավելի էժան են, քան նախորդ տարի էր: Ըստ նրանց՝ նախորդ տարի այս ժամանակ պոմիդորը հանձնում էին 200 դրամով, մինչդեռ այս տարի գները նվազել են: Ընդ որում՝ գյուղացիներից շատերը խուսափում են գործ ունենալ գործարանների հետ, քանի որ, ըստ նրանց, գործարանների սեփականատերերն իրենց խաբում են: «Գործարաններից գալիս են 20 դրամով են ուզում պոմիդորը: Իրանք հիմնականում դաշտի պոմիդոր են տանում, ջերմոցինը թանկ ա, իրենց ձեռք չի տալիս: Նախորդ ամառ դաշտի պոմիդորը 30 դրամով էինք հանձնում, դե էս տարի էլ՝ ձրի ա լինելու, կամ էլ մենք պիտի փող տանք, որ մեր պոմիդորը հանդից տանեն»,- նշեցին պոմիդորի մշակմամբ զբաղվող գյուղացիները, ովքեր վաղուց ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ հույսեր չեն կապում: Ավելին՝ բանջարեղենի էժանացմանը զուգահեռ` թանկացել է պարարտանյութը: Եթե նախորդ տարի գյուղացին 1 պարկ պարարտանյութը գնում էր 7500 դրամով, ապա այս տարի այն դարձել է 9000 դրամ: «Գյուղնախարարը պիտի գա հող մշակի: Նույն նախարարն առաջ Արտաշատի զավոդի դիրեկտորն էր: Տարիներով փող չեն տալիս: Բերքը տանում-հանձնում ես, փողը մի տարի հետո են տալիս»,- ասաց գյուղի բնակիչներից Արթուրը: Գյուղացիներն այսօր հումորով են ընդունում ընդհանրապես ՀՀ կառավարության որոշումները: Օրինակ, գյուղացիների համար բարձր տրամադրության գրավականն է դարձել գյուղնախարար Սերգո Կարապետյանի այն միտքը, թե գյուղատնտեսության նախարարությունում պետք է քահանա պահել՝ հողերն օրհնելու համար: «Բա հիմի էդ տերտերին ո՞նց բերենք, որ առավոտվանից էստեղ դրած ապրանքս ծախեմ, գնամ տուն»,- հեգնում էին նրանք: Հարցին, թե ինչո՞ւ չեն իրենք վաճառում իրենց բերքը քաղաքում, Լենուղու բնակիչները պատասխանեցին, որ նախորդ տարի փորձում էին Մալաթիա շուկայի «բիրիքանոցում» վաճառել, բայց այս տարի խնդիրները շատացել են, գյուղացիներին տեղ գրեթե չեն հատկացնում: «Իրանք թիզերով են չափում: 3 թիզ տեղ են տալիս, ավտոյիդ դուռը բացում ես՝ փող են ուզում, ամեն ինչի համար փող են ուզում: Վաաբշե ձեռք չի տալիս հող մշակելը: Սկում ենք՝ մի այլ ձեւի: Մի միլիոն դնում ենք վրեն, 700.000` վեկալում: «Ուժեղ» եկամուտ ա»,- դժգոհում էին գյուղացիները, որոնց փոխանցմամբ՝ իրենց այլ ելք չի մնում, քան հեռանալ երկրից:
Մեկ տարվա ընթացքում Լենուղուց Ռուսաստան է արտագաղթել մոտ 500 բնակիչ, եւս 50-ը պատրաստվում է գնալ: Գյուղում բավական ակտիվորեն գործում է Ռուսաստանի հյուսիսային երկրամասերում հաստատվելու, ավելի ճիշտ՝ Հայաստանի հայաթափման ծրագիրը: Ծրագրին դիմում են այլընտրանք որոնող գյուղացիները, ովքեր նաեւ մեծ աշխատուժ ունեն: Ի դեպ, դա ծրագրի կարեւորագույն դրույթներից է: Գյուղում մեզ հանդիպած զրուցակիցներից շատերը նշում էին, թե իրենք եւս պատրաստվում են հարեւանի օրինակին դիմել՝ գնալ Կրասնոդար կամ Ստավրոպոլ: «Գոնե էնտեղ մարդավարի կապրենք, գոնե էնտեղ մեր մասին մտածող կլինի: Գիտե՜ք՝ ինչ պայմաններ են առաջարկում»,- հիացած պատմում էին գյուղացիները: Ընդ որում՝ ցավալի էր հատկապես այն հանգամանքը, որ այսպիսի կարծիք ունեին գյուղի երիտասարդները, ովքեր, ինչպես շատերը, այլեւս հոգնել են մեր երկրի իշխանություններից ու նրանց տված խոստումներից: Էջմիածնից 6 կմ հեռավորության վրա գտնվող այս գյուղը մարզում հայտնի է իբրեւ ամենաշատ վարկեր վերցրած գյուղ: Գյուղի բնակիչները գյուղը կատակով անվանում են «վարկաշեն»: «Մեր գյուղը մի հատ սեփական բանկ ունի: Գյուղի վարկերի պարտքերը 10 միլիոն դոլարից անցել են: Ասենք, որ բանկի անունն էլ «Հայգյուղփողբանկ» ա, որը ստեղծվել ա իբր թե գյուղացու համար»,- նշեցին գյուղի բնակիչները: Նրանց փոխանցմամբ՝ բանկերն անընդհատ գովազդում են գյուղատնտեսական վարկերի պայմանները, բայց դրանք չեն համապատասխանում իրականությանը: «Գյուղատնտեսական վարկերը մի ամիս էին տվել: Էն էլ 5 հոգու տվին, վերջացավ: Ինչի՞ վերջացավ, որովհետեւ էդ վարկերի 4 տոկոսը կառավարությունն էր տալիս, իսկ էնպես` 24% ա»,- ասացին գյուղի մշակույթի ակումբի դիմաց հավաքված տղամարդիկ: «Էս պետության հույսին մնալ չի կարելի: Գյուղում զատ չի մնացել: Երեւի էս Հայաստանում կմնան երեւանցիները, իրենք էլ, վայ թե, քիչ-քիչ կախվեն»,- ասաց գյուղացիներից Արտուշը: Վերջինիս ասելով՝ այս սեզոնին ինքն արդեն 2 տոննա վարունգ է թափել, իսկ մնացած մասն էլ չի հավաքել, որովհետեւ վարունգ հավաքող բանվորներին ավելի շատ է վճարում, քան իր ստացած օգուտն է: Իրականում այս խնդրի առաջ կանգնել են նաեւ մյուս գյուղացիները, ովքեր պատրաստ են 10 դրամով վարունգ հանձնել՝ միայն թե չհասնել գյուղի այն ամայի տարածքը, որտեղ տոննաներով, ըստ նրանց, բանջարեղենը թափում են:
Ի դեպ, գյուղմթերքի գների տարբերության մասին մենք փորձեցինք տեղեկատվություն ստանալ նաեւ ՀՀ գյուղնախարարությունից, որտեղ, ինչպես միշտ, զարմացան՝ չհավատալով, որ գյուղացին, օրինակ, վարունգը հանձնում է 10 դրամով: Նախարարությունը սովոր է միայն մեկ պատասխան տալ` «Հարցն ուղարկեք գրավոր տարբերակով»: Իսկ մինչեւ նրանք գրավոր հարցին գրավոր պատասխան գրեն, գյուղացու բերքը կգրվի «ասֆալտին»: